Երեւան: Մեդիամաքս: #AraratChallenge համաշխարհային շարժում-հանգանակության շրջանակում արդեն հավաքվել է ավելի քան $ 77 000, տեղեկացրել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից:
#AraratChallenge շարժման միջոցով հավաքված նվիրատվությունները հատկացվելու են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերին, որոնք ուղղված են աղքատության հաղթահարմանը, առողջապահության բարելավմանը եւ կրթության ապահովմանը բոլոր մայրցամաքներում:
«Ավրորան» արդեն կարողացել է օգնել աղքատության մեջ գտնվող եւ հակամարտություններից տուժած շրջաններում բնակվող ավելի քան 850 000 մարդու՝ 15 երկրներում իրականացնելով 23 ծրագիր, որոնց 43% ուղղված է երեխաներին։
Շարժման մեկնարկից ի վեր #AraratChallenge շարժմանը միացել է 2 035 մարդ
25 երկրից՝ ընդհանուր առմամբ նվիրաբերելով $77 070:
«Նոյի պատմությունն ու Արարատ լեռը դարձել են փրկության եւ երկրորդ հնարավորության խորհրդանիշ համայն մարդկության համար: Մենք երախտապարտ ենք եւ երջանիկ՝ տեսնելով, թե ինչպես են հազարավոր մարդիկ միանում #AraratChallenge շարժմանը, քանի որ ուզում են օգնել ուրիշներին եւ մեր աշխարհը ավելի լավը դարձնել»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Շարժման համար ստեղծված բոլոր տեսաուղերձները, ինչպես նաեւ #AraratChallenge-ի մասին մանրամասները կարող եք գտնել նախաձեռնության կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: