Հանդիսատեսին ազատություն տվող օսկարակիր Ասղար Ֆարհադին - Mediamax.am

2462 դիտում

Հանդիսատեսին ազատություն տվող օսկարակիր Ասղար Ֆարհադին


Ասղար Ֆարհադին
Ասղար Ֆարհադին

Լուսանկարը` REUTERS

Ասղար Ֆարհադին եւ Մերիլ Սթրիփը 2012 թվականին
Ասղար Ֆարհադին եւ Մերիլ Սթրիփը 2012 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ասղար Ֆարհադին` 2012 թվականին «Ամուսնալուծություն» ֆիլմի համար ստացած «Օսկարով»
Ասղար Ֆարհադին` 2012 թվականին «Ամուսնալուծություն» ֆիլմի համար ստացած «Օսկարով»

Լուսանկարը` REUTERS

Ասղար Ֆարհադին, Պենելոպա Կրուզը եւ Խավյեր Բարդեմը «Բոլորը գիտեն» ֆիլմի պրեմիերային Կաննում 2018թ. մայիսին
Ասղար Ֆարհադին, Պենելոպա Կրուզը եւ Խավյեր Բարդեմը «Բոլորը գիտեն» ֆիլմի պրեմիերային Կաննում 2018թ. մայիսին

Լուսանկարը` REUTERS

Ասղար Ֆարհադին, Պենելոպա Կրուզը եւ Խավյեր Բարդեմը
Ասղար Ֆարհադին, Պենելոպա Կրուզը եւ Խավյեր Բարդեմը

Լուսանկարը` REUTERS


Կրկնակի օսկարակիր Ասղար Ֆարհադին այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնի ժյուրիի անդամ է: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է նրա թվով ութերորդ՝ «Բոլորը գիտեն» ֆիլմը: Խաղարկային այս ֆիլմի համար Ֆարհադին մեկնել էր Իսպանիա՝ սիրային եռանկյունու մասին պատմություն ստեղծելու համար: Սա իրանցի կինոռեժիսորի առաջին ֆիլմն է, որը չի առնչվում իր երկրին եւ մշակույթին:

 

Ասղար Ֆարհադին այն եզակիներից է, որ երկու Օսկար է ստացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում՝ «Ամուսնալուծություն» եւ «Առեւտրական գործակալը» ֆիլմերի համար: Հայ հանդիսատեսը «Ոսկե ծիրանի» զրույցների շրջանակում հնարավորություն ունեցավ հանդիպելու հայտնի կինոռեժիսորին: Մեդիամաքսը ներկայացնում է Ասղար Ֆարհադիի մտքերից մի քանիսը:

 

Մշակույթների տարբերության մասին

 

Շատ դժվար է ստեղծագործել՝ հեռու լինելով քո մշակույթից: Երբ հաճախ Իրանից դուրս եմ ստեղծագործում, ավելի ազատ եմ, միեւնույն ժամանակ զգում եմ, որ շատ սահմանափակված եմ, որովհետեւ չեմ կարողանում այնպես աշխատել, ինչպես ուզում եմ:

 

Ես անդրադառնում եմ այնպիսի թեմաների, որոնք ընդհանուր են. արդյունքում շատ նմանություններ եմ գտնում մշակույթների միջեւ: Կարծում եմ՝ աշխարհում մարդիկ այդքան էլ իրարից չեն տարբերվում, զգացմունքները նույնն են: Սերը, ատելությունը, բարկությունը բոլոր մշակույթներում նույնն է: Ճապոնացի կամ իսպանացի երեխան նույն զգացմունքն ունի մոր նկատմամբ. տարբեր է միայն այն արտահայտելու ձեւը:

Ասղար Ֆարհադին` 2012 թվականին «Ամուսնալուծություն» ֆիլմի համար ստացած «Օսկարով» Ասղար Ֆարհադին` 2012 թվականին «Ամուսնալուծություն» ֆիլմի համար ստացած «Օսկարով»

Լուսանկարը` REUTERS

Երբ այլ մշակույթում ես գտնվում, հենց նմանատիպ տարբերությունների վրա պետք է ուշադրություն դարձնել: Դա հեշտ չէ ներկայացնել, սակայն ես միշտ գնում եմ ռիսկի եւ մարտահրավերների հետեւից: Հիմա ես ոչ թե հաջողված ֆիլմեր եմ ուզում ստեղծել, այլ՝ ռիսկի դիմել:

 

Ուրիշների փոխարեն չդատելու մասին

 

Որպես ռեժիսոր եւ սցենարիստ՝ ես չեմ դատում իմ ֆիլմի հերոսներին: Ազատություն եմ տալիս հանդիսատեսին, որ նա իր սեփական դատողություններն անի:

 

Դասական շատ ֆիլմերում հեղինակները, նախքան մեր կինոթատրոն գնալը, ամեն ինչ մեր փոխարեն որոշում են: Ու երբ գնում ենք կինոթատրոն ֆիլմը դիտելու, պարզապես տեսնում ենք դրա արդյունքը, իս բուն ֆիլմի մասին չենք մտածում: Երբ ֆիլմի հեղինակն ասում է՝ սա սեւ է, սա էլ՝ սպիտակ, հանդիսատեսը ստիպված ընդունում է այդ տեսակետը: 

Ասղար Ֆարհադին, Պենելոպա Կրուզը եւ Խավյեր Բարդեմը «Բոլորը գիտեն» ֆիլմի պրեմիերային Կաննում 2018թ. մայիսին Ասղար Ֆարհադին, Պենելոպա Կրուզը եւ Խավյեր Բարդեմը «Բոլորը գիտեն» ֆիլմի պրեմիերային Կաննում 2018թ. մայիսին

Լուսանկարը` REUTERS

Ուզում եմ, որ դուք դատեք իմ ֆիլմերը: Այդպես ավելի շատ հարցեր են առաջանում հանդիսատեսի համար: Ֆիլմը կարող է պատասխանել բոլոր հարցերին, կամ անպատասխան շատ հարցեր թողնել:

 

Դերասաններին ազատություն տալու մասին

 

Որքա՞ն ազատ կարող են լինել իմ ֆիլմերի դերասանները, կախված է նրանցիցˋ խելացի՞ են, թե՞ ոչ: Երբեմն անհրաժեշտ է ամեն ինչ բացատրել դերասանին, երբեմնˋ ոչ: Առաջին հանդիպումների ժամանակ ռեժիսորը կարողանում է հասկանալˋ եթե դերասանն այնքան էլ խելացի չէ, պետք է նրան աջակցել, իսկ խելացի դերասանին՝ ընդամենը բանալիներ տալ: Դերասանների եւ ռեժիսորի միջեւ խնդիր է առաջանում այն դեպքում, երբ ռեժիսորները շատ են խոսում, ինչն այնքան էլ օգտակար չէ: Պետք է ավելի քիչ, բայց շատ օգտակար տեղեկատվություն տալ, կարեւոր հուշումներ անել:

Ասղար Ֆարհադին եւ Մերիլ Սթրիփը 2012 թվականին Ասղար Ֆարհադին եւ Մերիլ Սթրիփը 2012 թվականին

Լուսանկարը` REUTERS

Սցենարում ամեն ինչ գրված է, բայց մենք պետք է այնպես անենք, որ լսարանը չգրված զգացողություններ ստանա: Երբ դերասաններն արտաբերում են իրենց խոսքը, պետք է տպավորություն ստեղծվի, որ իմպրովիզացիա է, իսկ դա շատ դժվար է: Եթե որեւէ մեկը նայի իմ ֆիլմն ու ասի, որ իր տպավորությամբ ֆիլմը սցենար չունի եւ որեւէ մեկը չի գրել այն, ես շատ կուրախանամ: Սա կնշանակի, որ ես ու դերասանները լավ ենք աշխատել:

 

Մշտապես ավելի լավին ձգտելու մասին

 

Չեմ հիշումˋԲերգմանին կամ Կուրոսավային էին հարցրել, թե ինչո՞ւ է այդքան շատ ֆիլմ նկարել: Նա պատասխանել էր՝ ֆիլմ ստեղծելիս միշտ զգում է, որ այն չէ, ինչ ուզում էր ստանալ, հետեւաբար, իրավիճակը շտկելու համար եւս մեկ ֆիլմ է նկարում:

Ասղար Ֆարհադին, Պենելոպա Կրուզը եւ Խավյեր Բարդեմը Ասղար Ֆարհադին, Պենելոպա Կրուզը եւ Խավյեր Բարդեմը

Լուսանկարը` REUTERS

Մենք բոլորս մշտապես անբավարարվածության զգացում ունենք: Այն օրը, երբ կմտածեքˋ վե՛րջ, դուք լավն եք, կլինի ձեր անկման օրը: Ինչպես այն վարորդը, որը մտածում է, թե լավ է վարում, հաջորդ պահին վթարի է ենթարկվում: Որպես ռեժիսորˋ մենք ամեն ինչի համար անհանգստանում ենք, եւ դա անհրաժեշտ է: Բայց այդ խանգարող հանգամանքները պետք է տեսանելի չլինեն դերասաններին, խմբին: Դուք պետք է ցույց տաք, որ անում եք այն, ինչ ուզում եք:

 

Ամալի Խաչատրյան, Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին