Վեհափառն ընդունել է Իսրայելի գլխավոր ռաբբինաթի խորհրդականին - Mediamax.am

3671 դիտում

Վեհափառն ընդունել է Իսրայելի գլխավոր ռաբբինաթի խորհրդականին


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ հրեական կոմիտեի միջկրոնական գործերի բաժնի տնօրեն, Իսրայելի գլխավոր ռաբբինաթի խորհրդական ռաբբի Դեյվիդ Շլոմո Ռոզենին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Իսրայելի գլխավոր ռաբբինաթի հետ եղբայրական հարաբերությունները ունեն հարուստ պատմություն եւ սույն հանդիպումը Մայր Աթոռում պատշաճ առիթ է կապերի զարգացման նոր հնարավորություններն ուսումնասիրելու համար։

 

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշել է, որ սփյուռքյան թեմեր իր այցերի ընթացքում բազմիցս ականատես է դարձել հայ եւ հրեա համայնքների եղբայրական ջերմ հարաբերություններին:

 

Երկկողմ օրակարգը, Գարեգին Բ Վեհափառի հավաստմամբ, բավականին հարուստ է եւ ի շարս այլ հարցերի ընդգրկում է Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ Ադրբեջանին ռազմամթերքի վաճառքի խնդիրները, որոնց Մայր Աթոռը կենսական կարեւորություն է տալիս։

 

Դեյվիդ Շլոմո Ռոզենը նշել է, որ երկու երկրների հոգեւոր առաջնորդների գործակցությունը կարող է լավագույն միջոցը դառնալ երկու ժողովուրդների առջեւ ծառացած մարտահրավերների լուծման գործում, հաղորդում են Մայր Աթոռից:

 

Վեհափառ Հայրապետը եւ ռաբբի Ռոզենը համակարծիք էին, որ երկկողմ օրակարգում առկա բոլոր հարցերը ավելի հեշտ կլինի քննարկել` հարաբերությունների զարգացման, միջկրոնական երկխոսության համար նոր ձեւաչափեր ստեղծելու պարագայում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին