«Ավրորա»-ն շարունակում է աջակցել Մատենադարանին - Mediamax.am

2452 դիտում

«Ավրորա»-ն շարունակում է աջակցել Մատենադարանին


Լուսանկարը` «Ավրորա»


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին` այս տարի $ 20 000 դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունն անգնահատելի է: Այս նոր նախագծով մենք կունենանք շատ օգտակար գործիք՝ ինտերակտիվ քարտեզ, որը հնարավորություն կտա առավել պատկերավոր ներկայացնել հայ գրչության կենտրոնները, որոնք բացառիկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային կյանքում: Արդի տեխնոլոգիական լուծումներն ամենաարդյունավետ միջոցն են՝ ներկայացնելու հայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու դրա ազդեցությունը համաշխարհային մշակույթի գանձարանում»,- ասել  է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:

 

Մեկ հպումով Մատենադարանի յուրաքանչյուր այցելու կկարողանա ճանապարհորդել պատմության մեջ եւ տեսնել գրչության տասնյակ կենտրոնների զարգացումը: 

 

Առանձին պատուհանով կբացվեն գրչության կենտրոնների պատկերները եւ դրանց մասին մանրամասն տեղեկություններ՝ հակիրճ պատմությունը, աշխարհագրական դիրքը, վանական համալիրի ճարտարապետական բնութագիրը, թե որտեղ է գտնվել տվյալ կենտրոնը: Առանձին պատուհաններով կտրամադրվի նաեւ ինֆորմացիա ձեռագրերի մասին՝ վերնագիր, ժամանակաշրջան, գտնվելու վայր, գրչի եւ մանրանկարչի անուններ, վիճակագրական տվյալներ եւ այլն: 

 

«Ուրախ ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը Մատենադարանի հետ, որտեղ  հսկայական քանակության հայկական ձեռագրեր են պահվում: Այս ձեռագրերն են պատուհան բացում դեպի հայկական մտքի եւ Արեւմտյան աշխարհի պատմություն: «Ավրորան» կարեւորում է հայերի անցյալն ու ներկան համաշխարհային զարգացման համատեքստում ներկայացնելը: Այս նախագիծը եւս ծառայում է այդ գործին՝ բացի պահպանումից, հեշտացնելով դրանց բազմակողմանի ներկայացումը»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը: 

 

«Ավրորան» արդեն չորրորդ դրամաշնորհն է տրամադրում Մատենադարանին՝ հիշողության պահպանման Armenian Memory Act նախագծի շրջանակում: 2015թ. դրամաշնորհով ինստիտուտը հնարավորություն է ստացել ձեռք բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում:

 

2016-ին տրամադրված դրամաշնորհով Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարներ վերապատրաստվել են Գերմանիայում: 

 

2017թ. դրամաշնորհով Մատենադարանը կազմակերպել է 50-ից ավելի դասախոսություններ:

 

Պատրաստվում է նաեւ գրքույկ Մատենադարանում աշխատող էքսկուրսավարների եւ գիտաշխատողների համար: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին