«Մաֆիոզ շահեր» ունեցողների հետ պետք է լինել չոր, ասել է վարչապետը - Mediamax.am

3142 դիտում

«Մաֆիոզ շահեր» ունեցողների հետ պետք է լինել չոր, ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում անտառհատումներն երկար տարիներ շարունակում են մնալ մեծ ծավալների եւ մարդկանց մեծ խումբ մասնագիտացել է այդ ուղղությամբ:

 

Ներկայացնում ենք մի քանի հատված վարչապետի խոսքից:

 

Ժամանակի հետ իրավիճակը բացասական փոփոխություն է կրել

 

«Հասկանալի է, որ այստեղ սոցիալական որոշակի խնդիրներ են լուծվում եւ, ցավոք, երկար ժամանակ զբաղվածության այլընտրանք անտառով հարուստ տարածքների բնակիչների համար չի դիտարկվել, երբեմն նույնիսկ չի եղել:

 

Կարծում եմ՝  ժամանակի հետ իրավիճակը բացասական փոփոխություն է կրել այն առումով, որ շատ դեպքերում բախվում ենք իրավիճակի, երբ ուղղակի մարդկանց մտքի վեկտորն այլ ուղղություն չի ունենում, քանի որ կա անտառ, կարելի է անտառը հատել, վաճառել, դրանով եկամուտ ստանալ, շատ թե քիչ՝ էական չէ, իսկ թե ռազմավարական ի՞նչ հետեւանքներ է ունենում այդ գործընթացը, երբեմն նույնիսկ չի դիտարկվում ու չի քննարկվում»:

 

Պարզ լուծումներ չունեցող խնդիր

 

«Պետք է մեր հայրենակիցներին հրավիրենք քննարկման, որովհետեւ ամեն անգամ կյանքով լեցուն ծառը կտրելիս մեծ վնաս ենք հասցնում մեզ, մեր միջավայրին, մեր երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ շրջանների բնակիչների բարեկեցիկ ապագային: Իհարկե, պարզ է, որ սա հեշտ եւ պարզ լուծումներ չունեցող խնդիր է, բայց մեր քաղաքական արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հետեւողական պետք է զբաղվենք այս խնդրի լուծմամբ»:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Մտածենք ոչ թե հաջորդ ընտրությունների, այլ հաջորդ սերունդների մասին

 

«Ամեն անգամ, երբ թեմաները հասել են կոնկրետ խնդիրների, իրականությունը բախվել է նրան, որ առաջիկայում ընտրություններ են, այսինչ գյուղում նա է առաջադրված, մյուսում՝ նա, եթե ոչ պոպուլյար քայլերի գնանք՝ ի՞նչ կլինի եւ այլն, եւ այլն: Կարծում եմ, հիմա այդ առումով էլ իրավիճակը փոխվել է, որովհետեւ ինչպես դասականն է ասել՝ պետք է մտածենք ոչ թե հաջորդ ընտրությունների, այլ հաջորդ սերունդների մասին: Եկել է ժամանակը եւ մենք այս բոլոր հարցերին պետք է լուրջ եւ արմատական լուծումներ տանք, որովհետեւ մեր երկրի բնապահպանական վիճակը վատ է: Պետք է հասկանանք, որ այստեղ նահանջելու տեղ չունենք եւ այս խնդիրը հստակ լուծենք: Մեր կառավարության առաքելությունն իրական փոփոխություններ բերելն է, ոչ թե փոփոխությունների իմիտացիա անելը, եւ մենք պետք է այդ ճանապարհին մեր ժողովրդի հետ ակտիվ երկխոսություն սկսենք ու այս օրակարգն առաջ մղենք»:

 

«Թաքուն որս» չի լինում

 

«Նույն տրամաբանությունը գործում է  նաեւ ապօրինի որսի պարագայում: Այստեղ նույնպես պետք է լրջորեն զբաղվենք, որովհետեւ մեր կենդանական աշխարհը լուրջ սպառնալիքի տակ է: Այստեղ էլ մեխանիզմները նույնն են, «թաքուն որս» չի լինում, որսը հիմնականում օգտագործում են կոմերցիոն նպատակներով եւ պետք է բացառել որեւէ տարբերակով որսագողությունը մեր անտառներում»:

 

«Պետք է հստակ եւ վստահ քայլերով գնանք առաջ: Կարեւոր է նաեւ հանրության հետ երկխոսություն ունենալ, բացատրել, թե ինչի համար ենք այս ամենն անում, որովհետեւ այն, ինչ քննարկում ենք, առնչվում է շահերի հետ: Նրանց հետ, որոնք ունեն «մաֆիոզ շահեր», պետք է լինել չոր, կտրուկ, առանց կոմպրոմիսի, իսկ սոցիալական բնույթի շահերի վերաբերյալ պետք է մարդկանց հետ լուրջ երկխոսություն ունենանք եւ կարողանանք ստեղծել համագործակցության մթնոլորտ, որպեսզի ունենանք արդյունքներ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին