ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն արդեն գործում է - Mediamax.am

5431 դիտում

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն արդեն գործում է


Գարո Արմենը եւ Զոհրաբ Մնացականյանը
Գարո Արմենը եւ Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 27-ին Լոռու մարզի Դեբետ համայնքում կայացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF-ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնի պաշտոնական բացումը:

«Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին: Պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։ Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը»,- հյուրերին ողջունեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Գարո Արմենը։ 

 

ՍՄԱՐԹ նորարարական հայեցակարգը փոխում է գյուղական Հայաստանի պատկերը՝ այն դարձնելով միջազգային համայնքի անքակտելի մաս։ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները եւ այն համայնքներում կիրառելու հնարավորություններ ստեղծելու։

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար եւ համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների եւ մեծահասակների համար։

Լուսանկարը` ՔՈԱՖ

ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են.

 

- նորարարությունը եւ ստեղծագործականությունը;

- լեզուն եւ հաղորդակցությունը;

- ձեռներեցությունը եւ տեղական տնտեսական զարգացումը;

- ակտիվ քաղաքացիությունը եւ անձնային զարգացումը։

 

«Ի դեմք ՍՄԱՐԹ կենտրոնի՝ մենք ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ։ Եվ այդպիսի օրինակները մեր անձնական ջանքերով տեսանելի ապագայում տարածվելու են Հայաաստանի Հանրապետությունով մեկ։ Իմ շատ սիրելի պատանիներ, եղեք երազող եւ հավակնոտ, որովհետեւ ձեր երազանքներն ու հավակնություններն են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին եւ, առհասարակ, ապագա բոլոր կառավարությունների սեղաններին»,- շնորհավորական իր խոսքում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի ծրագրերի եւ ուսուցման նյութերի հիմքում են։

 

Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։

Լուսանկարը` ՔՈԱՖ

«SAP ընկերությունը Հայաստանի ուսանողներին հասանելի նորագույն տեխնոլոգիաներ է մշակում, ինչպես բլոկչեյնը։ Կորպորատիվ ծրագրավորման ոլորտում առաջատար լինելով՝ SAP-ն ձգտում է զարգացնել այն համայնքները, որոնք գործածում են մեր տեխնոլոգիան, եւ ապահովել աշխարհի երիտասարդությունը անհրաժեշտ հմտություններով՝ սեփական նպատակները գլոբալիզացված աշխարհում իրագործելու համար»,- նշեց ԱՊՀ երկրներում SAP CIS տնօրեն Իլյա Յուրյեվը։

 

ՔՈԱՖԸ համագործակցում է PicsArt-ի հետ, որի մշակած հավելվածը ամսական 100 միլիոն օգտատեր ունի։ Այն հնարավորություն է տալիս մոնտաժելու լուսանկարները ու դրանց հետաքրքիր ու անսպասելի լուծումներով կիսվելու ընկերների հետ։ Նոր գործընկերություն է հաստատվել նաեւ ռոբոտիկայի եւ վերապատրաստումների «Ինստիգեյթ» ընկերության հետ՝ նպատակ ունենալով բազմազան տեխնոլոգիաներ ու հմտություններ բերել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։

 

Ստեղծարար կրթական տեխնոլոգիաների (CET) Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչը՝ «ԼԵԳՈ»-ն, աշխատարաններ է վարելու կենտրոնի սաների համար։ Արեւային էներգիայի եւ մարտկոցների «Ֆրի Էներջի» ընկերությունը եւս ներգրավված է ՍՄԱՐԹ կենտրոնի աշխատանքներում։

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ շենքի ճարտարապետն է Փոլ Գալուստյանը՝ լիբանանահայ մասնագետ, որի առաջին մեծ նախագիծն է Հայաստանում Ճարտարապետական գործընկերն է «Ուրբան Յունիթ»  նախագծային կազմակերպությունը։

Լուսանկարը` ՔՈԱՖ

Շինարարությունն իրականացրել է «Կանակա» շինարարական ձեռնարկությունը։ Շենքի շինարարության, տեխնիակական վերազինման ու կահավորման վրա արդեն իսկ ծախսվել է 5 միլիոն դոլար։

 

ՍՄԱՐԹ ավանն ունի նաեւ հյուրատուն՝ հրավիրված մանագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին