Արմեն Ստեփանյան. Ամուլսարի շինհրապարակն անկառավարելի եւ լքված է - Mediamax.am

exclusive
2841 դիտում

Արմեն Ստեփանյան. Ամուլսարի շինհրապարակն անկառավարելի եւ լքված է


Արմեն Ստեփանյանը
Արմեն Ստեփանյանը

Լուսանկարը` «Լիդիան Արմենիա»


2019թ. փետրվարի 18-ին «Լիդիան Արմենիան» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ կառավարությունն է պատասխանատվություն կրում Ամուլսարի տարածքում ձնհալի հետեւանքով հնարավոր բնապահպանական խնդիրների համար, քանի որ 2018թ. ամառվանից ի վեր Ամուլսարի շրջափակման արդյունքում ընկերությունը չի կարողացել ավարտել բնապահպանական համակարգերի շինարարությունը եւ կառավարությունը չի վերացրել ապօրինությունը: 

 

 

Ի պատասխան որոշ ակտիվիստներ հանդես են եկել հեգնական գրառումներով, մասնավորապես, այն մասին, որ ընկերությունը պետք է հանքի վրա «անձրեւանոց» կառուցեր: Դրանք մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանին:

 

- Ցավում եմ, որ «ակտիվիստները» պատկերացում չունեն, թե ինչ բան է բնապահպանական կառավարումը ու ժամանակակից հանքի կառուցումը: 

 

Կանադայից մինչեւ Նորվեգիա, որտեղ մի քանի անգամ ավելի ձնառատ վայրերում հանքեր են գործում, կառուցվում են ձնհալի ջրերի կառավարման համակարգեր:  Դրանք ենթադրում են ջրահեռացման խողովակներ եւ համակարգեր, ջրերի կուտակման ավազաններ: Ամուլսարում կառուցումը սկսել էինք, բայց ավարտին չէինք հասցրել՝ հունիսից ի վեր իրականացվող ապօրինության ու կառավարության անգործության հետեւանքով: Հետեւաբար, այն հնարավոր բնապահպանական հետեւանքները, որոնք կարող են առաջանալ ձնհալի հետեւանքով, կառավարության պատասխանատվությունն է:

 

«Անձրեւանոցն», իհարկե, հետաքրքիր գաղափար է, եւ մեր ակտիվիստները կարող են այդ «նոու-հաուն» առաջարկել, օրինակ, կանադացի հանքարդյունաբերողներին:

 

- Ակտիվիստները նաեւ հարցնում են, թե ինչո՞ւ նախորդ տարի չեք կառուցել այդ համակարգերը, երբ ճանապարհները դեռ բաց էին: 

 

- 2017-ին շինարարությունը նոր էր սկսվել, խախտված հողի նման ծավալ չկար: Ջրահեռացման համակարգերը, ինչպես եւ ծրագրվում էր, սկսել էինք կառուցել 2018թ. ի գարնանը, որպեսզի ավարտեինք ձյան սեզոնից առաջ, եւ պատրաստ լինեինք ձնհալին: Բայց, ինչպես գիտեք, հունիսից ակտիվիստները ստեղծել են մի իրավիճակ, որի հետեւանքով մի քանի հարյուր հեկտար խախտված հողերը՝ ահռելի շինհրապարակը, դարձել է լքված, անկառավարելի տարածք, կիսատ մնացած ջրահեռացման համակարգերով՝ դրանից բխող հնարավոր հետեւանքներով: 

 

 

Նույնիսկ շինարարությունից պատկերացում չունեցող մարդը կարող է հասկանալ, թե ինչ է նշանակում հունիսից լքված մի քանի հարյուր հեկտար շինարարական հրապարակ՝ ձյան տակ: 

 

- Արդյո՞ք կառավարությանը տեղյակ պահել եք այս վտանգների մասին:

 

-Այո, կառավարությունը ընկերության կողմից մի քանի անգամ ծանուցվել է, որ ապօրինության հետեւանքով մենք չենք կարողացել իրականացնել այն, ինչը կարող էր լինել Հայաստանի համար աննախադեպ որակի բնապահպանական կառավարում՝ նույնիսկ շինարարության փուլում: 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին