Դալին ու Պիկասոն Հայաստանում. մանրամասներ - Mediamax.am

exclusive
11182 դիտում

Դալին ու Պիկասոն Հայաստանում. մանրամասներ


Սալվադոր Դալին
Սալվադոր Դալին
Արման Ծատուրյանը
Արման Ծատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պաբլո Պիկասոն
Պաբլո Պիկասոն
Մոսկվայի ցուցահանդեսի ազդագիրը
Մոսկվայի ցուցահանդեսի ազդագիրը

Պիկասոյի եւ Դալիի դիմանկարներով եւ «Շուտով Հայաստանի Ազգային պատկերասրահում» կարճ գրությամբ լուրը շատ արագ տարածվեց, մեկնաբանվեց, քննարկվեց։

 

20-րդ դարի ամենաճանաչված կուբիստն ու սյուրռեալիստը վերջին տարիներին հաճախ են միասին ճանապարհորդում։ Իսպանացի նկարիչների աշխատանքները ռուսաստանցի բիզնեսմեն, «Ազգերի արվեստ» («Искусство Наций» ) հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են։ Որպես շրջիկ ցուցահանդես՝ Դալիի եւ Պիկասոյի գործերը ներկայացվել են տարբեր երկրներում։ Մարտի 7-ին դրանք կհասնեն Հայաստան։

 

Ազգային պատկերասրահի տնօրենի աշխատասենյակի աղմկոտ քննարկումը նույնիսկ ընդունարանում է լսվում. մշակութային մեծ իրադարձությանն են նախապատրաստվում։ 

 

Ազգային պատկերասրահը ցուցահանդեսն իրականացնում է «Մոսկվայի տան» հետ համատեղ՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի հետ համագործակցությամբ, ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։

 

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասում է, որ հանդիպումներ, երկար նամակագրություններ են ունեցել, քննարկել են ամեն մանրուք։ Ապահովագրության ու անվտանգության հարցերը նման ցուցահանդեսների դեպքում ամենակարեւորն են։ 

 

Պաբլո Պիկասոյի ու Սալվադոր Դալիի շուրջ 300 աշխատանք է ցուցադրվելու՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ու գրաֆիկական աշխատանքներ։ 

 

«Ես ծրագրի ղեկավարն եմ, համակարգողը պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանն է։ Ցուցահանդեսը չունի կուրատոր, որովհետեւ նրա հիմնական աշխատանքը կոնցեպցիա ստեղծելն է, իսկ այս դեպքում կոնցեպցիան արդեն կա։ Դալիին ու Պիկասոյին կապող շատ բան կա։

Սալվադոր Դալին Սալվադոր Դալին

 

Դալին, լինելով հանճարեղ նկարիչ, շատ մեծամիտ էր։ Ասում էր, որ աշխարհում միայն ինքն է նկարիչ, ու եւս մեկը, որն էլի իսպանացի է՝ Պիկասոն։ Չնայած՝ ամբողջ կյանքում Դալին «խայթել» է Պիկասոյին, բայց միշտ խոստովանել է, որ նա հանճարեղ նկարիչ է։ Ու հիմա մեզ բախտ է վիճակվել հյուրընկալել այս երկու հանճարեղ նկարիչներին»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասում է Արման Ծատուրյանը։

Պաբլո Պիկասոն Պաբլո Պիկասոն

 

Թեեւ ցուցահանդեսը հատուկ գովազդի կարիք չունի, բայց Ազգային պատկերասրահը շուտով կսկսի գովազդային արշավը։ Հոլովակ են պատրաստում, նաեւ՝ ազդագիր։ Այն տարբերվելու է Մոսկվայի ու Մինսկի ցուցահանդեսների ազդագրից։

Մոսկվայի ցուցահանդեսի ազդագիրը Մոսկվայի ցուցահանդեսի ազդագիրը

 

«Ինչպես բոլոր հայերը, մենք եւս սիրում ենք տարբերվել։ Ի սկզբանե պայման եմ դրել, որ պաստառը պետք է տարբերվի։ Կարծում եմ, որ մենք այդքան երեւակայություն, փորձ եւ դիզայներական տաղանդ ունենք, որ կարողանանք լավ պաստառ պատրաստել»,-ասում է Արման Ծատուրյանը։

Արման Ծատուրյանը Արման Ծատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվադոր Դալին եւ Պաբլո Պիկասոն Հայաստանում կմնան երկու ամիս։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին