Մարդու էությունը Կոստան Զարյանի գրքերում եւ Արա Զարյանի գործերում - Mediamax.am

exclusive
2870 դիտում

Մարդու էությունը Կոստան Զարյանի գրքերում եւ Արա Զարյանի գործերում


Արա Զարյանը
Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Զարյանը
Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Զարյանը
Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Զարյանը
Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


1959 թվականին Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ գրող Կոստան Զարյանը հանդիպում են Լոս Անջելեսում։ Սուրճի սեղանի շուրջ զրուցելիս՝ Հայոց հայրապետը Զարյանին առաջարկում է վերադառնալ Հայաստան ու խոստանում Էջմիածնի տպարանում հրատարակել նրա բոլոր գրական ստեղծագործությունները։

 

«Վեհափառն ասում է՝ գիտեմ, դու շատ ես գրել, բայց քիչ ես հրատարակվել, ափսոս է։ Քո գրականությունը շատ հետաքրքիր է ու մեր մշակույթի կարեւոր մասն է կազմում։ Տեղափոխվի՛ր Հայաստան, մեր միջոցներով Էջմիածնի տպարանում քո գործերը կհրատարակենք։ Պապս գիտեր, որ Վեհափառը ոչ միայն մեր հոգեւոր առաջնորդն էր, այլեւ՝ մտավորական մարդ՝ կրթված, ուսյալ, լեզուներ իմացող։ Նա մինչ այդ արդեն կազմել էր իր բոլոր ստեղծագործությունների ցուցակը, դասավորել այնպես, ինչպես կուզեր դրանք հրատարակվեին՝ 16 հատորով։ Այդ ցուցակը տալիս է Վեհափառին ու ասում, որ կգա Հայաստան։ Գրողի երազանքն ի՞նչ է, տեսնել իր գրականությունը հրատարակված»,- պատմում է գրողի թոռը՝ վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը։

 

1962 թվականին Կոստան Զարյանը երրորդ անգամ է գալիս Հայաստան, այս անգամ՝ վերջնականապես, մշտական բնակության։ Չնայած Վազգեն Առաջինի անկեղծ ցանկությանն ու ջանքերին՝ Խորհրդային Հայաստանում Կոստան Զարյանի հատորյակները հրատարակել չի ստացվում։ 1963 թվականին լույս է տեսնում գրողի լավագույն գործերից մեկը՝ «Նավը լեռան վրա» վեպը՝ աղճատված ու կրճատումներով։ Հեղինակը վրդովվում է. սա իմ գրած վեպը չէ։

 

Արա Զարյանն ասում է, որ փոքր էր, շատ բան չի հիշում, բայց հոր՝ այդ տարիների օրագրերից պարզ է դառնում, որ Կոստան Զարյանի համար դժվար շրջան էր. մեկուսացած էր, ինքնամփոփ, հուսահատության հասցնող միայնակ։

 

«Կոստան Զարյանն այնպիսի մտավորական, գրականության եւ մշակույթի այնպիսի մի հսկա էր, այդ ժամանակ իր որակի մարդիկ քիչ էին։ Ինքը մնում էր մենակ, փակվում էր Աբովյան փողոցի վրա գտնվող տանը՝ իր տաղանդի ու իր ամբողջ իմացության մեջ։ Այդ շրջանի բանաստեղծություններ ունի՝ շատ մելամաղձոտ, շատ տխուր»։

Արա Զարյանը Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրողի մահից տարիներ անց, երբ Հայաստանում ամեն ինչ խառնվել էր՝ պատերազմ, երկրաշարժ, ժառանգները սկսում են նրա հսկայական արխիվի պահպանման համար ապահով վայր փնտրել։ Որոշում են մասնատել. մի մասը Իտալիա, մյուսը Կանադա են տեղափոխում, երրորդն էլ Հայաստանում՝ ընտանիքի մտերիմներին են հանձնում։

 

Ավելի քան 20 տարի անց, Կոստան Զարյանի ժառանգները նրա արխիվը մեկտեղում են Մատենադարանում՝ այն նույն սնդուկներով ու ճամպրուկներով, որոնք գրողը գնել էր՝ իր անտիպ ու հրատարակված ստեղծագործությունները Հայաստան բերելու համար։

 

«Հիմա Մատենադարանում է Կոստան Զարյանի արխիվի 95 տոկոսը՝ նամականիները, լուսանկարները, գրագրությունները. ամբողջը հայ ժողովրդի սեփականությունն է։ Մենք կարողացանք պահել, որ չկորի, որոշ բաներ ուսումնասիրել ենք, հրատարակության հանձնել, հիմա թող ամբողջ նյութը Հայաստանում մնա»,- ասում է գրողի թոռը։

 

Մինչ արխիվը հասանելի կդառնա ուսումնասիրողների համար, Մատենադարանի վերականգնման բաժնում մաս-մաս նախ փոշեհանում ու ախտահանում են բոլոր նյութերը։ Քանի որ դրանք հազարների են հասնում, «առողջացման» գործընթացը տարիներ է պահանջում։

 

Դրան զուգահեռ՝ Կոստան Զարյանի անտիպ ու տպված ստեղծագործությունները հրատարակելու կարեւոր նախաձեռնություն է իրականացնում «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչական ծրագիրը՝ Երվանդ Տեր-Խաչատրյանի աշխատասիրությամբ։

 

Արա Զարյանն ուրախությամբ նշում է, որ Կոստան Զարյանը հիմա փնտրված հեղինակ է։ Ինքն էլ կարդում, էջերի արանքում թղթեր է դնում ու ժամանակ առ ժամանակ վերադառնում դրանց։

Արա Զարյանը Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Անընդհատ կարդում ու զարմանում եմ. կարծես մեր օրերի համար է գրել, այդքան խորը կարողացել է հասկանալ մարդու էությունը։ Զարյանը հսկա է։ Կարդում ու ուժ ես ստանում, հմտանում ես, ավելի իմաստուն ես դառնում, ավելի ուսյալ, ավելի լավ ես հասկանում ինքդ քեզ, հային՝ ո՞վ ես, ի՞նչ պիտի անես, ինչպե՞ս պիտի այս վիճակից հնարավորինս շուտ դուրս գանք։

 

Կոստան Զարյանի կյանքի շատ դրվագներ բաց են, կենսագրություն, որպես այդպիսին, չունի։ Խորհրդային ամսագրերի լրագրողները հարցնում էին՝ մաեստրո՛ Զարյան, ինչո՞ւ չեք գրում Ձեր կենսագրությունը։ Պատասխանում էր՝ բայց ես ինչո՞ւ պետք է գրեմ իմ կենսագրությունը, կարդացեք գրքերս, այնտեղ ամեն ինչ գրված է։ Հսկայական արկղով հազարավոր նամակներ կան՝ 7-8 լեզվով։ Զարյանի կենսագրությունը կարելի է գրել միայն այդ նամակները կարդալուց, վերլուծելուց հետո, թե երբ, ում հետ է շփվել, որտեղ է ապրել, ինչի մասին է գրել։ Նաեւ պետք է կարդալ գրքերը, որտեղ մարդկանց անունները փոխել ու իր կյանքի շատ դրվագներ է նկարագրել»։

 

Արա Զարյանին մանկուց են ծանոթ նշանավոր գրողի թոռ լինու հաճելի ու դժվար զգացումները։ Երբ հայրը՝ ճարտարապետ Արմեն Զարյանը, 1960-ականներին որոշեց թողնել Հռոմի բարեկեցիկ կյանքն ու ընտանիքի հետ տեղափոխվել հայրենիք, ինքը 7 տարեկան էր ու «Հայր մեր»-ից բացի հայերեն ոչինչ չգիտեր։

Արա Զարյանը Արա Զարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատերը հարցնում էին՝ ինչո՞ւ եք Հռոմի նման քաղաքը թողել, եկել Երեւան։ Առաջին միտքը, որ շրջանառության մեջ մտավ, թե «շպիոն» ենք։ Հայրիկիս քանի անգամ են հարցաքննել։ Ասում էր՝ ես ճարտարապետ եմ, իմ հոր զավակն եմ, եկել եմ, որ իմ ունակություններով օգնեմ զարգացնել երկիրը ու իմ սարերի կողքին լինեմ։ Շատ դժվար տարիներ էին, շատ եմ տանջվել եւ ստորացվել։ Ինձ մականունով էին կոչում՝ «իտալ», ու շատ վատ էին վերաբերվում, որովհետեւ ուրիշ էի։ Հետո, երբ հայերենս պնդացրեցի ու շատ լավ սովորեցի ու բոլորից ավելի լավ էի խոսում ու գրում, դրանով ապացուցեի, որ ես ձեր մասնիկն եմ, ձեր նման եմ, հետո ի՞նչ, որ ծնվել եմ ուրիշ երկրում եւ մազերս էլ շեկ են։ Այդ բոլորի պատասխանը ես հիմա տալիս եմ՝ իմ օգուտը բերելով իմ երկրին»։

 

Արդեն 10 տարի իտալաբնակ Արա Զարյանն ու բելգուհի վերականգնող Քրիստին Լամուրեն իրենց միջոցներով վերականգնում են Հայաստանի ու Արցախի եկեղեցիների ու վանքերի որմնանկարները՝ երբեմն դրանք ուղղակի փրկելով ոչնչացումից։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին