«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 23-ը ներառյալ - Mediamax.am

2395 դիտում

«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 23-ը ներառյալ



Երեւան: Մեդիամաքս: Ազգային պատկերասրահում այսօրվանից վերաբացվել է «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը: Այն գործելու է մինչեւ օգոստոսի 23-ը ներառյալ:

Ազգային պատկերասրահից հայտնում են, որ հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը, պատկերասրահի այցելության ժամերը կսահմանվեն 11:00-ից 20:30:

 

Ցուցահանդեսի տոմսերը կարելի է ձեռք բերել Ազգային պատկերասրահի տոմսարկղից: Մեծահասակների համար տոմսի արժեքն է 3 000 դրամ, ՀՀ քաղաքացի հանդիսացող դպրոցականների համար՝ 500 դրամ, ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների եւ թոշակառուների համար՝ 1000 դրամ:

 

Նախքան Արտակարգ դրությունը ձեռք բերված տոմսերը ուժի մեջ են:

 

Մեդիամաքսը նշում է, որ հավաքածուն պատկանում է մեկենաս եւ հավաքորդ Ալեքսանդր Շադրինին: Ցուցահանդեսի բացմանը նա ասել էր.

 

 «Եթե կարծում եք, որ գալու եք այստեղ եւ կես ժամվա ընթացքում դիտելու եք բոլոր նկարները, ավելի լավ է՝ մի եկեք: Յուրաքանչյուր գործին գոնե 30 վայրկյան նայելու համար ձեզանից կպահանջվի նվազագույնը երկու ժամ` առանց ֆիլմերը դիտելու: Այդ պատճառով զինվեք համբերությամբ, եւ եթե ժամանակ կգտնեք, դիտեք նաեւ ֆիլմերը, որոնք ես ներընտանեկան դիտման համար եմ նկարել, երկար տարիներ չեմ ցուցադրել որեւէ տեղ»:

 

Հավաքածուում մեծամասնություն են կազմում Դալիի աշխատանքները, իսկ Պիկասոն ներկայանում է 30 կերամիկական աշխատանքներով ու «Երեւակայական դիմանկարներ» ամբողջական շարքով (29 աշխատանք):

 

«Հանրությունը Պիկասոյին գիտի որպես անվանի գեղանկարիչ, քանդակագործ: Բայց այստեղ նա նաև ներկայանում է որպես բավական հաջողակ ու հետաքրքիր մտածողությամբ խեցեգործ: Պիկասոն չի օգտագործել ավանդական միջոցներ խեցեգործության ոլորտում և կարելի է ասել՝ ինչ-որ առումով քանդակային բնույթ ու երանգ է հաղորդել իր աշխատանքներին, այսինքն՝ ձեռքով ծեփման միջոցով է արել:

 

Իր կենցաղում նա կիրառել է այս աշխատանքները, իր ընտանիքի հավաքածուն է եղել: Մեր ցուցահանդեսում Պիկասոն ներկայանում է նաև «Երևակայական դիմանկարներ» շարքով, որտեղ պատկերված են նրա հայրն ու մտերիմ անձինք»,- ասել է ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանը:

 

Ցուցահանդեսում ներկայացված են Սալվադոր Դալիի մի քանի ամբողջական շարքեր, որոնցից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում «Մարդկային ջունգլի», «Դիցաբանություն», «Ապոլիների մերկերը», «Մարդկային արատներ» շարքերը:

 

«Ամենասկանդալային շարքը, կարելի է ասել, «Մարդկային արատներ» շարքն է: Դալին, իր երեւակայությանը ազատություն տալով, ինչպես միշտ ցենզուրայից բավական դուրս աշխատանքներ է ստեղծել, ինչը շատ հաճախ հակասական տպավորություն է ստեղծում արվեստասերների մետ»,-  ասել է Մարիամ Դավթյանը:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին