11 պատանիներ Մերձավոր Արեւելքից ստացել են «Ավրորա» կրթաթոշակ - Mediamax.am

4445 դիտում

11 պատանիներ Մերձավոր Արեւելքից ստացել են «Ավրորա» կրթաթոշակ


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների արժանացած տասնմեկ պատանիների անունները։

Մերձավոր Արեւելքի յոթ երկրներից ժամանած երիտասարդները 2018թ. սեպտեմբերին սկսել են իրենց ուսումը Միավորված աշխարհի քոլեջներ (UWC) կրթական ցանցի դպրոցներում՝ աշխարհով մեկ։ Կրթաթոշակներն ուսանողներին հնարավորություն են տալիս ապրելու ապահով եւ ստանալու աջակցություն ու լուրջ կրթություն։ Բոլոր կրթաթոշակառուները կամ փախստականներ են, որ կորցրել են մեկ կամ երկու ծնողի, կամ գալիս են մարգինալացված համայնքներից։

 

2018թ. կրթաթոշակառուները ծագում են Սիրիայից, Լիբանանից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Եգիպտոսից եւ Իրաքից՝ ընտրվելով այդ երկրներում գործող UWC Ազգային կոմիտեների կողմից։ Երախտագիտության կրթաթոշակները հայության երախտագիտության դրսեւորումն է՝ ուղղված Մերձավոր Արեւելքի այն ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օթեւան եւ սնունդ են տրամադրել հայ գաղթականներին։

 

Ուսանողները տեղաբաշխվել են աշխարհով մեկ գործող Միավորված Աշխարհի Քոլեջներ ցանցի հաստատություններում, այդ թվում՝ Հայաստանում, Նորվեգիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Նիդեռլանդներում։

 

«Մենք հպարտությամբ ողջունում ենք այս տարվա Երախտագիտության կրթաթոշակառուներին։ «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակները հնարավորություն են տալիս ուսանողներին հետամուտ լինելու իրենց երազանքների իրականացմանը։ Սա հատկապես կարեւոր է այն երիտասարդների համար, որոնց կյանքը լրջորեն տուժել է հակամարտությունից եւ տեղահանությունից։ Մենք խորապես հավատում ենք, որ կրթությունն ի զորու է ցանել փոխըմբռնման սերմեր, միավորել մարդկանց, կերտել խաղաղություն եւ դրականորեն ազդել մեր աշխարհի վրա՝ ձեւավորելով ավելի կայուն ապագա։ UWC դպրոցների նախկին, ներկա եւ ապագա ուսանողներն այս շարժման մի մասնիկն են ու ստացել են սովորելու եւ միմյանց օգնելու հնարավորություն։ Սա բարեգործության շղթա է», - ասել է UWC Դիլիջան քոլեջի կառավարող խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։

 

«Հավատացած ենք, որ այս կրթաթոշակային ծրագիրը հավելյալ մի հնարավորություն է, որով մենք նպաստում ենք երիտասարդների շրջանում միջմշակութային փոխանակմանը եւ մարդասիրական արժեքների գիտակցմանը, իսկ ընդհանուր հարկի տակ նրանց միավորելով՝ ընձեռում ենք միմյանցից սովորելու առիթ՝ ձեւավորելով ապագա այն սերունդը, որը մարմնավորելու է երախտագիտության, մեծահոգության եւ մարդկայնության արժեքները», – հավելել է նա։

 

Այս տարվա կրթաթոշակառուներից Ալիս Ալ-Մոհամադը նշել է.

 

«Այս հնարավորությունը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար, քանի որ ինձ առիթ է տալիս ոչ միայն ծանոթանալու ավելի լավ կրթական մի համակարգի, այլեւ հանդիպելու եւ շփվելու զանազան մշակույթներ կրող մարդկանց հետ։ Նախքան «Ավրորայի» կողմից այստեղ գտնվելու հնարավորություն ստանալը, ես միշտ համարել եմ, որ իմ ազատությունն ու սեփական մտքերով կիսվելու միջոցները սահմանափակված են, մինչդեռ այժմ զգում եմ, որ այդպիսի սահման այլեւս գոյություն չունի»։

 

$ 7 մլն ընդհանուր ֆոնդ ունեցող Երախտագիտության կրթաթոշակային ծրագրում ներառված են նաեւ Ամալ Քլունիի, Շառլ Ազնավուրի եւ Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակները։ Ծրագրի ընթացքում հակամարտությունների, աղքատության եւ այլ անբարենպաստ պայմաններից տուժած երկրներից 100 խոստումնալից երիտասարդների եւ ապագա պոտենցիալ առաջնորդների ընձեռվել է UWC ցանցի միջազգային դպրոցներից եւ քոլեջներից մեկում ուսանելու հնարավորություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին