«Ճգնաժամի պահին մենք վարակված ենք անորոշությամբ» - Mediamax.am

exclusive
4017 դիտում

«Ճգնաժամի պահին մենք վարակված ենք անորոշությամբ»


Իվան Կրաստեւը
Իվան Կրաստեւը

Լուսանկարը` Heinrich-Böll-Stiftung

Իվան Կրաստեւը
Իվան Կրաստեւը

Լուսանկարը` TED Conference

Իվան Կրաստեւը
Իվան Կրաստեւը

Լուսանկարը` TED Conference


Եվրոպացի հայտնի ինտելեկտուալ Իվան Կրաստեւը կարծում է, որ COVID-19 վարակի հետեւանքով առաջացած ճգնաժամից հետո հաջողության կհասնի նա, ով հիմա խուճապի մեջ է: Կառավարությունները կուժեղանան, ազգայնականությունը կվերադառնա, բայց արդեն այլ կերպարանքով: Բացի այդ, պրոֆեսիոնալները կրկին պահանջված կլինեն: 

 

Իվան Կրաստեւը հոդված է գրել այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենան մեր կյանքի վրա այս զարմանալի օրերը:

 

«Ոչ ոք չգիտի, թե երբ եւ ինչով կավարտվի COVID-19-ի համավարակը: Հետեւաբար, այժմ մենք կարող ենք միայն ենթադրություններ անել նրա երկարաժամկետ քաղաքական եւ տնտեսական հետեւանքների վերաբերյալ: Ճգնաժամի պահին մենք վարակված ենք անորոշությամբ», - գրում է նա:

 

Չնայած բազմաթիվ հարցերին, ըստ Կրաստեւի, արդեն իսկ կարելի է որոշ դասեր քաղել, որոնք հաստատում են, որ այս ճգնաժամը արմատապես տարբերվում է նախորդներից:

 

Ուժեղ իշխանությունը կփոխի մարդկանց պահվածքը

 

Կրաստեւը համոզված է, որ, ի տարբերություն 2008-2009 ֆինանսական ճգնաժամի, կորոնավիրուսը կպահանջի պետական կոշտ միջոցների վերադարձը:

 

Ստեղծված իրավիճակը նրան ավելի շատ հիշեցնում է 1929 թվականի Մեծ դեպրեսիային հետեւած ժամանակահատվածը, երբ մարդիկ, հիասթափվելով ազատ շուկայից, պահանջում էին ուժեղ կառավարության միջամտությունը: Հիմա, ըստ Կրաստեւի, մարդիկ ապավինում են, որ պետությունը հոգ կտանի հավաքական պաշտպանության համար եւ կփրկի խորտակվող տնտեսությունը:

 

Սահմանների եւ ազգային պետությունների վերադարձը

 

Ամենաակնհայտ երեւույթներից մեկը հարմարավետության կորուստն է, որն ապահովում էր ազատ տեղաշարժը Շենգենյան գոտում:

 

Կրաստեւի կարծիքով, կորոնավիրուսը ցույց է տալիս սահմանների եւ ազգ-պետությունների միստիկական դերը: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր կառավարություն նախեւառաջ հոգ է տանում իր քաղաքացիների մասին: 

Իվան Կրաստեւը Իվան Կրաստեւը

Լուսանկարը` TED Conference

«Կորոնավիրուսը ամրապնդում է ազգայնականությունը, թեւը նրա ոչ էթնիկ ձեւը», - կարծում է գիտնականը:

 

Փորձագետների եւ գիտության վերադարձը 

 

Սոցցանցերի ուժը ցույց տվեց, որ մարդիկ հաճախ նախընտրում են կարդալ անհեթեթություն, հիմարություններ, բամբասանքներ եւ կանխամտածված ապատեղեկատվություն՝ լուրջ հոդվածների փոխարեն, որոնց հեղինակները տասնամյակներ շարունակ այս կամ այլ խնդրով զբաղվող փորձագետներ են:

 

Այժմ, ըստ Կրաստեւի, ամեն ինչ կարող է փոխվել, եւ կորոնավիրուսը վերջ կդնի պոպուլիստական քաղաքական գործիչների դարաշրջանին:

 

«Մարդկանց մեծ մասը պատրաստ է հավատալ մասնագետներին եւ ուսումնասիրել գիտական ապացույցներ, երբ խոսքը վերաբերում է սեփական կյանքին: Պրոֆեսիոնալիզմը կրկին պահանջված է», - կարծում է նա:

 

Քաղաքացիներին հետեւելու ցանկությունը 

 

«Դժբախտաբար, կորոնավիրուսը կավելացնի հետաքրքրությունը տվյալների լայնածավալ հավաքագրման չինական մոդելի հանդեպ», - կարծում է Կրաստեւը:

 

Արդեն տեսնում ենք, որ նույնիսկ կայացած ժողովրդավարություն ունեցող երկրների կառավարությունները գրոհում են մասնավոր կյանքը եւ համաճարակը դադարեցնելու համար արդեն սկսել են ֆիքսել իրենց քաղաքացիների թողած բոլոր հնարավոր թվային «հետքերը»:

 

«Խուճապի մատնվեք եւ հաջողության կհասնեք»

 

Այն կառավարությունները, որոնք նախկինում բախվել են տնտեսական եւ միգրացիոն ճգնաժամերին, ինչպես նաեւ ահաբեկչական սպառնալիքին, քաջատեղյակ են, որ խուճապը ամենավատ թշնամին է: 

 

«Եթե ահաբեկչությունից մեկ ամիս անց մարդիկ փոխեին իրենց սովորական պահվածքը եւ դադարեին լքել իրենց տները, դա միայն կօգներ ահաբեկիչներին հասնել իրենց նպատակներին», - գրում է Կրաստեւը: Նման բան, ըստ նրա, տեղի ունեցավ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո, երբ մարդկանց վարքագծի փոփոխությունները միայն խորացրեցին ճգնաժամի հետեւանքները:

 

Այդ իսկ պատճառով առաջնորդները սկսեցին կրկնել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Պահպանեք հանգստություն» եւ «Խուճապի մի մատնվեք»: Բայց հիմա կառավարությունները մեզ ասում են, որ մենք պետք է փոխենք մեր սովորական պահվածքը, նրանք մեզ ասում են, որ պետք է մնանք տանը եւ ոչ ոքի չհանդիպենք:

Իվան Կրաստեւը Իվան Կրաստեւը

Լուսանկարը` TED Conference

«Կառավարության հաջողությունը մեծապես կախված է մարդկանց վախեցնելու ունակությունից, որպեսզի նրանք անեն այն, ինչ իրենց հրամայում են: Համավարակի դադարեցման համար մարդիկ պետք է խուճապի մատնվեն եւ արմատապես փոխեն իրենց կենսակերպը», - ասում է Կրաստեւը:

 

Մարդիկ թե՞ տնտեսությունը 

 

Ինչ-որ պահի, կառավարությունները, ըստ Կրաստեւի, ստիպված կլինեն ընտրել երկու ճանապարհի միջեւ՝ դադարեցնել համավարակի տարածումը, ոչնչացնելով տնտեսությունը կամ թույլ տալ ավելի շատ մահեր, բայց փրկել տնտեսությունը:

 

Կրաստեւը դեռեւս չի փորձում կանխատեսել COVID-19 համավարակի քաղաքական ազդեցությունը: Օրինակ՝ մի կողմից ճգնաժամը հաստատեց հակագլոբալիստների վախերը (փակ օդանավակայաններ եւ մարդկանց ինքնամեկուսացում):

 

«Բայց հակագլոբալիստական նոր շարժումները, պարադոքսալ կերպով, կարող են թուլացնել պոպուլիստական խաղացողները, որոնք լուծումներ չեն առաջարկում», - կարծում է Կրաստեւը:

 

Նա արդեն իսկ հասկանում է, որ կորոնավիրուսը հսկայական ազդեցություն կունենա Եվրամիության որոշումների վրա: Մենք դեռ կտեսնենք, թե ինչպես կփոխվի եվրոպական նախագիծը: Բայց արդեն պարզ է, որ կորոնավիրուսը բանավեճեր է հարուցելու որոշ կարեւորագույն հիմքերի վերաբերյալ, որոնց վրա խարսխված է Եվրամիությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին