1978 դիտում

Սահմանամերձ համայնքների դպրոցներում նոր լաբորատորիաներ են բացվել


Լուսանկարը` ՀՕՖ

Լուսանկարը` ՀՕՖ

Լուսանկարը` ՀՕՖ

Լուսանկարը` ՀՕՖ

Լուսանկարը` ՀՕՖ

Լուսանկարը` ՀՕՖ


Երեւան: Մեդիամաքս: Բերդ քաղաքի թիվ 3, Պառավաքար, Տավուշ, Այգեձոր, Արծվաբերդ եւ Մովսես գյուղերի դպրոցներում բացվել են վերանորոգված, տեխնիկապես վերազինված ու նոր կահույքով հագեցած ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաները։

Լաբորատորիաների աշխատանքային սարքերն ու նյութերը, սենյակների կահույքը, ինչպես նաեւ վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութը տրամադրվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում։

Դասապրոցեսը լաբորատորիաներում լիարժեք անցկացնելու համար բոլոր դպրոցների քիմիայի եւ ֆիզիկայի ուսուցիչները վերապատրաստում են անցել մինչ 2018-19 ուսումնական տարվա մեկնարկը։ Վերապատրաստման դասընթացները վարել են, ինչպես նաեւ ուսուցիչներին սարքավորումների տեխնիկական հնարավորություններին ու օգտագործման պայմաններին են ծանոթացրել գիտությունների թեկնածուներ Բաբկեն Բայաթյանն ու Պողոս Գաբրիելյանը, ովքեր միեւնույն ժամանակ հավաքածուների եւ սարքերի հեղինակներն են։

Լուսանկարը` ՀՕՖ


ՀՕՖ-ի Կրթական եւ գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը լաբորատորիաների բացման արարողության ընթացքում նշել է, որ դրանք կօգնեն հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների նկատմամբ, իսկ դասավանդող ուսուցիչներին էլ հնարավորություն կտա պրակտիկ պարապմունքների միջոցով ամրապնդել փոխանցվող գիտելիքները։

«Բնագիտական առարկաների լիարժեք դասավանդման համար  հանրակրթական, հատկապես, մարզային դպրոցների նյութատեխնիկական բազան թերհագեցած է։ Այս առարկաների միայն տեսական դասավանդմամբ հազիվ թե լավ հիմքեր ստեղծվեն բուհեր ընդունվողների համար: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ բնագիտական առարկաների գծով բուհ ընդունվողների քանակը սարսափելի նվազել է։ Հետեւաբար, գիտության զարգացումը այս ուղղությամբ վաղ թե ուշ տուժելու է անհրաժեշտ մասնագետների պակասի հետեւանքով»,- հավելել է Էդուար Կարապետյանը՝ բոլոր դպրոցների աշակերտներին հաջող ուսումնական տարի մաղթելով։

Լուսանկարը` ՀՕՖ


«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը (ԱՀՏՄ) մեկնարկել է 2013 թվականին։ Այն մեծ ուշադրություն է դարձնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 16 համայնքներում կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը։ Ծրագրի աջակիցն ու հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am