Թումո կենտրոնները՝ նոր Հայաստանի բովանդակության խորհրդանիշ - Mediamax.am

1776 դիտում

Թումո կենտրոնները՝ նոր Հայաստանի բովանդակության խորհրդանիշ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է, որ մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն:

Այդ մասին նա ասել է սեպտեմբերին 14-ին՝ Փարիզի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելության ժամանակ՝ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության:

 

«Անկեղծորեն ուրախ եմ, որ Փարիզի եւ Հայաստանի միջեւ բարեկամությունը խորն է: Մենք ունենք ընդհանուր անցյալ եւ ընդհանուր ապագա, որը պետք է կառուցենք: Ներկան այն երիտասարդությունն է, որ ոտքի կանգնեց Ձեզ հետեւելու համար, ժողովրդավարության համար եւ իր ապագայի համար: Խաղաղ քայլերթն է, որ Ձեզ Գյումրիից Երեւան բերեց եւ խաղաղ քամին է, որ փչում է Ձեր երկրում:

 

Այսօր կա մի սերունդ, որ կիսում է Ձեր հսկայական պատասխանատվությունը: Այսօր մեզ միավորում է երիտասարդությունը, ընդամենը մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն, եւ դա հնարավորություն կտա հազարավոր փարիզեցիների պատրաստվել թվային ստեղծագործության մեջ` բարության, հարգանքի եւ վստահության մթնոլորտում: Մենք շատ աշխատեցինք եւ ընտրել ենք Փարիզի մի գեղեցիկ մշակութային հաստատություն:

 

Մենք ունենք ներկան ու ապագան միասին կառուցելու մարտահրավեր, պետք է բազմապատկենք ծրագրերը եւ համատեղ կյանքի կոչենք: Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ժողովրդավար, ավելի արդար, ավելի նորաստեղծ հասարակություններ: Պարոն վարչապետ, գիտեմ, որ Դուք էլ գիտեք պայքարի գինը։ Եկեք միասին հասնենք մեր նպատակներին», - ասել է Անն Իդալգոն:

 

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

 

«Այն փաստը, որ Թումո կենտրոն է բացվելու Փարիզում, Մոսկվայում, Լիբանանում, Տիրանայում, Բեռլինում, ցույց է տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը։ Մենք մի երկիր ենք, որ ուզում է եւ կարող է կարեւոր եւ օգտակար մասնակիցը լինել մարդկության եւ քաղաքակրթության առաջընթացի, իր նպաստը բերել մարդկային կյանքն ավելի ազատ, ավելի երջանիկ, ավելի հանդուրժող, ավելի քաղաքակիրթ դարձնելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին