Այֆոնով «Մանդարին» նկարած Շոն Բեյքերը՝ «Ոսկե ծիրան»-ում - Mediamax.am

3039 դիտում

Այֆոնով «Մանդարին» նկարած Շոն Բեյքերը՝ «Ոսկե ծիրան»-ում


Շոն Բեյքերը
Շոն Բեյքերը

Լուսանկարը` Maarten de Boe/Contour by Getty Images

Շոն Բեյքերը
Շոն Բեյքերը

Լուսանկարը` Mickey Rogers


«Ոսկե ծիրան 2018»-ի արտամրցութային ծրագրի ««Ֆլորիդա նախագիծը» ֆիլմը պատմում է Դիսնեյլենդի հարեւանությամբ ապրող աղքատ ընտանիքների մասին: Նահանգների այսօրվա կյանքը վառ ներկայացնող ֆիլմի հեղինակը ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերն է, նա փառատոնի պատվավոր հյուրն է: Շոնն առաջին անգամ «Ոսկե ծիրանին» մասնակցել է 2009-ին «Բրոդվեի արքայազնը» ֆիլմով: «Աստղիկը» եւ «Մանդարինը» լիամետրաժ երկու ֆիլմերից հետո կինոռեժիսորը նկարահանեց «Ֆլորիդա նախագիծը», որի միջազգային պրեմիերան կայացել է Կաննում:

 

 

 

Շատերի բնորոշմամբ՝ «Ֆլորիդա նախագիծը» անկեղծ հայացք է դեպի մանկություն, այն պատմում է 6-ամյա Մունիի ու նրա երիտասարդ մոր՝ Հելլի մասին, որոնք օրվա աշխատած գումարով փորձում են ապրել ամերիկյան հետնախորշերից մեկում: Կինոգործիչներից շատերն են ասում՝ նման ֆիլմերով Բեյքերը միշտ փորձում  է շատ մոտ կապ ստեղծել իր հերոսների ու հանդիսատեսի միջեւ:

 

««Ֆլորիդա նախագիծը» Հայաստանում արդեն ցուցադրվել է մեծ էկրանին, որից հետո  հանդիսատեսը նաեւ «Ոսկե ծիրան » զրույցների շրջանակում հնարավորություն է ունեցել հանդիպել ռեժիսորին ու զրուցել նրա արվեստի շուրջ: Մեդիամաքսը զրույցից առանձնացրել է Շոն Բեյքերի մի քանի մտքեր:

 

Թեմայի աշխարհը լավ ուսումնասիրելու մասին

 

Ֆիլմի թեմայի ու տեղանքի ուսումնասիրության գործընթացն ինձ համար շատ կարեւոր է. դա միակ պատասխանատու եւ հարգալից ձեւն է, թե ինչպես պետք է կինոյին վերաբերվես: Եթե դու այն աշխարհից չես, որի մասին նկարում ես, ապա ավելի լավ է շատ ժամանակ հատկացնես խորանալու համար, որպեսզի վստահ լինես, որ ճիշտ ես ներկայացնելու իրականությունը:

 

Եթե օտար ես այդ աշխարհին, գուցե մեկ տարի կյանքիցդ նվիրես դրա ուսումնասիրությանը, ինչն ամենեւին էլ խնդիր չէ, այդպես էլ պետք է լինի:

 

Անփորձ դերասանների հետ աշխատելու դինամիկայի մասին

 

Դերասաններին տարբեր ձեւով եմ հանդիպում ու յուրաքանչյուրի հետ տարբեր եմ աշխատում:

 

Սիրում եմ տարբեր դերասանների «խառնել իրար»: Սկսնակների հետ աշխատելը լավ է. երբ նրանց «խառնում» ես փորձառուների կամ ոչ պրոֆեսիոնալների հետ, շատ հետաքրքիր դինամիկա է առաջանում նկարահանման հրապարակում:

 

Շոն Բեյքերը Շոն Բեյքերը

Լուսանկարը` Mickey Rogers

 

Ֆիլմերիցս մեկի համար մի հայտնի դերասանուհու էիք ուզում նկարել, սակայն նկարահանումից ընդամենը մեկ ամիս առաջ նա զանգահարեց ու ասաց, որ ուզում է ավելի շատ վճարենք, իսկ մենք քիչ բյուջեով ֆիլմ էինք նկարում: Արդյունքում հրաժարվեց. խառնվել էինք իրար: Վերջում մեր ուզած դերասանուհուն գտանք  Հոլիվուդի երիտասարդ քրիստոնյաների ապաստանում: 86 տարեկան մի կին էր, համապատասխանում էր մեր ուզած կերպարին, պարզեցինք, որ ողջ կյանքը երազել էր ֆիլմում նկարվել: Նրա հայրը համր կինոյի աստղ էր ու նա միշտ կինոյին մոտ էր եղել, Հոլիվուդում էր ապրել... Հենց առաջին փորձի ժամանակ էլ հաղթեց ու աշխատեցինք նրա հետ: Հիմա համարում եմ, որ նա պարզապես գտածո էր:

 

iPhone-ով ֆիլմ նկարելու մասին

 

iPhone-ով նկարահանումներ անելու դեպքում լավ ներկայանալի ու եզակի պատկերաշար կարող ես ստանալ: Այն թույլ է տալիս չնկատվել նկարահանման ժամանակ: Անկախ նրանից, թե ինչպես ես հայտնվում այս կամ այն ֆորմատի մեջ, դրա ընտրությունից հետո կարեւոր է, թե որքանով է այն տեղ հասցնում ֆիլմի բովանդակությունը եւ գեղագիտությունը: Այդպես մենք «Մանդարին» ֆիլմն ենք նկարել՝ iPhone-ով. ամբողջ գործընթացը բավականին «անցավ» էր ու սահուն:

 

 

iPhone-ով նկարելն օգնեց նաեւ ուշադրություն գրավել ֆիլմի հանդեպ, երբ առաջին  անգամ այն փառատոնի էինք ներկայացնում, թվում էր շատերն են iPhone-ով նկարած ֆիլմ ունենալու, բայց պարզվեց՝ մենք միակն էինք: Ի դեպ, չէինք ուզում չարաշահել այդ փաստը, դրա համար ոչ մեկին չէինք ասել, որ iPhone-ով ենք նկարել: Ֆիլմի վերջում միայն փոքր տառատեսակով գրված էր, որ նկարված է iPhone 5S-ով: Իսկ վերջում լսարանն ասեց՝ «վաո՜ւ». մենք գիտեինք, որ դա նման արձագանք կբերի ու լրացուցիչ խոսակցությունների առիթ կտա: 

 

 

Փառատոնների կարեւորության մասին

 

Շատ եմ սիրում փառատոնների մասնակցել. սիրում եմ ճամփորդել ֆիլմերիս հետ, սիրում եմ գնալ երկրներ, որտեղ չեմ եղել: Փառատոններին շատ ֆիլմեր եմ հասցնում նայել: Մի անգամ միայնակ Նոր Զելանդիայի կինոփառատոններից մեկին էի գնացել, տեղական մի շարք ֆիլմեր նայեցի, որոնք 4 000 դոլարով էին նկարված, բայց մեծ կիրք կար այդ ֆիլմերում:

 

Ամենասկզբի մասին

 

Պետք է մորս տուրք տամ ինձ կինոյին ներկայացնելու համար: Շատ փոքր էի՝ 6 տարեկան, մի օր նա ինձ տարավ մեր տեղական գրադարանը, որտեղ «Յունիվերսալ» կինոստուդիայի կարճ տեսանյութերն էին ցույց տալիս: «Ֆրանկենշտեյնի» ֆիլմում հողմաղացի այրվող վերջին տեսարանն ինձ վրա խորը տպավորություն թողեց, այդ պատկերը դաջվեց իմ մտքում: Հաջորդ առավոտը ծնողներիս ասացի՝ ես էլ եմ ուզում կինո նկարել:

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին