«Խնամողի դպրոց»՝ մասնագիտական մոտեցում տարեցների խնամքին - Mediamax.am

exclusive
1891 դիտում

«Խնամողի դպրոց»՝ մասնագիտական մոտեցում տարեցների խնամքին


Լուսանկարը` Gaetan Vandenbroucke

Արթուր Թորոսյանը
Արթուր Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Թորոսյանը
Արթուր Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարեցների կյանքի որակի բարձրացման ճանապարհին մեծ դեր կարող են ունենալ նրանց հետ աշխատող խնամող-մասնագետները: Այդպիսի մասնագետների պատրաստման/վերապատրաստման համար Հայաստանում «Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիան» նախաձեռնել է «Խնամողի դպրոց»-ը:

 

Նոր նախաձեռնության նպատակների ու խնամողի աշխատանքի մասնագիտական մոտեցման մասին Մեդիամաքսը զրուցել է ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանի հետ:

 

Մասնագիտական ընկալման ձեւավորում

 

Այսօր Հայաստանում տարեցների խնամքը, որպես աշխատանք, հետաքրքրում է հիմնական գործազուրկ տնային տնտեսուհիներին, երբեմն էլ այն մարդկանց, որոնք ուղղակի խղճահարությունից դրդված ցանկանում են օգնել մեծահասակներին: Խնամողի աշխատանքին դեռեւս մասնագիտական վերաբերմունք չկա:

 

Իսկ տարեցների խնամքի ոլորտում հատուկ գիտելիքներ եւ հմտություններ են անհրաժեշտ, եթե չունենանք կրթված մասնագետներ, չենք կարող մտածել տարեցների կյանքի որակը բարձրացնելու մասին:

Արթուր Թորոսյանը Արթուր Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեւոր խնդիր կա մտածելակերպի փոփոխման հետ կապված: Խնամողի աշխատանքը, ինչպես շատ զարգացած երկրներում, մեզ մոտ եւս պետք դիտվի որպես առանձին մասնագիտություն: Երբ այդ ընկալումն ամրապնդվի, այդ դեպքում, բնականաբար, մասնագետի պահանջարկն ու վարձատրությունն էլ կբարձրանա, ինչպես ցանկացած ոլորտում:

 

Խնամողի աշխատանքն ամբողջ բաղադրիչների շղթա է ներառում, տարեցների հետ զրույցից, շփումից, նրանց լսելուց սկսած՝ մինչեւ առաջին բուժօգնության ապահովում:

 

Անվճար ուսուցում՝ «Խնամողի դպրոց»-ում

 

Մեր ասոցիացիան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականություն է դարձրել «Խնամողի դպրոց»-ը, որտեղ, առաջին անգամ Հայաստանում, անվճար մասնագիտական դասընթացներ են անցկացվում:

 

Դպրոցում դասավանդում են ասոցիացիայի դասախոսները, որոնք արտասահմանում, միջազգային տարբեր ծրագրերում վերապատրաստում անցած բժիշկներ են:

 

 

Դասընթացի ժամանակ առանձնացված թեմաներ կան տարեցների հոգեբանության, առաջին բուժօգնության, նրանց անվտանգության, ճիշտ սննդակարգի, հիգիենայի վերաբերյալ:

 

2-ամսյա դասընթացը անցնում է ոչ ֆորմալ կրթության մեթոդներով, շաբաթական 3 օր՝ 2-ական ժամով: Ընդհանուր լինում է 36 ակադեմիական ժամ, որին պիտի հաջորդի գործնական մաս՝ որեւէ հաստատությունում:

Արթուր Թորոսյանը Արթուր Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը եւ սահմանափակումները, «Խնամողի դպրոց»-ի «Մեծահասակների եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հիմունքները» դասընթացը վերամշակվել եւ հարմարեցվել է հեռավար կրթության պահանջներին:

Հեռավար ուսուցման անցնելն էլ իր առավելությունն է ունեցել, քանի որ դասընթացին կարողացել են միանալ նաեւ մարզերից, մասնավորապես, Վայքից, Իջեւանից, Արտաշատից:

 

Մասնակիցների շարքում ընդգրկվել են ինչպես բուժքույրեր եւ մարդիկ, որոնք ներկայում աշխատում են որպես խնամող, այնպես էլ խնամքի կարիք ունեցող տարեցների ընտանիքի անդամներ, որոնք որոշել են սովորել եւ ինքնուրույն հոգ տանել իրենց հարազատի մասին:

 

Մասնակիցների ընտրությունն ու աշխատանքի հնարավորությունը

 

Մեզ համար մասնակիցների ընտրության առաջին չափորոշիչը նրանց պատրաստակամությունն է այս աշխատանքում:

 

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել, անկախ տարիքից, բոլոր այն անձիք, որոնք ցանկանում են եւ կարիք ունեն տիրապետելու տարեցների խնամքի առանձնահատկություններին: Ներկայում որպես խնամող աշխատողներն ու բուժքույրերը եւս կարող են մասնակցել՝ ունեցած գիտելիքներն առավել ամրապնդելու համար:

 

 

Դասընթացի ավարտին մասնակիցները քննություն են հանձնում եւ ըստ իրենց գնահատականների՝ վկայականներ ստանում: Գերազանցությամբ քննություն հանձնած մասնակիցներին հնարավորություն է տրվում ասոցիացիայում աշխատանքի անցնել:

 

2020թ. ապրիլի 22-ին մեկնարկած դասընթացի առաջին փուլն ունեցել է 68 մասնակից, որոնցից 25-ն արտակարգ դրության ավարտվելուն պես կանցնեն գործնական դասերի շարքը եւ բարեհաջող քննությունից հետո կստանան վկայականներ:

 

«Խնամողի դպրոց»-ը շարունակվում է, արդեն իսկ հայտեր ունենք հաջորդ ուսումնական շրջանի համար: Շուտով կհայտարարվի նոր խմբի հավաքագրման մասին:

 

ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2019-ի տվյալների համաձայն՝ երկրի բնակչության ընդհանուր թվաքանակում 63 տարեկան եւ բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է 419 174 մարդ կամ 14,1%-ը:

 

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին