Շառլ Ազնավուրին «անհամբեր սպասում են Հայաստանում» - Mediamax.am

4417 դիտում

Շառլ Ազնավուրին «անհամբեր սպասում են Հայաստանում»


Շառլ Ազնավուրը
Շառլ Ազնավուրը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձներ են հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի առիթով:

«Ձեր ստեղծագործական երկարակեցությամբ Դուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար: Դուք նրանց ներշնչում եք հույս եւ հավատ սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: Դա աներեւակայելի մեծ առաքելություն է, եւ ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդն այդպիսի զավակ է պարգեւել մարդկությանը»,- ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում:

 

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգդծել է, որ շանսոնյեի կյանքն ու գործունեությունը մարդկային տաղանդի եւ աշխատասիրության հաղթանակի բացառիկ օրինակ են:

 

«Հայաստանի կյանքում տեղի ունեցող շրջադարձային փոփոխությունների այս ժամանակահատվածում Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է, որովհետեւ ապացուցում է, որ մարդկային կամքն ու հետեւողականությունը չեն ճանաչում արգելքներ, եւ ցանկացած նպատակ հասանելի է, եթե ունես երազանք, վստահություն, համբերություն եւ հավատ:

 

Հենց այսպիսի հատկանիշների շնորհիվ մեր ժողովուրդը վերականգնեց իր իշխանությունը 2018 թվականի ապրիլ-մայիսին: Եվ մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում: Մենք անհամբեր ենք, որ Դուք սեփական աչքերով տեսնեք եւ համոզվեք, որ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է եւ կերտել սեփական տաղանդի, կամքի, աշխատասիրության, երազանքի հաղթանակը»,- ասված է վարչապետի ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին