Վարդանյանը, Աֆեյանը, Դարզին՝ COVID-ի ներկա փուլի եւ ապագայի մասին - Mediamax.am

3750 դիտում

Վարդանյանը, Աֆեյանը, Դարզին՝ COVID-ի ներկա փուլի եւ ապագայի մասին


Արա Դարզին
Արա Դարզին

Լուսանկարը` Ավրորա

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Ավրորա

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 31-ին Futures Studio-ի եւ լրագրող Մարկ Գրիգորյանի համատեղ «Խոսենք ապագայից» շարքում քննարկվել է «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեման։ Քննարկմանը մասնակցել են Ռուբեն Վարդանյանը, Արա Դարզին,Նուբար Աֆեյանը, Դեյվիդ Նաբորոն, Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։

 

Նման ձեւաչափով քննարկում կայացել էր նաեւ 2020 թվականի մարտի 28-ին:

 

Մեդիամաքսն առանձնացրել է քննարկման ընթացքում հնչած որոշ մտքերը։

 

Ռուբեն Վարդանյան, IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

 

Որպես դիտորդ, որպես մարդ, որը նայում է խնդրին մյուս կողմից, կասեմ հետեւյալը՝ մենք խոսում ենք վախերի մասին։ Այդ վախը ծագում է փաստից, որ ինստիտուտները եւ պետությունները կորցնում են վստահությունը հասարակության աչքերում։

 

Կան բազմաթիվ հարցեր, որոնք մարդիկ բարձրացրել են՝ դրանք վերաբերում են որոշումներ կայացնելու արդարացիությանը, թե որքանո՞վ են դրանք ճիշտ եւ թափանցիկ։ Կարծում եմ, հաղորդակցությունը ինստիտուտների եւ հասարակության, համայնքների միջեւ, ծայրահեղ կարեւոր է։

 

Եթե պետությունը եւ անձը միմյանց չեն վստահում, որովհետեւ բամբասանքներն ու լուրերը ավելի մեծ ազդեցություն ունեն մարդկանց ուղեղի վրա, ապա հարց է առաջանում. Ի՞նչ արագությամբ կկարողանան գտնել լուծում նման խնդրի պարագայում։ Օրինակ, Նուբարն Աֆեյանն իր կազմակերպությամբ առաջին լուծումներից մեկը գտավ՝ պատվաստանյութ մշակեց, բայց այս ընթացքում հստակ դարձավ, որ մենք ունենք հասարակական ճգնաժամ, որոշումներ կայացնելու ճգնաժամ։

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեռ ինչքա՞ն կարող ենք ակնկալել պետությունից, որ կկարողանա իր վրա վերցնել պատասխանատվությունը եւ կառավարել իրավիճակը, ինչքանո՞վ են այդ որոշումների կայացման գործընթացները թափանցիկ եւ հաշվետու։ Եվ արդյո՞ք կառավարությունն անում է այն ամենը, ինչ մենք ակնկալում ենք, որ պետք է անի։

Այս հարցերը շարունակում են մեր մեջ վախեր արթնացնել, նույնիսկ այն դեպքում, երբ սկսվել է պատվաստումը։

 

Պետք է գտնել հավասարակշռություն վախեցած լինելու եւ տանը մնալու միջեւ, պատասխանատու լինելու եւ սանիտարահիգիենիկ կանոններին հետեւելու միջեւ։ Հետ նայելով՝ կարող ենք արձանագրել, որ երկրների մեծ մասը ձախողեցին պրագմատիկ մոտեցման իրականացումը։ Մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում ունեն այն զգացողությունը, որ ավելի շատ մտահոգված են իրենց ապագայով, ոչ թե որովհետեւ նոր վիրուս է ի հայտ եկել, այլ որովհետեւ չեն հասկանում՝ով ինչպես է արձագանքում այս վիրուսին։

 

Արա Դարզի, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ

 

Ցանկացած համավարակի դեմ պայքարելու միակ միջոցը գիտությունն է։

 

«Մոդեռնան»՝ Նուբարի ղեկավարությամբ, լուրջ աշխատանք է կատարել։ Եթե խոսում ենք կյանքեր փրկելու մասին, ապա կարող ենք ասել, որ այս պատվաստանյութը կարող է փրկել հազարավոր կյանքեր ամբողջ աշխարհում։

Պետք է հստակ ամրագրել, որ COVID-19-ը բավականին արագ է մուտացվում եւ այդ հետապնդելու է մարդկությանը։ Քաղաքականությունը, որով մենք կարող ենք ընտրովի պատվաստել աշխարհի բնակչության մի մասին միայն, չաշխատող տարբերակ է։

Արա Դարզին Արա Դարզին

Լուսանկարը` Ավրորա

Այդ պարագայում համավարակը կդառնա մեր առջեւ ծառացած բավականին լուրջ խնդիր, այնպես որ պետք է մտածել համընդհանուր պատվաստումների մասին։ Բացի կա եւս մեկ խնդիր՝ կորոնավիրուսով վարակվածների 10 տոկոսը վերապրում է այս վիրուսը, ինչը բժիշկներն անվանում են «երկարատեւ քովիդ». այն դեռ պետք է ուսումնասիրվի։

 

Նուբար Աֆեյան, Flagship Pioneering եւ Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

 

Ես ամիսներ շարունակ ԱՄՆ կառավարության առջեւ պաշտպանել եմ հետեւյալ գաղափարը՝ մեզ անհրաժեշտ է ապահովել պատվաստանյութի այն քանակը, որը կարող է բավարարել ամբողջ աշխարհը պատվաստելու համար։

 

Ինչպես աշխատել տարբեր երկրների եւ պատվաստանյութը ձեռք բերող երկրների հետ, հարցի այլ կողմն է, որովհետեւ այս պահին մենք անգամ այդ աշխատանքի ժամանակը չունենք։ Որպես անձ, որն աշխատում է բազմաթիվ մարդասիրական ծրագրերի ոլորտում, կարծում եմ, որ պետք է պատվաստել գլոբալ մակարդակով։

Եվ առաջին հերթին դա պետք է արվի ռիսկային խմբերում եւ երկրներից որեւէ մեկում չափահաս ամբողջ բնակչությունը պետք է պատվաստված լինի։

Նուբար Աֆեյանը Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Ավրորա

Բայց մենք ապրում ենք ընտրված կառավարությունների իրողության մեջ, աշխարհը այդ ընտրված կառավարության կառավարման ներքո է, նրանք մարդկանց ընտրական խոստումներ են տալիս եւ պետք է դրանք կատարեն։

 

Դեյվիդ Նաբարո, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ

 

Սա մի երեւույթ է, որի կրկնվելու մասին մեկ տարի առաջ արդեն գիտեինք։

Նախորդ տարի ժամանակս ծախսել եմ որպեսզի աշխատեմ մյուսների հետ եւ փորձեմ հասկանալ, թե մարդկությունը ինչպես պետք է սովորի աշխատել այս վիրուսի հետ։ Շատ ժամանակ եմ ծախսել, որպեսզի հասկանամ, ինչպես ենք լուծելու անորոշության հարցը, որը ծագում է փաստից, որ շատ բան չգիտենք այս համաճարակային ախտի մասին։

 

Ես մշտապես զարմանում եմ, որ կա այսքան վախ, որովհետեւ ինչ-որ չափով մենք պետք է սովորած լինեինք այն ամենին, ինչ տեղի է ունեցել վերջին 15 ամսում։

Վերջին մեկ տարում հետեւյալ դասն եմ քաղել՝ այս համավարկի լուծումը մարդիկ են։

 

Բոլոր այն ապացույցները, որ ես հավաքել եմ, հուշում են, որ մարդիկ ի վիճակի են լուծել համավարակի խնդիրները, եթե լինեն արագ, որակյալ թեստեր, որոնք հնարավոր կլինի օգտագործել ցանկացած պահի եւ ցանկացած տեղում։ Մարդիկ ունակ են դառնալու այս համավարակի լուծումը, բայց դրա իրագործումը խաթարվում է, որովհետեւ չկան բավարար քանակով մատչելի թեստեր, նաեւ չկան ինտեգրված հանրային առողջապահական ծառայություններ։

 

Արսեն Թորոսյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

Չեմ կարծում, որ շուտ կվերադառնանք բնականոն կյանքին, բայց պետք է դրա համար ցանկացած ջանք գործադրենք։ Ամենամեծ խնդիրը կապված է անորոշության այն մեծ մակարդակի հետ, որի հետ առնչվում ենք համավարակի հենց սկզբից։ Դա ամենամեծ վախն ու մարտահրավերն էր, որին առերեսվեցինք այս ընթացքում։ Անորոշություն՝ վիրուսի, մարդկային օրգանիզմի ու դրա նկատմամբ ռեակցիայի, անձնական ու հանրային կյանքում հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ։

 

Հիացած եմ՝ ինչ արագությամբ պատվաստանյութը մշակվեց նման կարճ ժամանակահատվածում։ Օգտագործելով այս հնարավորությունը, մենք պետք է առաջ շարժվենք ու սովորենք՝ ինչպես պայքարել ապագա համավարակների դեմ։

 

Ես եղել եմ առաջին անձը, որը պատվաստվել է Հայաստանում։ Այն միանգամայն անվտանգ է եւ կյանքը փրկող միջամտություն է։ Ամեն ջանք գործադրելու եմ, որ Հայաստանում ունենանք ավելի շատը մեծ թվով պատվաստված անձինք։

 

Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար

 

Հայաստանում այսօր թվերի աճ ունենք։ Հուսանք, որ սա վերջին ալիքը կլինի եւ մինչ նոր զարգացումները՝ արդեն պատվաստման գործընթացն ընթացքի մեջ կլինի ու առաջիկա շրջանին ավելի պատրաստված կլինենք։

 

Այս պահին մի կողմից մենք ունենք գլոբալ համագործակցություն՝ պատվաստանյութ արտադրելու հարցում, բայց մյուս կողմից ունենք երկրների մեկուսացում։ Փորձում ենք վերադառնալ գլոբալիզացիայի, սակայն սա լուրջ խնդիր է, որն ավելի է բարդացնում անհատների, խմբերի մեկուսացման մարտահրավերը։ Այս պարագայում միասնականություն է հարցերի միակ լուծումը։

 

Գրի առավ Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին