523 թեկնածու է առաջադրվել 2019թ. «Ավրորա» մրցանակի համար - Mediamax.am

5521 դիտում

523 թեկնածու է առաջադրվել 2019թ. «Ավրորա» մրցանակի համար


Լուսանկարը` Aurora


Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել է 2019 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրման փուլը:

Ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են 523 չկրկնվող թեկնածուների։

 

Չորրորդ մրցանակի առաջադրումները կատարվել են վեց մայրցամաքներից եւ 72 երկրներից։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանն այս առթիվ նշել է.

 

«Առաջադրումների գործընթացը վերահաստատում է մարդկության նկատմամբ մեր հավատը։ Ինչպես որ մեր գոյատեւումը Հայոց ցեղասպանության տարիներին կախված է եղել օտար մարդկանց բարությունից, այնպես էլ այս թեկնածուները՝ լինելով սովորական մարդիկ, ցուցաբերում են միեւնույն մարդկայնությունը՝ սեփական կյանքը վտանգի ենթարկելով հանուն այլոց պաշտպանության։ «Ավրորա» մրցանակի միջոցով մենք կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց՝ աջակցելով նրանց գործին եւ օգնելով փրկել շատերի կյանքը»։

 

Յուրաքանչյուր առաջադրում քննվելու է մարդասիրության ոլորտի մասնագետների եւ փորձագետների կողմից։ Նրանք պատրաստելու են բացառիկ խիզախություն, նվիրում եւ ազդեցություն ցուցաբերած թեկնածուների վերջնացուցակը, որը գնահատման է հանձնվելու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին:

Վերջինս ընտրելու է մրցանակի հերոսներին եւ 2019 թ. դափնեկրին։

 

Անդրադառնալով առաջադրումների գործընթացին՝ «Ավրորա» մրցանակի

համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանն ասել է.

 

«Չնայած հարյուրավոր առաջադրումները վկայում են մարդու հանդեպ մարդու իսկ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի հետեւանքով տեղի ունեցող շարունակական դաժանությունների մասին, «Ավրորայի» հերոսների ընտրության գործընթացը եղել եւ մնում է բացառիկ գոհացուցիչ, քանի որ դրա միջոցով մենք ծանոթանում ենք ողջ աշխարհի առավել ոգեշնչող եւ խիզախ անհատների հետ։ «Ավրորա» մրցանակն արձանագրում է այն դրական ազդեցությունը, որը բոլորս կարող ենք ունենալ մեր օրերում, երբ դրա կարիքն առավել քան հրատապ է»։

 

2019թ. «Ավրորա» մրցանակի հերոսների անունները կհայտարարվեն 2019թ. ապրիլի 24-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին