Ազգային պատկերասրահի «նոր շունչն» ու մեծ երազանքը - Mediamax.am

exclusive
12112 դիտում

Ազգային պատկերասրահի «նոր շունչն» ու մեծ երազանքը


Արման Ծատուրյանը
Արման Ծատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Արման Ծատուրյանն ու Ռաֆայել Մեգալը
Արման Ծատուրյանն ու Ռաֆայել Մեգալը

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ


Վերջին տարիներին Հայաստանի Ազգային պատկերասրահը, կարծես, նոր շունչ է առել: 2017 թվականին պատկերասրահը ներկայացրեց Այվազովոսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը մեծ մշակութային իրադարձություն դարձավ: Նշանակալի հաջողություն ունի նաեւ վերջերս բացված Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսը:

 

Մեդիամաքսը Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին խնդրել է պատմել վերջին շրջանի ձեռքբերումների եւ աշնանը սպասվող նորությունների մասին:

 

Այվազովսկին

 

Երեք տարի առաջ, երբ ստանձնեցի Ազգային պատկերասրահի (ԱՊ) ղեկավարի պաշտոնը, ռազմավարություն մշակեցի, որի առաջնային ու հիմնական նպատակը տասնամյակներ պահպանվող «խորհրդային շնչի» վերացումն էր՝ այդ թվում նաեւ վերանորոգման աշխատանքների շնորհիվ:

 

ԱՊ-ի գլխավոր վերամեկնարկը տրվեց Այվազովոսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսից: Նախապատրաստական աշխատանքները տեւեցին 6 ամիս, ներգրավված էին մեր բոլոր մարդկային ռեսուրսները: Համոզված էինք, որ այդ ցուցահանդեսը միանշանակ մեծ հաջողություն է ունենալու:

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Այվազովոսկու ցուցահանդեսն ունեցավ 60 000 այցելու եւ վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում որեւէ ցուցահանդես այդքան այցելու չի ունեցել:

 

Ցուցահանդեսի սրահները հիմնովին վերանորոգվեցին գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի շնորհիվ: 2017 թվականի մայիսին ԱՊ-ում պետք է բացվեր IDeA հիմնադրամի կողմից կազմակերպված «100 կտավ» ցուցահանդեսը: Սրահի վարձակալության գումարի փոխարեն պարոն Վարդանյանին խնդրեցի աջակցել Այվազովսկու ցուցահանդեսի սրահների վերանորոգման հարցում եւ անչափ շնորհակալ եմ այդ մեծագույն օգնության համար:

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Սրահների վերանորոգման աշխատանքների վրա ծախսվեց մոտ 30 մլն դրամ, դա զգալիորեն գերազանցում էր վարձակալության համար նախատեսված գումարը (այն կկազմեր 5-6 մլն դրամ):

 

Վենետիկի Բիենալեի աշխատանքների ցուցադրությունը

 

Ազգային պատկերասրահի նոր ձեւավորված ավանդույթներից է Վենետիկի Բիենալեին մասնակցող հայ արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը:

 

Նախկինում լսում էինք, որ մեր գործիչները փայլում են Վենետիկի հայտնի բիենալեին, սակայն երբեք չէինք տեսնում ներկայացված գործերը: Որոշեցինք լրացնել այդ բացը եւ ցուցադրել հայ մասնակիցների աշխատանքները նաեւ մեզ մոտ: Մասնավորապես, ցուցադրել ենք Ռաֆայել Մեգալի եւ Ժան Պողոսյանի գործերը:

Արման Ծատուրյանն ու Ռաֆայել Մեգալը Արման Ծատուրյանն ու Ռաֆայել Մեգալը

 

Մարտիրոս Սարյանը եւ հայ դասականները

 

2018 թ. սեպտեմբերին տեղի կունենա 850 քմ ընդհանուր տարածք ունեցող «Մարտիրոս Սարյանը եւ հայ դասականները» երկու սրահների վերաբացումը, որոնք եւս վերանորոգվել են միջազգային ստանդարտներին համապատասխան:

 

Կրկին մասնավոր ֆինանսական աջակցություն ենք ունեցել, այս դեպքում՝ Ժան Պողոսյանի կողմից, ով նաեւ հայտնի է որպես բարերար: Վերանորոգման աշխատանքների համար նախատեսված գումարի մի մասը հատկացրեց Ժան Պողոսյանը, իսկ մյուսը  ներդրվեց մեր կողմից՝ Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերի վաճառքից գոյացած միջոցներից:

 

Վերանորոգման հաջորդ մեծ փուլը վերաբերվելու է ԱՊ-ի ֆոնդապահոցներին:

 

Ֆինանսական անկախությունը

 

Սեպտեմբերին ԱՊ-ի առաջին հարկում կբացվի «Գառզու» գրախանութ-սրճարանը, որտեղ այցելուները կգտնեն արվեստին վերաբերող լավ գրքեր, հուշանվերային արտադրանք եւ հաճելի ժամանակ կանցկացնեն յուրահատուկ միջավայրում, որը ստացել ենք Գառզուի ոճը արտացոլող ինտերիերի միջոցով:

 

Մեծ պահանջարկ ունի http://shop.gallery.am/hy օնլայն խանութը, որտեղ ցանկացողները կարող են պատվիրել ԱՊ-ի նկարների վերատպություն:

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Բոլոր այս քայլերը միտված են  թանգարանը ֆինանսապես ավելի անկախ դարձնելուն: Հեծանիվ չենք հորինում եւ ընդօրինակում ենք աշխարհի թանգարանների զարգացման եւ կառավարման մոդելը:

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Մինասը

 

Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված «Մինաս. հին ու բոլորովին նոր» ցուցահանդեսը եւս հաջողված եմ համարում: Փորձել ենք այնպես մատուցել Մինասի աշխատանքները, որպեսզի մարդկանց  ընկալումը նորովի լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Էքսպոզիցիան զուգորդվում է ինտերակտիվ պանելներով, որտեղ  տեղեկատվությունը ներկայացված է նաեւ հայերեն լեզվով: Դա շատ կարեւոր է, քանի որ հաճախ, շեշտը դնելով զբոսաշրջիկներին հետաքրքրելու վրա, հաշվի չենք առնում, որ նման բովանդակությունը կարեւոր է նաեւ մեր հայրենակիցների համար: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այցելությունների թիվը բարձր է: Լինում են օրեր, երբ ունենում ենք 300-400 այցելու, ինչը լավ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ ցուցահանդեսը բացվել է «ոչ ակտիվ» սեզոնին: Համոզված եմ, որ սեպտեմբերին այցելուների քանակը կաճի:

 

Նկարների պահպանման խնդիրը

 

Այսօր մեր թիվ մեկ խնդիրը՝ կենտրոնացված հովացման համակարգի տեղադրումն է: Այս խնդիրը նոր չէ՝ նախկին համակարգը շարքից դուրս է եկել դեռեւս 1970-ականներին: ԱՊ-ն ունի 57 սրահ, դրանցից մի մասում տեղադրել ենք հովացուցիչներ, սակայն այդպես խնդիրը չի լուծվում, միայն որոշակիորեն մեղմվում է: Այս կառույցին հարկավոր է հատուկ ջերմախոնավային միկրոկլիմա ստեղծող համակարգ: Կան սրահներ, որտեղ ամառային շոգ եղանակին ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ +40 եւ նման պայմաններում նկարներ պահելը պարզապես չի կարելի:

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Ըստ նախնական նախագծի՝ նոր համակարգի տեղադրման համար անհրաժեշտ է 300 մլն դրամ եւ եթե կգտնվեն բարերարներ, որոնք կցանկանան աջակցել այդ հարցում՝ ես ամենաերջանիկ մարդը կլինեմ:

 

Բերնինի

 

2018 թվականի նոյեմբերի 2-ին բացվելու է Լորենցո Բերնինիի աշխատանքների ցուցահանդեսը: Այս նախագիծը իրականացվում է Հայաստանում Իտալիայի դեպանության եւ ՀՀ Մշակույթի նախարարության անմիջական աջակցությամբ եւ իսկապես մեծ իրադարձություն է լինելու: 

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին