Հայաստանն իր տեղն ունի վերարտադրողականության «քարտեզի» վրա - Mediamax.am

exclusive
9068 դիտում

Հայաստանն իր տեղն ունի վերարտադրողականության «քարտեզի» վրա


Էդուարդ Համբարձումյանը
Էդուարդ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրեր առաջ Մարդու վերարտադրողականության եւ սաղմնաբանության Եվրոպական ընկերակցությունը (European Society of Human Reproduction and Embryology-ESHRE) հրապարակեց ամենամյա հաշվետվությունը՝ եվրոպական երկրներում վերարտադրողականության եւ պտղաբերության արդյունքների վերաբերյալ: Հաշվետվության՝ արտամարմնային բեղմնավորման արդյունավետության ցուցանիշով Հայաստանը գտնվում է երրորդ տեղում:

 

ESHRE-ի եւ դրան անդամակցելու առավելությունների մասին Մեդիամաքսին պատմել է բժշկության գիտությունների դոկտոր, «Մարդու պտղաբերության կենտրոն»-ի տնօրեն, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը:  

 

«ESHRE-ն ստեղծվել է մոտ 30 տարի առաջ եւ այսօր միության անդամների թիվը հասնում է 8 000-ի: Ընկերակցությունում քննարկվում են գիտության եւ բժշկության մեջ ամենաարագ զարգացող եւ հետաքրքիր ոլորտներից մեկի՝ վերարտադրողականությանը վերաբերող բոլոր նորությունները եւ նվաճումները: 

 

ESHRE-ին անդամակցում են եվրոպական բոլոր երկրները եւ նախկին ԽՍՀՄ-ի երկրների մեծամասնությունը: Անցյալ տարի Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան անդամակցելու հայտ ներկայացրեց՝ ուղարկելով բոլոր անհրաժեշտ տվյալները՝ հինգ կենտրոններից չորսի ուսումնասիրությունների հիման վրա:

 

ESHRE-ի արդյունքները հրապարակվում են ամեն տարի՝ 2-3 տարվա ուշացմամբ, քանի որ հարկավոր է սպասել սառեցված սաղմերի հետ կապված բոլոր փուլերի ավարտին (յուրաքանչյուր արհեստական բեղմնավորման ժամանակ մոտ երկու տարի կարելի է իրականացնել սաղմերի տեղադրում) եւ առողջ երեխայի ծնվելուն:

 

Այսօր Հայաստանը հանդիսանում է ESHRE-ի լիիրավ անդամ եւ երեւում է աշխարհի «վերարտադրողականության քարտեզի» վրա: Սա շատ կարեւոր է, քանի որ մեր երկրում իսկապես բարձր արդյունքներ են արձանագրվում:

 

Այս տարի հրապարակվել է 2015 թվականի հաշվետվությունը: Արդյունքները գնահատվում են բազմաթիվ ցուցանիշներով: Ամենակարեւորներից են՝ հղիությունների հաճախականությունը եւ հաջողության տոկոսը: 2015 թ. տվյալներով՝ սովորական արհեստական բեղմնավորման ոլորտում Հայաստանը գտնվում է երրորդ տեղում եւ հինգերորդ տեղում՝ ԻՔՍԻ մեթոդով կատարած արհեստական բեղմնավորման ցուցանիշով:  

 

Պետք է նշեմ, որ Հայաստանի օրենքները՝ ի տարբերություն եվրոպական շատ երկրների, շատ պրոգրեսիվ են. մեզ մոտ թույլատրելի է եւ՛ դոնորական ձվաբջջի եւ սերմի կիրառումը, եւ՛ փոխնակ մայրությունը:

 

[Բաց]ահայտ եւ թաքուն փոխնակ մայրություն. մաս I

Սա նպաստում է բժշկության զարգացմանը, պտղաբերության ինդեքսի բարձրացմանը, ինչպես նաեւ՝ բժշկական տուրիզմի (րեպրոտուրիզմ) զարգացմանը: Այսօր մեր կենտրոնը աշխարհի 30 երկրից այցելուներ է ընդունում եւ վստահ կարող ենք ասել, որ վերարտադրողականությունը Հայաստանում բժշկության ամենազարգացած ոլորտներից է:

 

2018թ-ի նոյեմբերին Լիսաբոնում կայանալիք ESHRE-ի ամենամյա հավաքին պետք է ներկայացնեմ Հայաստանի՝ վերարտադրողականությանը վերաբերող օրենքները, կենտրոնները, պատմությունը, հեռանկարները:

 

Շատ եմ ցանկանում, որ վերարտադրողական բժշկության գործընթացներին աջակցի նաեւ մեր կառավարությունը: Հատկապես փոքր երկրներում սա առաջնային հարցերից է՝ թե՛ժողովրդագրության, թե՛  քաղաքական եւ ռազմավարական տեսակետներից»:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին