Ջորջ Սորոս. Ճգնաժամի, Թրամփի եւ Եվրոպայի խոցելիության մասին - Mediamax.am

3498 դիտում

Ջորջ Սորոս. Ճգնաժամի, Թրամփի եւ Եվրոպայի խոցելիության մասին


Ջորջ Սորոսը
Ջորջ Սորոսը

Լուսանկարը` Joshua Roberts/Bloomberg/Getty Images


Die Welt-ի հետ զրույցից առաջ Ջորջ Սորոսը թենիսի կորտում էր: Նա խաղում է շաբաթը երեք անգամ, չնայած արդեն այդքան էլ հեշտությամբ չի տեղաշարժվում. օգոստոսի 12-ին Սորոսը նշեց իր 90-ամյակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք հատված գերմանական թերթի հետ Սորոսի հարցազրույցից։

 

Կորոնավիրուսային ճգնաժամը

 

«Մենք անցնում ենք ճգնաժամի միջով, որը ամենաբարդն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։ Ես այն կկոչեի դարաշրջանի շրջադարձային կետ, որտեղ գործողությունների հնարավոր տարբերակները շատ ավելի բազմազան են, քան սովորական ժամանակ: Այն, ինչը նորմալ իրավիճակում անհնար էր պատկերացնել, դարձել է ոչ միայն հնարավոր, այլեւ իրական: Շատերն ապակողմնորոշված են եւ վախի զգացողություն ունեն: Նրանք գործում են՝ վնասելով իրենց եւ մնացած աշխարհին»:

 

Եվրոպան շատ խոցելի է

 

«Եվրոպան շատ ավելի խոցելի է, քան Միացյալ Նահանգները՝ պատմության հնագույն ժողովրդավարություններից մեկը: Բայց նույնիսկ Միացյալ Նահանգներում Թրամփի նման խարդախը կարող է նախագահ ընտրվել եւ ներսից խարխլել ժողովրդավարությունը: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները բազմակողմանի վերահսկողության եւ ժամանակի ընթացքում փորձարկված կանոնների ավանդույթ ունի: Եվ ամենից վեր սահմանադրությունն է: Հետեւաբար, ես վստահ եմ, որ Թրամփը ժամանակավոր երեւույթ է, որի վերջը, հուսով եմ, կգա նոյեմբերին: Բայց նա դեռ շարունակում է վտանգավոր մնալ, նա պայքարում է կյանքի համար եւ ամեն ինչ անելու է, որպեսզի պահի իշխանությունը»:

 

Եվրոպայի թշնամիները

 

«Նրանք շատ են, բայց մի ընդհանուր բան ունեն. բացասաբար են վերաբերվում բաց հասարակության գաղափարին: Ես ԵՄ-ի կրքոտ կողմնակից դարձա, քանի որ այնտեղ տեսա բաց հասարակության մարմնավորում: Նախկինում ԵՄ-ի ամենամեծ թշնամին Ռուսաստանն էր, բայց այժմ Չինաստանը գերազանցել է նրան։

 

Ռուսաստանը վերահսկում էր Չինաստանը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Նիքսոնը չհասկացավ, որ Չինաստանի բացվելն ու վերածնունդը կթուլացնի կոմունիզմը ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այո, նա կորցրեց իշխանությունը, բայց նա եւ Քիսինջերը հիանալի ստրատեգներ էին: Նրանց որոշումը բերեց Դեն Սյաոպինի մեծ բարեփոխումների: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Չինաստանը զբաղեցրել է առաջատար դիրքեր արհեստական բանականության ոլորտում: Իսկ արհեստական բանականությունն արտադրում է վերահսկողության գործիքներ, որոնք օգտակար են փակ հասարակություններին ու վտանգ են հանդիսանում բաց հասարակության գոյության համար: Ժամանակակից Չինաստանը շատ ավելի լուրջ սպառնալիք է բաց հասարակության համար, քան Ռուսաստանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին