Ի՞նչ է մտածում սփյուռքը. ծավալուն հետազոտության արդյունքները - Mediamax.am

4441 դիտում

Ի՞նչ է մտածում սփյուռքը. ծավալուն հետազոտության արդյունքները


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ի՞նչ է մտածում սփյուռքը եւ 21-րդ դարում ի՞նչ «բաղադրիչներով» է բնորոշվում հայի ինքնությունը: Հայկական սփյուռքի հետազոտությունը (The Armenian Diaspora Survey-ADS) փորձել է պարզել այս հարցերի պատասխանները:

 

Հետազոտությունն իրականացրել է Լոնդոնի Հայկական ինստիտուտը՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

 

«Մենք հաճախ ենք լսում՝ «սփյուռքն այս է մտածում», «սփյուռքն այն է ուզում», բայց չունենք դրա ապացույցները: Հայկական սփյուռքի վերաբերյալ այս հետազոտությունը ներկայացնում է որոշ փաստեր, թե իրականում ինչ է մտածում սփյուռքը, ինչ է ցանկանում, ինչ ակնկալիքներ ունի»,- ասել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների ծրագրի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը:

 

Սփյուռքի հանրային կարծիքի ուսումնասիրությունը կատարվել է 2019 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին՝ 4 երկրների՝ Արգենտինա, Լիբանան, Ռումինիա, Կանադա (Մոնրեալ), 18 քաղաքներում:

Լուսանկարը` REUTERS

175-էջանոց հետազոտությունը ներկայացնում է 3 հազար հայերի կարծիքն ինքնության, լեզվի եւ մշակույթի, կրոնի, համայնքային կյանքին ներգրավվածության եւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին:

 

«Մենք ընդգրկել ենք համայնքային բոլոր կազմակերպություններին՝ քաղաքական կուսակցություններ, եկեղեցիներ, ընկերություններ եւ այլն: Նաեւ շատ ժամանակ եւ մեծ ջանքեր ենք գործադրել՝ գտնելու համար այն մարդկանց, որոնք ակտիվ չեն համայնքային կյանքում: Ունենք հետազոտության մասնակիցների լայն շրջանակ:

 

Յուրաքանչյուր երկրում տեղակայել էինք փորձագետներից, գիտնականներից, համայնքային ղեկավարներից կազմված խումբ, որը լավ ծանոթ էր տվյալ համայնքին: Բացի այդ, հավաքագրել էինք տեղացի հետազոտողների փոքրիկ թիմ»,- արդյունքները ներկայացնելիս ասել է Հայկական սփյուռքի հետազոտության ղեկավար Հրաչ Չիլինգիրյանը:

 

«Ի՞նչ ճանապարհով եք սահմանում ձեր հայկական ինքնությունը» հարցին 68%-ը պատասխանել է՝ ընտանիքի, 59 %-ը՝ լեզվի եւ 46 %-ը մշակույթի:

 

Հարցվածների 53 %-ը նշել է, որ սահուն տիրապետում է հայերենին, 15 %-ն ունի հայերենի միջին մակարդակը, 10 %՝ տարրական: Ի դեպ, լեզվին սահուն տիրապետում է Մոնրեալում հարցված հայերի 78 %-ն, իսկ Լիբանանում՝ 77 %-ը:

Քաղաքական դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ 38 %-ը նշել է, որ ունի ազատական հայացքներ, 17 %-ը՝ պահպանողական:

Լուսանկարը` REUTERS

4 երկրի 3 հազար հարցված հայերի 68 %-ը հավատում է Աստծուն, 13 %-ը՝ աթեիստ կամ ագնոստիկ է: 80 %-ը կարծում է, որ այսօր հայկական ինքնության համար քրիստոնեությունը շատ/բավականին կարեւոր է:

 

Հայաստանն իր հայրենիքը համարում է հարցվածների 42 %-ը: 57 %-ի համար հայրենիքն այն երկիրն է, որտեղ ծնվել է, իսկ 30 %-ի համար՝ այն երկիրը, որտեղ ապրում է:

 

Հայաստանում կամ Արցախում առնվազն մեկ անգամ եղել է հարցվածների մեծ մասը՝ 61 %-ը: Հայկական երկու հանրապետություններ այցելելու մտադրություն ունի 35 %-ը:

 

Իրենց համայնքի ամենամեծ մարտահրավերը հարցվածների 36 %-ը համարում է ուժեղ եւ հեռատես ղեկավարության, իսկ 34 %-ը՝ երիտասարդներին հետաքրքրող միջոցառումների պակասը: Խառնամուսնությունը հայկական համայնքներին սպառնացող (29 %) երրորդ մարտահրավերն է:

 

Հարցվածների 42 %-ն ասել է, որ իր համայնքն ունի Հայաստանի պատմությանը, լեզվին, մշակույթին, սննդին եւ այլ թեմաներին առնչվող դասախոսությունների եւ գործունեության կարիք: 35 %-ը նշել է երեխաների մշակութային գործունեության, ամառային ճամբարների, սկաուտական խմբերի, 28 %-ը`մասնագիտական ցանցի, եւս 28 %-ը՝ հայկական դպրոցների կարիքի մասին:

Լուսանկարը` REUTERS

Իրենց երեխաներին հայկական մեկօրյա դպրոց կամ արտադպրոցական դասերի կուղարկի կամ ուղարկել է հարցվածների մեծ մասը՝ 78 %: 71 %-ն ակնկալում է, որ այստեղ իր երեխան կսովորի հայերեն: 59 %-ը որակյալ ընդհանուր կրթության, իսկ 47 %-ը հայկական ինքնության պատկանելությունը խրախուսելու համար է երեխային ուղարկում հայկական դպրոց:

 

Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին զարգացնել տնտեսությունը եւ ստեղծել աշխատատեղեր: Այսպես է կարծում 62 %-ը: Ըստ հարցվածների՝ Հայաստանը սփյուռքի օգնության կարիքն ունի նաեւ կրթության (46%) ոլորտում եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության կառուցման (35%) գործում:

 

Սփյուռքը եւս ակնկալիքներ ունի Հայաստանից, մասնավորապես՝ զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման (47 %), մշակութային (42 %)  եւ ուսուցիչների պատրաստման ծրագրերի (34 %):

Լուսանկարը` REUTERS

Բոլորին ուղղված 50 հարցից բացի՝ ամեն համայնքին առնչվող լրացուցիչ եւս 5 հարց էր տրվել:

 

Օրինակ, 2019-ի հոկտեմբերին Լիբանանի հարցված հայերի 58 %-ն ասել է, որ հավանական կամ շատ հավանական է, որ առաջիկա 5 տարում կլքի երկիրը: Լիբանանի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոստյանը ասել է, որ եթե հարցումն անցկացվեր այսօր, ապա այդ տոկոսը շատ ավելի մեծ կլիներ: Բայց սա միայն հայերի խնդիրը չէ: Այս շրջանում Լիբանանը ցանկանում են լքել նաեւ մահմեդականները:

 

Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին