IDeA-ն նախաձեռնել է Գյումրիի Բարեկամության այգու վերակառուցումը - Mediamax.am

7195 դիտում

IDeA-ն նախաձեռնել է Գյումրիի Բարեկամության այգու վերակառուցումը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը նախաձեռնել է Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգու վերակառուցումը:

IDeA-ում նշել են, որ նախաձեռնության նպատակն է նպաստել քաղաքի վերափոխմանը, խթանել տնտեսական ակտիվությունը եւ ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության եւ պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

 

«Այս նախաձեռնությունը մեկնարկել է բազմաթիվ գյումրեցիների առաջարկությամբ, ովքեր ցանկանում են քաղաքում ունենալ հանգստի ու ժամանցի գոտի, որտեղ երեխաները, մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, որտեղ քաղաքի երիտասարդությունը կարող է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ կյանքի կոչելով իրենց ամենաստեղծագործ գաղափարները»,- ասել է IDeA հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

 

Ծրագրի իրագործման նպատակով IDeA հիմնադրամը եւ Գյումրիի համայնքապետարանը հուշագիր են ստորագրել: Հիմնադրամն ու քաղաքային իշխանություններն աշխատանք են տանում այգու տարածքում առկա տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու ուղղությամբ։

 

IDeA հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 8 ընտանիք տեղափոխվել է հարմարավետ բնակարաններ, որոնք հիմնականում գտնվում են այգուն հարակից տարածքում եւ ընտրված են ընտանիքների հետ համատեղ։ Մյուս ընտանիքների հետ բնակարանի ընտրության եւ դրանց ձեռքբերման գործընթացը շարունակվում է։

 

IDeA հիմնադրամը համոզված է, որ Բարեկամության զբոսայգում իրականացվելիք ծրագիրը կդառնա Գյումրի քաղաքի զարգացման համար խարսխային ծրագիր։

 

Ներկայում հիմնադրամն աշխատում է ծրագրի ամբողջական հայեցակարգի վրա, որը պատրաստ կլինի 2018թ. հոկտեմբերին: Ծրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր-կազմակերպություններին:

 

IDeA-ում հիշեցրել են, որ հիմնադրամը Հայաստանի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սեւան, Տաթեւ-Գորիս, Երեւան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի եւ Գյումրի։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին