COAF-ն ու GIZ-ը համատեղում են ջանքերը՝ Լոռու ներուժը բացահայտելու համար - Mediamax.am

exclusive
5206 դիտում

COAF-ն ու GIZ-ը համատեղում են ջանքերը՝ Լոռու ներուժը բացահայտելու համար


Լուսանկարը` COAF

Կորյուն Խաչատուրյանն ու Վիլհելմ Հուգոն
Կորյուն Խաչատուրյանն ու Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF


Գեղեցիկ բնություն, մշակութային կառույցներ, կոլորիտային գյուղեր, հյուրասեր տեղացիներ. սրանք բաղադրիչներ են, որոնք կարող են գրավել ու երկիր բերել զբոսաշրջիկին: Հայաստանի Լոռու մարզում այս ամենը կա, բայց զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովելու համար ենթակառուցվածքներ են պետք՝ կահավորված ճանապարհներ, ժամանցի տարբերակներ, գիշերակացի հնարավորություն:

 

Այս նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) համագործակցությամբ մեկնարկել է մարզի զբոսաշրջային ներուժը զարգացնող ծրագիր:

 

ՀԱՄԱգործակցությունը

 

COAF-ը վերջին տարիներին ակտիվ աշխատում է Լոռու մարզում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի խոսքով՝ նախկինում կատարված աշխատանքը հիմք է ծառայում նոր, առավել մասշտաբային ծրագրի համար:

 

«Արդեն ստեղծել ենք Դեբեդի կիրճը զբոսաշրջիկներին ներկայացնող կայքը, արել ենք մարքեթինգային արշավներ, կարողությունների զարգացման դասընթացներ ենք անցկացրել, գործում է մեր այցելուների կենտրոնը. ինչո՞ւ չմեծացնել այս ամենի ծավալներն ու մարքեթինգային աշխատանք չտանել, օրինակ՝ Թբիլիսիում, որպեսզի այնտեղ եկող զբոսաշրջիկին պատմենք Լոռիի մասին ու բերենք Լոռի», - ասում է Կորյուն Խաչատուրյանը:

 

Նա նշում է՝ իրենց ծրագիրը գործընկերներին դուր է եկել ու վստահելի թվացել, քանի որ խոսքից բացի արդեն իսկ կա կատարված աշխատանք.

 

«Արդեն ունենք ենթակառուցվածքներ, որոնք ավելացնելու ենք: Ընդլայնելու ենք այցելուների կենտրոնի կարողությունները, մատուցվող ծառայությունները: Ուզում ենք այցելուների կենտրոնում հայքինգի ու բայքինգի համար անհրաժեշտ գույքն ունենալ՝ վարձակալելու հնարավորությամբ: Զրոյից չենք սկսում եւ, միանշանակ, ծրագրի ավարտից հետո այդ ամենը չենք թողնելու ինքնահոսի, անընդհատ հետեւելու ու կատարելագործելու ենք», - ասում է COAF-ի գործադիր տնօրենը:

 

GIZ-ի հետ համագործակցությունը, Կորյուն Խաչատուրյանի խոսքով, իսկապես ջանքերի, ֆինանսների երկկողմանի ներդրմամբ է տեղի ունենում.

 

«Երբ հայերս ասում ենք համագործակցություն, հաճախ «համա» մասնիկն այնքան էլ իրական չի լինում: Այստեղ բառացի է՝ 300 հազար եվրոյի ներդրում կատարվել է ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի միջոցով, 300 հազար եվրո ներդրել ենք մենք»:  

Կորյուն Խաչատուրյանն ու Վիլհելմ Հուգոն Կորյուն Խաչատուրյանն ու Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` COAF

«Նախաձեռնությունը մեզ միանգամից դուր եկավ, քանի որ կարծում ենք`Լոռին ու այդ տարածաշրջանն առհասարակ, զբոսաշրջության զարգացման հսկայական ներուժ ունեն», - ասում է ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

 

«COAF SMART կենտրոնը գյուղական բնակավայրերում ապրող սերնդին կրթության միջոցով առաջընթացի հնարավորություն է տալիս, ինչն օգտակար է մարդկանց, հասարակության ու ընդհանրապես միջավայրի համար: Այս մոտեցումը համապատասխանում է մեր ծրագրի նպատակներին, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ BMZ-ի կողմից եւ իրականացվում GIZ-ի կողմից: Ցանկանում ենք աջակցել Լոռիում նշված էկոհամակարգի շուրջ բարձրորակ, բազմակողմանի, նորարար եւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված զբոսաշրջային ենթակառուցվածքի կառուցմանը, ինչը կնպաստի այնտեղ զբոսաշրջության առաջարկի զարգացմանը»:

 

Ինչ է ստեղծվելու Լոռիում

 

«Ուզում ենք Հայաստանի զբոսաշրջային վայրերը տարբերվեն նրանից, ինչ կա այսօր: Հիմա ունենք կա՛մ պատմամշակութային կոթողներ, կա՛մ բնություն: Հայաստանը, որպես զբոսաշրջային ուղղություն, «վաճառելու կետերը» հիմնականում այս երկուսն են: Քիչ են տեղերը, որոնք իսկապես յուրահատուկ, եզակի են», - ասում է Կորյուն Խաչատուրյանը:

 

«Նախկինում պատմական, կրոնական զբոսաշրջությունը՝ հատկապես եվրոպացի զբոսաշրջիկների համար, ամենագրավիչ ու կարևոր ուղղություններից էր։ Դա, իհարկե, լավ է։ Այս ուղղությունները պետք է շարունակել, սակայն հիմա միայն այդքանը բավարար չէ։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք զբոսաշրջային արտադրանքը, պետք է ունենանք առաջարկ ամբողջ ընտանիքի համար», - նշում է Վիլհելմ Հուգոն։  

 

Մեկնարկած ծրագրով նախատեսվում է Դեբեդի կիրճի երկայնքով ստեղծել ժամանցի բազմաբնույթ տարբերակներ՝ Վանաձորից մինչեւ Վրաստանի սահման ճանապարհահատվածը հագեցնելով հետաքրքիր կանգառներով:

Լուսանկարը` COAF

«Առաջին յուրօրինակ կառույցը կլինի ապակեպատ դիտակետը՝ Դեբեդի կիրճի վրա, որը հնարավորություն կտա վերեւից հիանալ տեսարանով: Երկրորդ՝ նախատեսում ենք ժամանակակից արվեստի ու ճարտարապետության համադրությամբ ունենալ ինստալյացիաներ: Դրանք կտեղակայվեն կիրճի երկայնքով ու կունենան հատուկ թեմատիկա: Դեբեդի կիրճը, Դսեղն ու Լոռին առհասարակ, շատ թումանյանական են, ցանկանում ենք լինի հենց այդ՝ հեքիաթների աշխարհի թեմատիկան», - ասում է Կորյուն Խաչատուրյանը:

 

Ծրագրով նախատեսվում է Լոռիում զարգացնել նաեւ էքստրեմալ զբոսաշրջությունը.

 

«Արդեն որոշ չափով ունենք ռաֆթինգ, ցանկանում ենք կիրճի երկայնքով ունենալ հայքինգի, բայքինգի երթուղիներ: Լոռու մարզ հասնելու համար Երեւանից մոտավորապես 2,5-3 ժամ պետք է քշել: Ուզում ենք այդ ամբողջ ճանապարհը հագեցած լինի հետաքրքիր, յուրահատուկ կանգառներով, որպեսզի մարդը չգնա Լոռի պարզապես մեկ մշակութային կոթող տեսնելու ու վերադառնալու: Սա իսկապես կարող է վանող լինել զբոսաշրջիկի համար՝ «լավ արժի՞ ես 3 ժամ քշեմ, բավականին կարճ ժամանակ շրջեմ, օրինակ՝ Սանահինում, ու վերադառնամ»: Շրջակայքում պետք է բազմաթիվ այլ զբաղմունքներ առաջարկվեն», - ասում է COAF-ի գործադիր տնօրենը:

 

Կայուն ու լավ վարձատրվող աշխատանք տեղացիների համար

 

«Զբոսաշրջիկին գրավելու համար երեք հիմնական բաղադրիչ պիտի ապահովել», - ասում է Կորյուն Խաչատուրյանը:

 

«Առաջինը մարքեթինգն է, որ մարդիկ ճանաչեն ու ցանկանան գալ տվյալ վայր: Այս ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել: Շատ ենք աշխատելու թվային մարքեթինգի ուղղությամբ՝ սոցցանցերով, կայքով, հավելվածներով ամեն տեղ հասանելիություն է լինելու: Ունենալու ենք բազմաթիվ բլոգեր, վլոգեր: Առաջին բաղադրիչն իրականացնելուց՝ մարդկանց բերելուց հետո, պետք է իրականացնես տվածդ խոստումներն ու ապահովես ծառայությունների բարձրակարգ մատուցում: Այս նպատակով է, որ COAF այցելուների կենտրոնում արդեն սկսել ենք ինֆորմացիոն միասնական կենտրոնի շինարարությունը, որտեղ հնարավոր կլինի տեղեկանալ ժամանցի բոլոր տարբերակների մասին, գտնել զբոսաշրջային քարտեզներ, որոնք մեր կողմից արդեն տպագրվել են: Այս քարտեզների բացակայությունը Հայաստանում զբոսաշրջիկների համար լուրջ խնդիր է: Քարտեզներից բացի, մեզ մոտ ճանապարհները եւս լավ կահավորված չեն: Եթե տեղանքին անծանոթ մարդը ցանկանա օրինակ՝ Սանահին գնալ, կարող է պարզապես չգտնել ճանապարհը: Պատշաճ ճանապարհային նշանների տեղադրումը եւս նախատեսված է այս ծրագրով»:

Լուսանկարը` COAF

Զբոսաշրջային վայրի երրորդ բաղադրիչը հյուրերի ժամանցն ապահովող ու նրանց ծառայություններ մատուցող մասնագետներին պատրաստելն է:

 

«Ամեն ինչ պետք է արվի բարեհամբույր, ժպիտով: Բոլոր ժամանցային վայրերում աշխատանքի ենք վերցնելու տեղացիներին: Այնպես որ, կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր»:

 

Վիլհելմ Հուգոն նշում է՝ նորարար ու բազմակողմանի զբոսաշրջության զարգացումը կարող է դառնալ Լոռու մարզի տնտեսական զարգացման հիմնական բաղադրիչներից մեկը.

 

«Սա կօգնի տեղում ստեղծել նոր, երկարաժամկետ ու լավ վարձատրվող աշխատատեղեր՝ հատկապես ներգրավելով համայնքների կանանց ու երիտասարդներին, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանի զարգացմանն առհասարակ»:

 

Լոռու չպատմված պատմությունները

 

Լոռու մարզը թե՛ բնության, թե՛ այստեղ գտնվող մշակութային հուշարձանների առումով յուրահատուկ է, սակայն մարքեթինգային առումով անմշակ:

 

«Այս մարզը բազմաթիվ առավելություններ ունի, օրինակ՝ սահմանակից է Վրաստանին, ինչը ճիշտ աշխատանքի դեպքում կարող է զբոսաշրջիկների մեծ հոսք բերել: Թբիլիսից Բագրատաշենի սահմանային անցակետ ընդամենը 40 րոպեի ճանապարհ է: Այսինքն, Վրաստանից Լոռի գալը նույնիսկ մեկօրյա ճամփորդություն կարող է լինել: Մարքեթինգային առումով, ցավոք, մենք ներդրում չենք անում, չենք աշխատում Թբիլիսիի հետ: Մեր ծրագրի շրջանակներում Թբիլիսիի երկաթուղային կայարանում, օդակայանում, ավտոկայանում նախատեսում ենք գովազդներ: Մեծ աշխատանք ենք նախատեսում Վրաստանի զբոսաշրջային օպերատորների հետ, որպեսզի Լոռին ներառեն իրենց փաթեթներում», - ասում է Կորյուն Խաչատուրյանը:

 

«Դեբետ համայնքը մեր ուշադրության ներքո է արդեն մեկ տարի ու կշարունակի լինել, քանի որ մինչեւ 2025թ. իրականացնելու ենք ՍՄԱՐԹ գյուղ նախագիծը: Երբ սկսեցինք ուսումնասիրել Դեբետի պատմությունը, հասկացանք՝ 160 տարվա գյուղ է: Միացյալ Նահանգներում 70 տարվա պատմությամբ բնակավայրի վրա այնպես են աշխատում, որ պատմական մի վայր են դարձնում: Նույնը կարող ենք մենք անել, բայց, ցավոք, չենք անում:

Լուսանկարը` COAF

Հանրագիտարանային տվյալներից բացի այդ գյուղերի մասին գրված որեւէ նյութ չկա: Այս ծրագրի շրջանակներում նախատեսում ենք անել նաեւ այդ բոլոր ուսումնասիրությունները՝ ազգագրական, մշակութային, պատմական: Այս աշխատանքի հիման վրա էլ ստեղծվելու են զբոսաշրջային բոլոր բրոշյուրները, գրքերը», - ասում է Կորյուն Խաչատուրյանը:

 

«Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար։ Կարծում եմ, որ համատեղելով ջանքերը բոլոր ուղղություններով՝ մենք կարող ենք շատ բանի հասնել և դառնալ ավելի ուժեղ, ոգեշնչել ուրիշներին և ոգեշնչվել մեր ընկերների ու գործընկերների հաջողություններով», - ասում է Վիլհելմ Հուգոն։

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին