Հոգեթերապիայի մասին օրենքը՝ առկա խնդիրների միակ լուծում - Mediamax.am

exclusive
3243 դիտում

Հոգեթերապիայի մասին օրենքը՝ առկա խնդիրների միակ լուծում


Լուսանկարը` http://www.theglobalclass.org/


Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, դիտվում է սթրեսին առնչվող հոգեկան խանգարումների աճ, եւ այս պայմաններում հոգեթերապեւտի աշխատանքը հետզհետե մեծ կարեւորության է ստանում: Մինչդեռ հոգեթերապիայի ոլորտը կարգավորող օրենք Հայաստանում մինչ օրս էլ չկա: Միակ՝ 2004 թվականին ընդունված՝ հոգեբուժական օգնության մասին օրենքը կարգավորում է հոգեբուժության ոլորտին առնչվող խնդիրները՝ հոգեթերապիան նույնացնելով դրա հետ:

 

Հոգեթերապիայի ոլորտի խնդիրների առաջացման հիմնական պատճառն ամբողջ աշխարհում հենց «հոգեթերապիա» եզրույթի լիարժեք սահմանման բացակայությունն է: Թե՛ հոգեբանական, թե՛ բժշկական կրթություն ստացած մասնագետները կարող են վերապատրաստվել ու աշխատել այս ոլորտում: Սրա պատճառը, ըստ հոգեթերապեւտ, ԵՊՀ դասախոս եւ դասընթացավար Դավիթ Գեւորգյանի, հենց ոլորտի մասնագետների՝ հոգեթերապիայի սահմանման մասին տարակարծությունն է:

 

Սակայն միայն «հոգեթերապիա» եզրույթը չէ, որ սահմանում չունի: Հստակ չէ նաեւ, թե Հայաստանում որ կառույցը պետք է կարգավորի ոլորտն ու, համապատասխանաբար, զբաղվի ոլորտի մասին օրենքի առկայության անհրաժեշտության խնդիրներով:

 

«Հոգեթերապիայի ոլորտը բազմակողմանի է՝ թե առողջապահական, թե կրթական բաղադրիչներ ունի: Արտասահմանում ոլորտի կարգավորման համար ստեղծվում են պրոֆեսիոնալ ասոցիացիաներ, որոնք պետության կողմից լիազորված եւ պարտավորված են կարգավորելու այն: Հայաստանում մեկ ընդհանուր ասոցիացիա չկա. մասնագիտական հանրության բազմակարծության պատճառով չի ստեղծվում ոլորտը կարգավորող որեւէ ռազմավարություն, որը կառաջադրվի կառավարությանը»,- ասում է Դավիթ Գեւորգյանը:

 

Հոգեթերապիայի մասին օրենքի բացակայության հետեւանքով մասնագետները չեն կարող ստանալ համապատասխան լիցենզավորում: Հետեւաբար, հետդիպլոմային կրթություն ստացած յուրաքանչյուր անձ կարող է պրակտիկ գործունեություն ծավալել: Հենց սա էլ հասարակության մեջ հոգեթերապեւտների մասնագիտական գործունեության հանդեպ ձեւավորված բացասական կարծրատիպերի հիմնական պատճառն է:

 

Կարծրատիպերի առկայությունը նպաստել է, որ մարդիկ սեփական չափորոշիչները սահմանեն անձնական հոգեթերապեւտներին ընտրելիս:

 

Հինգ տարի հոգեթերապեւտի ծառայություններից օգտվող Աննան պատմում է. «Հայաստանում հոգեթերապեւտ ընտրելիս հիմնականում առաջնահերթություն է տրվում ծանոթների խորհուրդներին. քեզ երաշխավորում են, որ տվյալ մասնագետը փորձված է ու որակյալ: Սակայն սա միակ չափորոշիչը չէ: Ես հիմնվել եմ նաեւ տարիքի վրա. անհրաժեշտ էր, որ հոգեթերապեւտը առնվազն տասը տարով մեծ լիներ ինձնից: Նաեւ կարեւոր էր, որ հոգեթերապեւտը նախկինում պրակտիկ գործունեություն ծավալած լիներ, իսկ սեռը նշանակություն չի ունեցել»:

 

Հոգեթերապեւտի պրակտիկ գործունեության ծավալման խոչընդոտը միայն լիցենզավորման բացակայությունը չէ. հայաստանյան կրթական համակարգը եւս չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Եվրոպական երկրներում հոգեթերապեւտի լիցենզավորում ստանալու համար բացի բուհական կրթություն ստանալուց՝ անհրաժեշտ է մի քանի տարի (4-7՝ կախված երկրից) աշխատել լիցենզավորված մասնագետի վերահսկողության ներքո: Մինչդեռ Հայաստանում միայն բուհական կրթությունն էլ բավարար է: Կան մի քանի մասնավոր ընկերություններ, որոնք վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում արդեն իսկ բուհական կրթություն ստացող կամ ստացած անձանց համար:

 

Այնուամենայնիվ, բուհերից մեկի մանկավարժության եւ հոգեբանության բաժնի ուսանող Ալիսա Խաչատրյանը, որ մասնակցել է բազմաթիվ նման դասընթացների, պատմում է, որ այդ պարագայում էլ վստահ չես կարող լինել, որ դասընթացավարը համապատասխան որակավորում ունի:

 

Ի վերջո, այս ոլորտի հիմնական խնդիրները՝ լիարժեք կրթության, ինչպես նաեւ լիցենզավորման եւ օրենքի բացակայությունը փոխկապակցված են: Քանի դեռ ոլորտն օրենսդրական կարգավորում չի ստացել, որակյալ աշխատանքի միակ երաշխիքը մասնագետի խիղճն է, որը, ցավոք, երբեմն նույնպես բացակայում է:

 

Լիա Շահնազարյան

Քնարիկ Մարտիրոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին