«Իզմիրլյան» հիմնադրամն ամփոփել է 2021 թվականի արդյունքները - Mediamax.am

1857 դիտում

«Իզմիրլյան» հիմնադրամն ամփոփել է 2021 թվականի արդյունքները


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: «Իզմիրլյան» հիմնադրամն ամփոփել է 2021 թվականին իրականացված ծրագրերի առանցքային արդյունքները:

«Իզմիրլյան» հիմնադրամն իրականացնում է տարբեր նախաձեռնություններ կրթության, առողջապահության, տնտեսության զարգացման, սոցիալական բարեկեցության ապահովման, մարդասիրական օգնության, նորարարության, հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում, որոնք ուղղված են հիմնադրամի առաքելությանը` աջակցել ազգապահպանության գործին:

 

«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի միջոցով շահառուները ստանում են կարճաժամկետ և երկարաժամկետ օժանդակություն, այդ թվում` ուղղված պարենային ապահովության, առողջապահության, գիտելիքների և հմտությունների, կրթության հասանելիության, սանիտարահիգիենիկ և կենսական պայմանների բարելավմանը, COVID-19-ի փոխանցման կանխարգելմանը և բուժմանը, ինչպես նաև տնտեսական հնարավորությունների, խոցելի բնակչության և հատուկ կարիքներով երեխաների աջակցության, գյուղատնտեսության զարգացման և այլ բնագավառներում:

 

Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեության մեկնարկից ի վեր իրականացված ծրագրերից օգտվել է ընդհանուր առմամբ մի քանի հարյուր հազար կարիքավոր անձ:

 

Միայն 2021 թվականին շուրջ 25 000 անապահով անձ օգտվել է հիմնադրամի 15 ծրագրերից, որոնք իրականացվել են Հայաստանի 6 մարզերում, Երևանում և Արցախում, ինչը մոտ 18 տոկոսով գերազանցում է ծրագրված ցուցանիշը: 2021 թվականին կրթության, առողջապահության, սոցիալական բարեկեցության և այլ ոլորտներում հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումներն են.

 

Առողջապահություն

 

-    «Իզմիրլյան» հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Հայաստանից և Արցախից ընդհանուր առմամբ 435 անապահով անձ անվճար առողջապահական ծառայություններ է ստացել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

-    «Իզմիրլյան» հիմնադրամը անհետաձգելի առողջապահական ծառայություններ է տրամադրել 57 սիրիահայերի, լիբանանահայերի և իրաքահայերի, որոնք իրենց երկրներում ճգնաժամի հետևանքով ապաստանել են Հայաստանում:

-    Արցախյան հակամարտության ընթացքում 203 վիրավոր զինվոր և սպա անվճար բուժօգնություն է ստացել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

-    ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անվճար առողջապահական ծառայություններ է ստացել Արցախից տեղահանված 175 մարդ։

 

Կրթություն և նորարարություն

 

-    «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպության հետ համատեղ իրականացված կրթական ծրագրերի միջոցով Հայաստանի և Արցախի հեռավոր ու սահմանամերձ համայնքների 367 դպրոցականների համար բարելավվել է կրթության որակը:

-    Հայաստանում և Արցախում շուրջ 155 երեխայի ընձեռվել է նախադպրոցական և դպրոցական կրթության հնարավորություն՝ Արցախի և Հայաստանի կառավարությունների հետ համագործակցության արդյունքում սոցիալական ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանն աջակցելու միջոցով:

 

Սոցիալական ապահովություն

 

-    Մարի Իզմիրլյանի անվան մանկատան` հաշմանդամություն ունեցող ավելի քան 80 երեխաների համար բարելավվել է ներառական խաղահրապարակի հասանելիությունը:

-    Հատուկ կարիքներով և հաշմանդամություն ունեցող ավելի քան 822 երեխա և նրանց ծնողները օգտվել են Իզմիրլյան հիմնադրամի փոքր դրամաշնորհային տարբեր նախաձեռնություններից, ինչը նրանց հնարավորություն է տվել օգտվել օժանդակ և հարմարեցված գույքից ու կահույքից` նպաստելով տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, սոցիալական ներառմանը, կենսական հմտությունների բարելավմանը և այլն:

 

Մարդասիրական օգնություն

 

-    «Իզմիրլյան» հիմնադրամը բարելավել է COVID-19-ից և (կամ) 2020 թվականի Արցախյան պատերազմից տուժած 18,238 խոցելի անձանց պարենային ապահովությունը` տրամադրելով մարդասիրական օգնություն և հոգալով սննդի հրատապ կարիքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին