Արիանա Կաոիլիի հեծանվարշավը կօգնի սահմանամերձ գյուղերին - Mediamax.am

4658 դիտում

Արիանա Կաոիլիի հեծանվարշավը կօգնի սահմանամերձ գյուղերին


Լուսանկարը` COAF


Երեւան: Մեդիամաքս: ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, մեկնարկ է կտա երկշաբաթյա հեծանվարշավի։

Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Հավաքվելիք 5,500 ԱՄՆ դոլարը կծառայի 6 գյուղերի սպորտային խմբակների ստեղծմանը եւ սարքավորումների ձեռքբերմանը։

 

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կինն իր հեծանվային շրջագայությունը կսկսի Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, կանցնի Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու կավարտի հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։

 

Ճանապարհին Արիանան կանգառներ կանի Ադանա, Սիս, Այնթապ, Տարսոն, Ուրֆա, Դիարբեքիր, Վան, Բայազետ եւ Մակու բնակավայրերում:

 

«Միշտ էլ հետաքրքրվել եմ հնագույն պատմությամբ, հատկապես հայոց պատմությամբ։ Ու մտքովս անցավ, «Ինչու՞ հեծանվով չանցնեմ արեւմուտքից արեւելք կամ հակառակը։ Կարելի է ճամփորդել ամբողջ տարածաշրջանով եւ ընդգրկել այս բոլոր հետաքրքիր պատմական ու հնագիտական վայրերը»,- ասել է Արիանա Կաոիլին։

 

Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավին կարելի է միանալ #bike4coaf հեշթեգով, նաեւ սեփական ներդրումը կատարել հետեւյալ հղմամբ՝

 

https://www.gofundme.com/arianne-caoili-bike4coaf

 

«Կոնվերս բանկը» հովանավորում է բարեգործական արշավին առնչվող որոշակի ծախսեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին