Պաշտպանը կոչ է արել դադարեցնել հասարակությունը պառակտելու փորձերը - Mediamax.am

4675 դիտում

Պաշտպանը կոչ է արել դադարեցնել հասարակությունը պառակտելու փորձերը


Արման Թաթոյանը
Արման Թաթոյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը:

«Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների, իսկ մի շարք դեպքերում նաեւ իրավապաշտպանների կողմից», - հայտարարել է Պաշտպանը:

 

«Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Այս երեւույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: Այն կարող է ունենալ խորը բացասական հետեւանքներ, որոնց վերացումը կպահանջի երկարաժամկետ ջանքեր», - ավելացրել է Արման Թաթոյանը:

 

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկումն արձանագրել է վերջին օրերի ընթացքում վիրավորանքի ու ատելության խոսքի զգալի աճ:

 

Դիտարկումը վկայում է, որ «որեւէ կողմին», հատկապես՝ գործադիր իշխանությանն ուղղված քննադատություն, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես այլակարծություն պարունակող հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից արվում են վիրավորանք ու ատելության խոսք եւ նույնիսկ բռնության կոչեր պարունակող մեկնաբանություններ: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք հաճախ արվում են առանց այդ հրապարակումների բովանդակությանը ծանոթ լինելու՝ հիմնվելով վերնագրերի վրա կամ միայն հաշվի առնելով հրապարակման հեղինակի անձը: Ընդ որում, ագրեսիվությամբ են առանձնանում առերեւույթ կեղծ օգտատերերի գրառումները, որոնց թիվը զգալիորեն ավելացել է: Վերջին օրերին արձանագրվել է նաեւ Ազգային ժողովի պատգամավորներին ուղղված այդպիսի մեկնաբանությունների շեշտակի աճ, ինչը մտահոգիչ է հասարակությունում ԱԺ պատգամավորի դերի ու հեղինակության տեսանկյունից», - ասել է մարդու իրավունքների պաշտպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին