Հովիկ Աֆյան. «Երբեք մեր տեղում լավը չենք եղել, դրա համար էլ այս օրի ենք» - Mediamax.am

exclusive
2588 դիտում

Հովիկ Աֆյան. «Երբեք մեր տեղում լավը չենք եղել, դրա համար էլ այս օրի ենք»


Հովիկ Աֆյանը
Հովիկ Աֆյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովիկ Աֆյանը
Հովիկ Աֆյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովիկ Աֆյանը
Հովիկ Աֆյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովիկ Աֆյանը
Հովիկ Աֆյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակակից արվեստի մասին խոսելիս հաճախ մտավախություն է առաջանում. արդյոք նորարարությունը միտում չունի՞ քողարկել ասելիքի բացակայությունը: Այս եւ այլ խնդիրների մասին խոսել ենք գրող Հովիկ Աֆյանի հետ:

 

Բավարարված լինել-չլինելը

 

Սարսափելի կլինի, եթե կյանքը, որով ապրում ես, բավարարի քեզ: Եթե եկել ես այդ գիտակցության` ուրեմն, ամեն բան քեզ համար ավարտվել է: Միշտ ինչ-որ բան պակասում է: Ես երբեք չեմ մտածել. սա էլ ունենամ` լինի դա նյութական կամ զգայական բան, եւ վերջ, ամեն ինչ տեղը կընկնի:

 

Հայաստանի այսօրվա վիճակը

 

Ես ավելի շատ մտածում եմ, թե ինչ կարելի է անել: Ունեմ իմ պատկերացրած լուծումը: Գուցե այն շատ պրիմիտիվ թվա, հնարավոր է, որ դրա մեջ նույնիսկ պաթոս լինի, բայց որոշել եմ ավելի շատ գրել, ավելի լավ գրել, ավելի շատ աշխատել: Յուրաքանչյուրս երբեք մեր տեղում լավը չենք եղել, դրա համար էլ գուցե այս օրի ենք:

Հովիկ Աֆյանը Հովիկ Աֆյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անընդհատ կրկնում են. ո՞ւր են արվեստագետները, նկարիչները, գրողները: Նրանք նկարում են, գրում են եւ մեղավոր չեն, որ իրենց չեն կարդում: Մարդիկ իրենց գրքերում գրում են այն, ինչ պետք է ասեն հրապարակներում:

 

Ժամանակակից հայ գրողներ

 

Ժամանակին ընդհանրապես չէի կարդում ժամանակակից գրողներին: Մի ընկեր ունեմ, որ շատ լավ խորհուրդ տվեց. ‹‹Անպայման կարդա, որ հասկանաս երկու բան`այն, որ դու լավ ես գրում եւ այն, թե ինչ պետք է չգրես, որովհետեւ արդեն գրվել է››: Այդպես սկսեցի ժամանակակից գրողներին կարդալ:

 

Կանանց գրականությունը

 

Մի ծեծված արտահայտություն կա. ‹‹Արվեստը ոչ թե կանաց տեղն է, այլ կանաց մասին է››: Այնքան էլ համաձայն չեմ, որովհետեւ գրականության մեջ կանայք շատ հետաքրքիր գույն են բերել: Տաղտկալի կլիներ գրականությունը միայն տղամարդ գրողներով:

Հովիկ Աֆյանը Հովիկ Աֆյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զգա՞լ, թե մտածել

 

Սիրում եմ գրողների, որոնք ինձ ստիպում են ավելի շատ զգալ, քան մտածել: Ես փորձում եմ նաեւ այդպիսի գրող լինել: Շատ կարեւոր է, որ ընթերցողը զգա: Մեր զգացմունքները մեր մտքերի հիմքն են: Չեմ ուզում ասել, որ ավելի վեր են, կամ ավելի կարեւոր են, բայց ցանկացած միտք մեր զգացմունքներից է գալիս:

 

Նոր գիրքը՝ ‹‹Քաղցր կյանքը››

 

Ֆելիինիի ֆիլմի հետ կապ ունի այնքանով, որքանով Ֆելինիի ֆիլմը կապ ունի քաղցր կյանքի հետ: Այս վեպը շատ տարօրինակ պատմություն ունի: Պատերազմից առաջ եմ սկսել գրել ‹‹Քաղցր կյանքը››: Սկզբում այն ուրիշ վերնագիր ուներ. ‹‹Ինձ տուն տար››: Չստացվեց այն ավարտել: Ստացվեց ‹‹Կարմիրը››, եւ անմիջապես ստացվեց:

 

‹‹Կարմիրից›› հետո վերադարձա այդ գործին եւ նորից չէր ստացվում: Մտածեցի, գուցե թեման դեռ ինձ համար շատ չի եփվել: Գիրքն այն մասին է, թե ինչ կարող է լինել մի քաղաքում, որտեղ հանկարծ գերեզմանները սկսում են պարբերաբար շատանալ: Բանը հասնում է նրան, որ մտածում են՝ գուցե տնե՞րը քանդեն՝ հո գերեզմանները չեն քանդելու: Փոխեցի անունը՝ ‹‹Քաղցր կյանք›› դարձրեցի, փոխեցի նաեւ բոլոր հերոսների անունները: Փոփոխություններից հետո միանգամից գրվեց:

 

Սիրելի գրողներ եւ փոխվող մարդիկ

 

Չորս սիրելի գրող ունեմ, որոնց անընդհատ վերադառնում եմ` Սարոյան, Մաթեւոսյան, Մարկես, Հեմինգուեյ: Երբ կարդում եմ Սարոյանին կամ մյուսներին, հասկանում եմ, որ այս մարդիկ գրել են այն ամենը` ինչ ես կուզեի գրել: Հիմա եթե սկսեմ մտածել՝ դե վերջ, ես էլ ի՞նչ գրեմ` դա ինձ կտանի ծիծաղելի նորարարությունների: Շատերն են դրան գնում. ասում են. դե, վեպ եմ գրել, կեսը չափածո է, կեսը սենց է, նենց է: Այսինքն, եթե տողիդ ձեւը, կամ գրքիդ դիրքը փոխում ես, ի՞նչ է, նորարարություն ես անում հայ գրականության մեջ: Ես իմ մեջ հաղթահարել եմ այդ բարդույթը:  

Հովիկ Աֆյանը Հովիկ Աֆյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանք բոլորը գրել են մարդու մասին: Գրել են մարդու, գրել են սիրո, գրել են աստված-մարդ հարաբերությունների, ընկած, հաղթած, պարտված մարդու մասին: Գաղտնիքն այն է, որ այն մարդը, որի մասին Հեմինգուեյն էր գրում, հիմա ուրիշ է: Հիմա ուրիշ մարդ է սիրողը, պարտվողը, հաղթողը: Մարդու տեսակն է փոխվել, մենք ենք փոխվել:

 

Կյանքի հրճվանքի կորուստը

 

Երբ վերջերս մահացավ Ալեքսանդր Թոփչյանը, սկսեցի իր հարցազրույցները կարդալ: Ուզում էի իմանալ, թե վերջում ինչ է ասել: Մի շատ հետաքրքիր նախադասություն գտա. նա ասում էր, որ ժամանակակից հայ գրականության մեջ կորել է կյանքի հրճվանքը: Ես փորձում եմ բերել այդ կյանքի հրճվանքը իմ գրականություն, որովհետեւ դա շատ կարեւոր բան է, հատկապես հիմա` այսպիսի ողբերգությունից հետո: Այս իրավիճակում արվեստը պիտի ապրեցնի, եթե չի կարող՝ պետք է չլինի:

 

Գրի առավ Լենա Գեւորգյանը

 

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին