Հեղինակը պատմել է Ազնավուրին ճանապարհած «Հայկական վալսի» մասին - Mediamax.am

exclusive
25932 դիտում

Հեղինակը պատմել է Ազնավուրին ճանապարհած «Հայկական վալսի» մասին


Դան Ղարիբյանը
Դան Ղարիբյանը

Լուսանկարը` Jean-Christophe Torre


Շառլ Ազնավուրին նվիրված «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած «Հայկական վալս» երգը գերեց շատերի սրտերը: Հատկապես Հայաստանում մարդիկ սկսեցին հետաքրքրվել երգի պատմությամբ։

 

 

Մեդիամաքսի հետ զրույցում «Հայկական վալս»-ի բառերի եւ երաժշտության հեղինակը` Դան Ղարիբյանը, խոստովանել է, որ ինքն էլ հանրության հետ է բացահայտել, որ արարողության ժամանակ իր երգն է հնչում։

 

«Ոչինչ պատահական չի գրվում, եւ բառերն իրենք ամեն ինչ ասում են։ Ստեղծագործելիս ինձ ոգեշնչում է կյանքը, բայց առավել եւս կանայք: Այո, կանայք ոգեշնչման աղբյուր են ինձ համար», - ասել է երաժիշտը:

 

Դան Ղարիբյանը հայերեն խոսում է, բայց գրավոր հայերենին չի տիրապետում, ուստի երբեմն հայ ընկերներին խնդրում է իրեն օգնել որեւէ բառի հետ կապված։

 

Հեղինակն ասաց, որ հնարավոր է` Շարլ Ազնավուրն իր այս երգը երբեք չէր լսել. չգիտի, թե ով է ընտրել երգը «Ազգային հարգանքի տուրքի» արարողության համար։

 

 

Ֆրանսահայ երաժշտին հաճելի էր իմանալ, որ իր երգը սիրվել է Հայաստանում, նշեց` շատ կուզենա իր տրիոյի հետ հանդես գալ Հայաստանում. «Տարիներ առաջ մի քանի անգամ ելույթ եմ ունեցել, բայց նաեւ սիրում եմ որպես զբոսաշրջիկ գնալ եւ շրջել Հայաստանում»։

 

Դան Ղարիբյանը մեզ պատմեց նաեւ Ազնավուրի հետ իր համագործակցության մասին:

 

«Նրան հրավիրել էինք մեզ հետ երգելու։ «Bratsch» խմբի «Plein du monde» ձայնասկավառակի բոլոր երգերը հատուկ հրավիրված ճանաչված երաժիշտների հետ ենք կատարել։ Ազնավուրի հետ երգեցինք «Մի կաթիլ ջուր» երկլեզու երգը, նա ասաց, որ կերգի ֆրանսերեն եւ միայն երկու նախադասություն կկատարի հայերեն, այդպես էլ եղավ: Երգի մնացած մասը ես երգեցի։ Դա այն հազվադեպ դեպքերից էր, որ նա հայերեն էր երգում»։

 

 

Ֆրանսահայ արվեստագետն ասաց` դա միակ առիթն է եղել մեծ լեգենդի հետ շփվելու։

 

Շառլ Ազնավուրն իր կենդանության օրոք փորձում էր ճանապարհ հարթել այլ երաժիշտների համար, այս անգամ իրեն նվիրած հարգանքի տուրքի արարողությամբ ճանաչում բերեց տարիներ շարունակ ստեղծագործող, բայց հայաստանյան հանդիսատեսին ոչ շատ ծանոթ Դան Ղարիբյանին։

 

Նախկինում երաժիշտը «Bratsch» խմբի հետ էր հանդես գալիս, այժմ արդեն` «Դան Ղարիբյան տրիոյի», որի հետ այս շրջանում համերգային շրջագայության մեջ է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, նաեւ` Իտալիայում։

 

Էլլադա Ղուկասյան, Ֆրանսիայում Մեդիամաքսի սեփական թղթակից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին