Սամանտա Փաուերը Երեւանում կմասնակցի «Ավրորայի» միջոցառումներին - Mediamax.am

9052 դիտում

Սամանտա Փաուերը Երեւանում կմասնակցի «Ավրորայի» միջոցառումներին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը կմասնակցի հունիսի 8-ից 10-ը Հայաստանում կայանալիք «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության միջոցառումներին:

2017 թվականի դեկտեմբերից Սամանտա Փաուերը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ է:

 

Հունիսի 8-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կկայանա հանրային զրույց Սամանտա Փաուէրի եւ մարդու իրավունքների պաշտպան Ջոն Պրենդերգաստի հետ: Զրույցին ներկա գտնվելու համար կարող եք գրանցվել այս հղումով:

 

Մինչեւ ՄԱԿ-ում աշխատելը Սամանտա Փաուերը ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական եւ բազմակողմանի հարաբերությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն: 

 

Սամանտա Փաուերը հեղինակել է Պուլիցերյան մրցանակի արժանացած «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գիրքը: 

 

 ««Ավրորա» մրցանակը եւ դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարեւոր է հիշել անցյալի վայրագությունները, այլեւ մեզանից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կյանքը», - 2017թ. դեկտեմբերին ասել էր Սամանտա Փաուերը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, եւ ունեն կամք կուտակելու եւ պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում»: 

 

Մեդիամաքսը նշում է, որ 2016 թվականի նոյեմբերին Սամանտա Փաուերը, որը դեռ ԱՄՆ դեսպանն էր ՄԱԿ-ում, խոսել էր «Հայոց ցեղասպանության ժխտման մասին»:

 

Նոյեմբերի 30-ին Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանում Էլի Վիզելի հիշատակին նվիրված ելույթում նա ասել էր.

 

«Աշխարհում դեռ շատ անարդարություն կար: Հայերի դեմ գործված ցեղասպանության մերժումը, նրա կյանքի ընթացքում տեղի ունեցած սարսափները՝ Պոլ Պոտի ռեժիմը, Բոսնիան, Ռուանդան, Դարֆուրը, Սիրիան: Նա ապրում եւ տեսնում էր, թե ինչպես են ավելի մեծ թվով մարդիկ անասելի հանցագործությունների ականատեսը դառնում, սակայն լայնորեն տարածված էր մնում նաեւ անտարբերությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին