Սերժ Ավետիքյանը՝ պապական Սոլոզ գյուղի ու «շանս չունեցող կղզու» մասին - Mediamax.am

2546 դիտում

Սերժ Ավետիքյանը՝ պապական Սոլոզ գյուղի ու «շանս չունեցող կղզու» մասին


Սերժ Ավետիքյանը
Սերժ Ավետիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերժ Ավետիքյանը
Սերժ Ավետիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի Թումո կենտրոնում ցուցադրվել է ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի նոր՝ «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմը:

 

Ֆիլմը նկարահանվել է 33 տարիների ընթացքում եւ ներկայացնում է ռեժիսորի մի քանի այցերը պապական ու ներկայումս Թուրքիայում գտնվող Սոլոզ գյուղ:

 

Սոլոզը մինչեւ 1915թ. Հայոց ցեղասպանությունը լիովին հայաբնակ էր: Հայերի արտաքսումից հետո գյուղը վերաբնակեցվել է իսլամացած այլ ազգերով: Այն, որ գյուղի ներկայիս բնակիչներն էթնիկ թուրքեր չեն, ռեժիսորը պարզել է հենց իր այցերի ընթացքում:    

 

Առաջին այցը Սոլոզ Ավետիքյանը կատարել է 1987թ.-ին՝ գյուղում գտնելով հայկական շիրմաքարեր, որոնց վրա հայերենով բանաստեղծություններ էին գրված: Դրանցով գյուղի տներից մեկի հարեւանությամբ աստիճաններ էին կառուցել: 16 տարի անց՝ 2003թ.-ին Սոլոզ կատարած երկրորդ այցի ժամանակ, հայկական այդ շիրմաքարերն արդեն ոչնչացված էին:

Լուսանկարը` Մեդիամաքս

33 տարվա նկարահանումների արդյունքում ստեղծված ֆիլմում ռեժիսորը ցույց է տալիս՝ ինչպես է քայլ առ քայլ լիովին ջնջվում հայերի հետքը. նյութական ապացույցները վերանում են, մարդիկ, որոնք գիտեին նախկինում այստեղ բնակվող հայերի մասին, մահանում են, իսկ նոր սերունդը գրեթե ծանոթ չէ այդ պատմություններին:  

 

Ցուցադրությունից հետո ռեժիսորը հանդիսատեսի հետ կիսվել է նկարահանումների մանրամասներով ու տպավորություններով, որոնք ստացել է Թուրքիա կատարած այցերի ընթացքում:

 

Թուրքիայում վերանում է այն խավը, որի հետ կարողանում էինք խոսել Ցեղասպանության մասին

 

«Վերադարձ Սոլոզ» ֆիլմը նվիրված է թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային, որը հիմա բանտում է: Օսմանն այն մարդկանցից է, որոնք փորձում են երկխոսություն ստեղծել ու Թուրքիայի ժողովրդի համար անել այն, ինչը չի անում այդ երկրի ղեկավարությունը: Ցանկացա ֆիլմս նրան նվիրել, որովհետեւ հասկացա՝ իրեն բանտից ազատ չեն արձակելու: Էրդողանը, որը պարոն չէ ինձ համար, այլ տոտալիտար ռեժիմի քաղաքական գործիչ է, անձամբ է մեղադրում Օսման Քավալային, որովհետեւ Քավալան անում է նրա արածի ճիշտ հակառակը. Քավալան ձգտում է բացել մշակույթը, ստեղծել երկխոսություն ժողովուրդների միջեւ: 

 

Ինչպես տեսաք «Վերադարձ Սոլոզում», ես տարբերություն եմ դնում կառավարության ու ժողովրդի միջեւ: Ժողովուրդը մնում է ժողովուրդ՝ սննկացած, վախեցած, գաղափարական ձեւով ճնշված, իսկ կառավարությունը մնում է կառավարություն, որը ստիպում է ժողովրդին լինել այդ վիճակում: Իհարկե, ժողովրդի մեջ էլ կան կույրեր, որոնք հետեւում են կառավարության առաջադրած բոլոր գաղափարներին, բայց կան մարդիկ, որոնք դիմադրում են: Օսմանը դիմադրող մարդկանցից է: Ես անձամբ եմ տեսել նրան ապրիլի 24-ի ցույցերի ժամանակ՝ թուրք ժանդարմների ու ցուցարարների միջեւ կանգնած: Այսօրվա Թուրքիայում նրա դեմոկրատ ընկերներից շատերը եւս բանտում են, շատերն էլ հեռացել են երկրից: Այն խավը, որի հետ աշխատում էինք Թուրքիայում, որի հետ կարողանում էինք ինչ-որ բան անել, Ցեղասպանության մասին խոսել Ստամբուլում, ֆիլմեր ցույց տալ, քննարկումներ սկսել, այդ խավն այսօր վերանում է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշում եմ՝ Ստամբուլում կազմակերպած ֆիլմերի ցուցադրություններին նաեւ ազգայնականներ էին գալիս, քեմալիստներ, որոնք հայհոյում էին ինձ, ասում՝ իրավունք չունեմ գալ այդտեղ ու նման հարցերի մասին խոսել: Բայց ես նրանց պատասխանում էի՝ «կներեք, Ստամբուլում ես ինձ իմ տան մեջ եմ զգում ու խոսելու եմ ինձ համար անընդունելի, սխալ բաների մասին»:

 

Այս ֆիլմը նկարելը ոչ թե հերոսության, այլ անհրաժեշտության հարց էր

 

Սոլոզում առաջին անգամ եղա 1987թ.-ին՝ մի քանի ժամով: Այլ նկարահանումների համար Թուրքիա էի գնում ու օդանավում հանդիպեցի մի հայ կնոջ, որն ամուսնացած էր թուրք տղամարդու հետ, բավականին մեծահարուստ ընտանիք էին: Սոլոզի մասին գիտեի, նույնիսկ քարտեզի վրա նայել էի, որ Բուրսա քաղաքի մերձակայքում է, ցանկանում էի գնալ, բայց չէի պատկերացնում՝ ինչպես գնամ, ինչպես տեղ հասնեմ: Այդ կինը հարցրեց՝ ի՞նչ եմ անելու Ստամբուլում, պատասխանեցի ու պատմեցի նաեւ Սոլոզի մասին: Ասաց, որ Բուրսայում գործարան ունի, որտեղ երիտասարդ տղերք են աշխատում, եթե կարողանամ հասնել Բուրսա, այնտեղից կկազմակերպի, որ ինձ մեքենա տրամադրեն ու ուղեկցեն պապիկիս գյուղ: Այդպես հայտնվեցի Սոլոզում ու հենց այդ այցի ընթացքում հայտնաբերեցի հայկական բանաստեղծություններով շիրմաքարերը: Ֆիլմում տեսաք, որ կոնֆլիկտ առաջացավ գյուղապետի հետ, որը պահանջում էր ջնջել բոլոր նկարահանումներս, բայց ես կարողացա խաբել նրան ու պահել դրանք: Ճիշտ է՝ նախատեսել էի հաջորդ օրը եւս Սոլոզ գնալ, բայց ինձ ուղեկցած երիտասարդ տղաներն ասացին, որ այլեւս չեն կարող գալ հետս. «եթե էլի գանք այդ գյուղ քեզ հետ, ոչ թե դու ես վտանգի տակ լինելու, այլ՝ մենք»: Հարգեցի տղերքին, չգնացի, որ հետագայում իրենց չվնասեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնպես ստացվեց, որ Սոլոզ հաջորդ այցս հաջողվեց կատարել միայն 2003թ.-ին՝ 16 տարի անց: Այդ տարի իմ աշխատանքներից մեկն ընդգրկված էր Եվրոպական ֆիլմերի փառատոնում, որը տեղի էր ունենում Թուրքիայի Բուրսա քաղաքում: Մտածում էի՝ այսպիսի պատահականություն չի կարող լինել, հատկապես, որ փառատոնում ընդգրկված ֆիլմս կոչվում էր «Կյանքի գիծը»: Նախախնամության պես մի բան էր:

Հենց այդ այցիս ընթացքում հայտնաբերեցի, որ գյուղի ներկայիս բնակիչները ծագումով թուրք չեն, որ պոմակներ են, սլովենացիներ, հույներ, որոնք իսլամացվել են: Նրանք Սոլոզ են բերվել գյուղի հայաթափումից հետո, ի դեպ, օրինական, ժողովուրդների փոխանակության ճանապարհով, որն ընդունված է եղել Եվրոպայի կողմից: Այսինքն, թույլատրվել է քրիստոնյա ժողովրդին վռնդել ու նրա փոխարեն բերել իսլամացված ժողովուրդ: Այս առումով պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում այսօր Արցախի հարցում, պետք չէ երազել. ո՛չ Եվրոպան, ո՛չ այլ երկրներ չեն միջամտելու այս հարցի լուծմանը, իրենց դա պարզապես պետք չէ ու ձեռնտու չէ:

 

Ընդ որում, սա ոչ միայն Սոլոզի, այլեւ նախկինում հայաբնակ մի շարք այլ գյուղերի պատմությունն է նաեւ: Հայերից հետո Սոլոզ տեղափոխված մարդիկ ոչ միայն մեղք չունեն, այլեւ իրենք եւս չեն հասկանում՝ իրենց կյանքում ինչ է կատարվել: Տեսաք, որ երիտասարդներից մի քանիսը ֆիլմում ասում են՝ «մենք էլ կցանկանայինք մի օր գնալ, գտնել մեր պապերի գյուղը»: Երկրորդ այցիս ընթացքում եւս 4-5 ժամ մնացի գյուղում, բայց արդեն հստակ որոշել էի՝ պետք է ֆիլմ նկարել:

 

Ֆիլմի հիմնական նկարահանումները կազմակերպեցինք 2005թ.-ին: Խոչընդոտների մասին ուզում եմ ասել՝ դրանք միշտ շատ են, բայց, կարծում եմ, հերոսության հարց այստեղ չկա: Երբ արտիստ ես, երբ ֆիլմ ես նկարահանում, դա անհրաժեշտության հարց է: Քեզ համար անհրաժեշտ է սա անել:

Սերժ Ավետիքյանը Սերժ Ավետիքյանը

 

Սցենար գրեցի, դիմեցի կինոարտադրող ընկերության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության միջոցով դիմեցինք Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որ թույլտվություն ստանանք ու խմբով գնանք Սոլոզ՝ նկարահանումների: Մեկնելուց երկու օր առաջ Թուրքիայի ԱԳՆ-ից զանգեցի են Ֆրանսիայի ԱԳՆ եւ ասացին. «եթե դուք պահում եք Սերժ Ավետիքյանի անունն այս ցուցակում, թույլտվությունը չենք տալու»: Պրոդյուսերին ասում եմ, որ հանեն իմ անունը, ստանանք թույլտվությունն, իսկ հետո մտածենք՝ ինչ անել: Արդյունքում մենք նստում ենք օդանավ, հասնում Ստամբուլ, գնում Բուրսա, ֆաքսով գալիս է այդ 10 էջանոց թույլտվությունն՝ այն մասին, որ իրավունք ունենք 10 օր նկարահանումներ իրականացնել Սոլոզ գյուղում: Գնում ենք գյուղ, որտեղ մեզ արդեն սպասում էր ժանդարմների երկու մեծ մեքենա: Մեքենաներից մի ժանդարմ մոտենում է ու ասում, որ գյուղապետարան բարձրանանք: Այնտեղ եւս ժանդարմներ էին, եւ 1987թ.-ին ինձ հանդիպած ու նկարահանումներս ջնջել պահանջող գյուղապետը, որ վերադարձել էր գյուղ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր թարգմանչուհին փոխանցում է 10 էջանոց այդ թույլտվությունը: Ես օպերատորին նախապես ասել էի, որ նկարահանի տեղի ունեցողը, որովհետեւ, գուցե, մեր նկարահանումների վերջին մետրերն էին: Ժանդարմը վերցնում է թույլտվությունը, մոտենում հենց ինձ, խնդրում միայն իմ անձնագիրն ու հեռանում մի քիչ այն կողմ: Քիչ անց այդ երիտասարդը հետ է գալիս, վերադարձնում անձնագիրս, 10 էջանոց թուլյլտվությունն էլ թարգմանչուհուն փոխանցում, ու ինձ նայելով՝ ասում. «Ոչ մի խնդիր չկա, դուք իրավունք ունեք նկարահանելու այստեղ: Ես ձեզ մաղթում եմ ամենալավը: Իմացեք, որ ապրում եմ Սոլոզից ոչ հեռու, կարող եք հյուր գալ ինձ, թեյ խմել»: Մինչեւ հիմա ես չգիտեմ՝ այդ տղան տեսա՞վ, որ իմ անունը չկա թույլտվության մեջ, չտեսա՞վ, չտեսնելու տվե՞ց: Բայց արդյունքում մենք սկսեցինք նկարահանումները: Գյուղում գտնվելու հինգերորդ օրն արդեն Սոլոզը կիսվել էր երկու մասի. մի մասը փողոցներում մեզ հանդիպելիս խեթ էր նայում, մյուսը՝ հրավիրում իր տուն սուրճ խմելու: Ֆիլմում մի տարեց տղամարդ կա՝ Շեւվքեթը, որը բոլոր նախորդ այցերի դեպքում ինձ շատ ջերմ էր ընդունում ու աջակցում էի, իսկ վերջին այցիս ժամանակ արդեն մահացած էր ու ֆիլմում ես գնում եմ նրա գերեզմանին. Շեւքեթի որդիների կարծիքը եւս կիսվել էր: Մեկն ինձ ատում էր ու գյուղի կեսին իմ դեմ էր լարել, իսկ մյուսն ասում էր՝ «նա իրավունք ունի լինել այստեղ ու նկարահանումներ անել»:

 

***

 

Թումո կենտրոնում «Վերադարձ Սոլոզ» ֆիլմից բացի ցուցադրվել է նաեւ 2010թ.-ին Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած Սերժ Ավետիքյանի «Շների կղզի» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը: Այս անիմացիոն ֆիլմը եւս վավերագրական հիմք ունի: 1910թ.-ին Կոստանդնուպոլիսի փողոցներում հայտնված բազմաթիվ շներից ազատվելու համար երիտթուրքերի կառավարությունը որոշում է բռնել նրանց ու վանդակներով կամ պարկերով գցել առանց ջրի ու սննդի անմարդաբնակ մի կղզի՝ այսպիսով դատապարտելով դանդաղ ու դաժան մահվան: Կաննի կինոփառատանում ներկայացվելուց հետո համաշխարհային մամուլը պատմությունը կապում է ու զուգահեռներ է տանում Հայոց ցեղասպանության հետ:

 

Համամարդկային մոտեցումը շատ հարցեր ավելի լսելի է դարձնում

 

Շների պատմության մասին ֆրանսիական մի պատմաբանի գրքում կարդացի, որը կոչվում է «Թուրքական գիշեր»: Դրանում շների դեպքին երեք էջ էր նվիրված, բայց շատ մանրամասն նկարագրված էր, քանի որ նա փաստաթղթեր էր գտել՝ ինչպես են 30 հազար շուն քշել, ինչպես էր դա կազմակերպվել երիտթուրքերի կողմից, որ նրանք չէին հանդուրժում շներին փողոցներում, բայց չէին բացատրում՝ ինչու են այդ շները փողոցներում: Ֆիլմը շատ վավերագրական է, պատմության մասին կարդալուց հետո ես եւս ուսումնասիրել եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես ֆիլմում է ներկայացված, երիտթուրքերն իսկապես կանչել են եվրոպացի մասնագետների, խորհրդակցելու՝ ինչպես լուծել այդ հարցը: Ու ֆրանսիացի մասնագետները նրանց ներկայացրել են շներից ազատվելու մոտավոր այն նույն մոդելը, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառելու են նացիստները հրեաներին սպանելու համար. հավաքել, խմբերով քաղաքից հեռու տանել, գազով սպանել, մասնատել: Իսկ այս դեպքերը, հիշեցնեմ, 1910թ.-ին էին տեղի ունենում: Երիտթուրքերը հրաժարվում են այս մեթոդից, ասելով, որ իրենք մուսուլման են ու իրավունք չունենք շներին կազմակերպված ձեւով սպանել: Արդյունքում նրանք մտածում են այն, ինչը ցուցադրված է անիմացիոն ֆիլմում: Քրդերին օգտագործելով ու նրանց շատ չնչին գումար տալով՝ ստեղծում են շներին բռնելու հատուկ գործիք, շներին գցում են պարկերը կամ վանդակներն ու նավերով տանում թողնում մի կղզու վրա, որտեղ ո՛չ ջուր, ո՛չ ուտելիք կա: Այդ կղզու ոչ պաշտոնական անվանումը թուրքերենից թարգմանվում է «շանս չունեցող կղզի»:

 

30 հազար շան գցում են այնտեղ՝ իմանալով, որ կա՛մ իրար կուտեն, կա՛մ կխեղդվեն՝ ջուրը նետվելով: Սա եւս պատմական փաստ է. այս կղզուց շները փրկության հույսով հետեւում էին անցնող նավերին ու խեղդվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես ուզում էի պատմել իրականում տեղի ունեցած այս պատմությունն ու ֆիլմում հայերի, Հայոց ցեղասպանության հետ որեւէ կապ չեմ ստեղծել, ոչ էլ մամուլի հետ զրույցներում եմ ստեղծել այդ զուգահեռը: Բայց հենց ֆիլմը Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» ստացավ, ամբողջ մամուլը գրեց, որ այն հայկական ցեղասպանությանը նախորդած ժամանակների, դրան նախապատրաստվելու խորհրդանիշն է: Այս օրինակով ես հասկացա հետեւյալը՝ կարծես թե, երբ մենք համամարդկային մոտեցում ենք ցուցաբերում՝ ապացուցելու, թե քաղաքական գործիչներն ինչ դաժանությամբ կարող են որեւէ բան անել, դա շատ ավելի օգուտ է տալիս մեզ, քան երբ ուղղակիորեն ասում ենք՝ մենք ճնշվել ենք, հայերի ցեղասպանությունը չեն ընդունում: Սա է իմ փորձը. արվեստում այսպիսի մոտեցման միջոցով անհրաժեշտ ասելիքը, կարծես, ավելի լավ է տեղ հասնում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ հետաքրքրել էր այս պատմությունը, որովհետեւ ցնցող է ու բացատրում է՝ ինչպես երիտթուրքերը կարողացան այսպիսի փորձից հետո կազմակերպել մի ամբողջ ազգի ցեղասպանություն:

 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին