«Հայկական զինուժի իրական վիճակը տհաճ անակնկալ էր Մոսկվայի համար» - Mediamax.am

6683 դիտում

«Հայկական զինուժի իրական վիճակը տհաճ անակնկալ էր Մոսկվայի համար»


Տիմոֆեյ Բորդաչեւը
Տիմոֆեյ Բորդաչեւը

Լուսանկարը` Valday Discussion Club

Տիմոֆեյ Բորդաչեւը եւ Ալեքսանդր Իսկանդարյանը
Տիմոֆեյ Բորդաչեւը եւ Ալեքսանդր Իսկանդարյանը

Լուսանկարը` «Կովկաս» Ինստիտուտ

Տիմոֆեյ Բորդաչեւը եւ Ալեքսանդր Իսկանդարյանը
Տիմոֆեյ Բորդաչեւը եւ Ալեքսանդր Իսկանդարյանը

Լուսանկարը` «Կովկաս» Ինստիտուտ


Ռուս քաղաքագետ-միջազգայնագետ, Վալդայի ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւն այս շաբաթ Հայաստանում էր: Նա ուսումնասիրում է նախկին Խորհրդային Միության տարածքում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: Բորդաչեւը նախատեսում է լինել հետխորհրդային բոլոր հանրապետություններում: Հայաստանն առաջինն էր:

 

«Կովկաս» Ինստիտուտի հրավերով՝ նա մասնակցել է «Ռուսաստանի դերը հետխորհրդային երկրներում ԽՍՀՄ փլուզումից 30 տարի անց․ ի՞նչ է փորձում անել Ռուսաստանը, ի՞նչ է ստացվում եւ ինչպե՞ս է դա ընդունվում հետխորհրդային երկրներում» թեմայով քննարկմանը:

 

Մեդիամաքսն առանձնացրել է զրույցից որոշ հատվածները:

 

***

 

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի հարեւանները մեծ փոփոխություններ են կրել. քաղաքական ռեժիմներն էին փոխվում, տարածքային հակամարտություններ, պատերազմներ էին լինում: Այդ երկրները, ինչպես եւ  Հայաստանը, փորձում էին հասկանալ՝ ինչպես ապրել ժամանակակից աշխարհում, գործընկերներից որոնք կարող էին ավելի նշանակալի դեր խաղալ իրենց գոյատեւման, զարգացման, ազգային նպատակներին հասնելու համար:

 

Դրան զուգահեռ, Ռուսաստանի քաղաքականությունը, հիմնականում, մնում էր կայուն: Տարածաշրջանի ամբողջականությունը՝ ժառանգված պատմական նախորդ փուլից եւ յուրօրինակ պատասխանատվութունը, որը Ռուսաստանը կրում էր այս տարածաշրջանի անվտանգության եւ զարգացման համար, Մոսկվայի քաղաքականության երկու լոկոմոտիվներն էին, որ անփոփոխում էին մնում երկար տարիներ:

 

***

 

2020-ի դեպքերը ցույց տվեցին, որ Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում նոր դինամիկա է ստացել: 2020-ին նախկին Խորհրդային միության տարածքում Ռուսաստանը բախվեց նոր եւ իր համար էլ անսպասելի իրադարձությունների: Օգոստոսին ծագեց Բելառուսի խնդիրը: Բելառուսի իշխանությունները 20 տարի վստահեցնում էին, որ հասել են քաղաքական կայունության, եւ Ռուսաստանը կարող է համեմատաբար հանգիստ լինել: Բայց մենք տեսանք, որ այդ երկրում կա ներքին հսկայական պայթյունավտանգ ներուժ: Ռուսաստանի արձագանքը շատ վճռորոշ էր, ընդհուպ՝ մինչեւ ուժային միջամտության պատրաստակամություն:

Տիմոֆեյ Բորդաչեւը եւ Ալեքսանդր Իսկանդարյանը Տիմոֆեյ Բորդաչեւը եւ Ալեքսանդր Իսկանդարյանը

Լուսանկարը` «Կովկաս» Ինստիտուտ

Սեպտեմբերի վերջին զինված համապարտություն սկսվեց Հարավային Կովկասում: Չեմ կարող թաքցնել, որ Ռուսաստանում, ինչպես եւ ամենուր, գերակայում էին Հայաստանի ռազմական հնարավորությունների մասին պատկերացնումները: Ռուսաստանի համար տհաճ անակնկալ էր, երբ պարզվեց, որ այդ հնարավորություններն անբավարար են:  

 

Ռուսաստանը պատերազմի ընթացքում չգործեց այնպես, ինչպես Բելառուսում. նա չէր շտապում հակամարտության կողմերից որեւէ մեկի կողքին կանգնել, եւ, առհասարակ, չէր շտապում որոշում կայացնել: Ի վերջո, որոշում կայացրեց, որոշ պատասխանատվություն վերցրեց իր վրա, բայց այդ որոշումն էլ մեր ակնկալածը չէր:

 

Անակնկալներ էին նաեւ Ղրղըզստանի հեղաշրջումը եւ տարածքային հարցի շուրջ Ղազախստանի հիստերիան:

 

Այս բոլոր 4 դեպքերում Ռուսաստանի արձագանքը տարբեր էր: Եվ դա հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում Ռուսաստանը դադարում է առաջնորդվել ամբողջականության եւ ունիվերսալ պատասխանատվության պարադիգմայով:

 

Դրա ամենացայտուն օրինակը Բելառուսն ու Հարավային Կովկասն են: Բելառուսի դեպքում ակնհայտ էր, որ Ռուսաստանն առաջնորդվում էր առկա ռազմական պոտենցիալով՝ կապված ՆԱՏՕ-ի անդամ երկրների ուղղակի հարեւանությամբ (Լեհաստանն ակտիվ մասնակցում էր այդ իրադարձություններին): Բացի այդ, Բելառուսը Ռուսաստանի կենտրոնական տարածաշրջանի անվտանգության համար կարեւոր ռազմաստրատեգիական նշանակություն ունի: Եթե նույնիսկ Մոսկվան գոհ չէր Լուկաշենկոյից, ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի քաղաքականությունը հստակ ուղղված էր ի պաշտպանություն նրա եւ ի պահպանություն Բելառուսի օրինական իշխանության՝ թույլ չտալու համար ուկրաինական սցենարը:

 

Հարավային Կովկասում ծավալվող իրադարձություններին Ռուսաստանն ուշադիր հետեւում էր հենց սկզբից, բայց գնահատականները ծայրահեղ հավասարակշռված էին: Հակամարտության ամբողջ ընթացքում Ռուսաստանը հրապարակային ոչ մի գործողություն չի արել, որը կարող էր մեկնաբանվել որպես աջակցություն կողմերից մեկին: Թեեւ հասկանում եմ, որ հայկական կողմն ունի էմոցիոնալ եւ ռացիոնալ հիմքեր՝ մեղադրելու Ռուսաստանին, որի զսպվածությունը մեծ անակնկալ էր հայ հասարակության համար: Բայց Ռուսաստանը գնահատում է իրավիճակը՝ ելնելով հանգամանքից, թե որքանով է այն խնդրահարույց իր անվտանգության համար: Հարավային Կովկասում Ռուսաստանը չի բախվում զինված հակամարտության, որը կարող է վերաճել գլոբալ կամ համաեվրոպական միջուկային կոնֆլիկտի: Բելառուսի դեպքում դա հնարավոր է: Այդ պատճառով Ռուսաստանի պահվածքը Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության դեպքում մնում էր դիվանագիտության շրջանակում: Բայց պետք է ասել, որ այնտեղ, որտեղ Ռուսաստանը ստանձնել է խաղաղապահ առաքելություն, որեւէ անգամ այդ պարտականությունները չի ձախողել:

 

***

 

Ռուսաստանը Թուրքիայից չի վախենում: Լեհաստանի հարցերը եւս կարող է հեշտ «լուծել», բայց ավելի լավ է դրան չհասնի, որովհետեւ Թուրքիայի հետ հակամարտել նշանակում է հակամարտել Թուրքիայի հետ, իսկ Լեհաստանի հետ հակամարտությունը նշանակում է կոնֆլիկտ ԱՄՆ-ի հետ:

Տիմոֆեյ Բորդաչեւը եւ Ալեքսանդր Իսկանդարյանը Տիմոֆեյ Բորդաչեւը եւ Ալեքսանդր Իսկանդարյանը

Լուսանկարը` «Կովկաս» Ինստիտուտ

Ռուսական բանակը մեկ տարի առաջ Սիրիայում թուրք զինվորների սպանեց եւ դրանից հետո ոչինչ չփոխվեց. մենք շարունակեցինք դիվանագիտական երկխոսությունը: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ռուսական բանակը սպանի 36 լեհ զինվորի, եւ դրանից հետո Լեհաստանի հետ շարունակի նորմալ դիվանագիտական հարաբերություններ: Ո՛չ: Դա կարող է Եվրոպայում աղետի հանգեցնել: Այդ պատճառով Ռուսաստանի նախագահն ասաց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը գործընկեր է, որի հետ աշխատելը ոչ միայն հաճելի, այլեւ հուսալի է: Իհարկե, Ռուսաստանին հաճելի է աշխատել այն գործընկերոջ հետ, որի նկատմամբ կարող է ուժ կիրառել:

 

Ռուսաստանի խնդիրները կապված չեն արտաքին մարտահրավերների հետ. դրանք միայն ներքին խնդիրներ են: Հիտլերի հետ մենք հարցերը լուծեցինք, նույնը կարող ենք անել նաեւ նոր «Հիտլերի» հետ. դրա համար ունենք ատոմային զենք: Իսկ որոշ դեպքերում մեր սեփական հիմարության եւ ոչ կոմպետենտության խնդիրը շատ ավելի դժվար է լուծել: Դա մեզ սպառնում է առավել, քան՝ ցանկացած արտաքին թշնամի, առավել, քան ԱՄՆ-ը, էլ չասած՝ ինչ-որ Էրդողանի մասին:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին