Ազնավուրն առաջին երգիչն է, ով կարժանանա «ազգային հարգանքի տուրքի» - Mediamax.am

exclusive
44763 դիտում

Ազնավուրն առաջին երգիչն է, ով կարժանանա «ազգային հարգանքի տուրքի»


Լուսանկարը` REUTERS


Փարիզի «Հաշմանդամների պալատում» հոկտեմբերի 5-ին տեղի կունենա «Ազգային հարգանքի տուրքի» արարողություն` նվիրված Շառլ Ազնավուրին։

 

Հարկ է նշել, որ սա հոգեւոր արարողություն չէ, այլ ազգային հերոսին ճանապարհելու կանոնակարգ։ Նման պատվի արժանանում են հիմնականում զինվորականներ, նաեւ Ֆրանսիայի համար մեծ գործ կատարած բացառիկ գործիչներ։

 

Ազնավուրը կլինի ֆրանսիացի առաջին երգիչը, ում այս արարողակարգով կճանապարհեն դեպի հավերժություն։

 

Ըստ կանոնակարգի, դագաղը կծածկվի Ֆրանսիայի դրոշով, իսկ պաշտոնական պատվիրակությունը կղեկավարի երկրի նախագահը, ով նաեւ հատուկ խոսքով հանդես կգա։

 

Լեգենդար երգչի թաղման արարողության մասին առայժմ հայտարարություն չկա, սակայն Ազնավուրի ցանկությամբ նրան կհուղարկավորեն իր ծնողների եւ որդու կողքին։ Գերեզմանը գտնվում է Փարիզից ոչ հեռու` Մոնֆոր-Լամորիում, որտեղ Ազնավուրն արդեն իսկ կառուցել է իր գերեզմանատեղը։

 

«Հաշմանդամների պալատը» Փարիզի տեսարժան վայրերից մեկն է, այս շենքում Ֆրանսիական ռազմական թանգարանն է (Musée de l'Armée)։ Այստեղ են գտնվում Նապոլեոն Բոնապարտի եւ այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։

 

Ազնավուրի ընտանիքը սկզբում նշել էր , որ համեստ արարողություն է ցանկանում, սակայն բազմաթիվ պաշտոնյաներ առաջարկում էին երգչին որպես հերոս ճանապարհելու տարբերակը, որն էլ, ի վերջո, հաստատվեց։

 

Էլլադա Ղուկասյան,

Ֆրանսիայում Մեդիամաքսի սեփական թղթակից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին