«Այցելենք» 1975 թվականի Հայաստանը - Mediamax.am

exclusive
11929 դիտում

«Այցելենք» 1975 թվականի Հայաստանը



Պատահաբար ինձ մոտ հայտնվեցին լուսանկարներ, որոնք 1975 թվականին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից ժամանած Գերհարդ անունով զբոսաշրջիկը արել էր Խորհրդային Հայաստանում: Առաջարկում եմ կարճ ճանապարհորդություն ունենալ դեպի 1975 թվական, իսկ այդ թվականն ավելի լավ զգալու համար կարդացեք Մեդիամաքսի Հայկական Կարմիր նախագծի 1975 թվականի մասին պատմող գլխում:

 

1975 թվականին ես դեռ չէի ծնվել, սակայն այս վայրը շատ լավ գիտեմ. հարեւանությամբ տատիկիս տունն էր:

 

Թումանյան փողոցի այն հատվածն է, որը հատվում է Նալբանդյան փողոցի հետ: Ձախ մասում Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանն է, որը կադրում չի տեղավորվել: Աջ մասում ժամացույցների վերանորոգման հայտնի սրահն է, որի հարեւանությամբ էլ՝ ոչ պակաս հայտնի «Հազար ու մի մանրուք» խանութը:

 

Ուշադրություն դարձրեք փողոցի լուսավորության համակարգին: Լապտերներն ամրացված են վերեւի հատվածում, փողոցի երկայնքով շարված բարձրադիր լապտերներ չկան:

 

Տրոլեյբուսի կանգառն է՝ Նալբանդյան փողոցի վրա, Լենինի (հիմա՝ Հանրապետության) հրապարակի մոտ: Դատելով մարդկանց հագուստից՝ զբոսաշրջիկը Հայաստան էր եկել վաղ գարնանը կամ ուշ աշնանը:

 

Հրապարակի շատրվանների մոտ կայանված են զբոսաշրջիկներին սպասարկող ավտոբուսները: Օտարերկրյա զբոսաշրջիկներն այն տարիներին, հիմնականում բնակվում էին կադրում երեւացող «Արմենիա» հյուրանոցում, որը գործում էր «Ինտուրիստի» համակարգում:

 

Այս լուսանկարն արված է հենց «Արմենիա» հյուրանոցի պատուհանից կամ պատշգամբից: Ուշադրություն դարձրեք, որ մետրոյի հարեւանությամբ առայժմ կառուցված չէ կառավարական շենքերի նոր համալիրը:

 

Այս նկարում միանգամից երկու շինարարություն ենք տեսնում. «Երիտասարդական» հյուրանոցը, որը գրեթե պատրաստ է եւ Պոլիտեխնիկական ինստիտուտի նոր մասնաշենքերը:

 

Երեւանի նոր հեռուստաաշտարակի շինարարությունը դեռ ընթացքում է՝ այն մեկնարկել էր 1974-ին եւ ավարտվել 1977-ին։

 

Սեւանավանքն է՝ զբոսաշրջիկների այցելության պարտադիր վայրերից մեկը: Կարող ենք ենթադրել, որ այցի ընթացքում լուսանկարի հեղինակը նաեւ իսկական Սեւանի իշխան է համտեսել:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեկ այլ must see (պարտադիր տեսնելու) վայր էր զբոսաշրջիկների համար:

 

Կարդացեք նաեւ.

 

https://sovietarmenia.mediamax.am/story/10

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին