Մատենադարանը նվեր է ստացել 27 արժեքավոր ձեռագիր - Mediamax.am

2157 դիտում

Մատենադարանը նվեր է ստացել 27 արժեքավոր ձեռագիր


Լուսանկարը` Mohammed Sada


Երեւան: Մեդիամաքս: Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրել 27 արժեքավոր ձեռագիր։

14-20-րդ դարի ձեռագրերը՝ Ավետարան, գանձարան, ծիսական գրքեր, ժողովածուներ, հայսմավուրք, սաղմոսարան, պահվել են Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանում։  

 

«Համազգայի հայ կրթական եւ մշակութային միությունն այս ձեռագրերը հավաքել է տասնամյակներով։ Հանրապետության 100-ամյակը, ինչպես նաեւ Համազգայինի 90-ամյակը լավագույն առիթներն էին, որպեսզի այդ ձեռագրերը գային իրենց տուն՝ Երեւանի Մատենադարան»,- ասել է միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը։

 

Նման նվիրատվություն՝ մոտ 40 ձեռագիր, Մատենադարանը ստացել է 15 տարի առաջ։ Ձեռագրատան գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանն ասել է, որ սա չուսումնասիրված նյութ է, որով պետք է զբաղվել։

 

«Հնագույնը 1430 թվականի մանրուսմունք է։ Թեկուզ վնասված ձեռագիր է, բայց բարեբախտաբար գլխավոր հիշատակարանն ամբողջապես պահպանված է։ Ըստ որում, հիշատակարանի որեւէ տեղեկություն գիտական գրականության մեջ օգտագործված չէ մինչ այժմ, իսկ տեղեկությունները թե՛ պատմական են, թե՛ ազգային խնդիրներին վերաբերող։ Ձեռագիրը գրված է Աղթամարում՝ Թովմա անունով գրչի ձեռքով Թովմա աբեղա ստացողի պատվերով», - պատմել է նա: 

 

Բոլոր ձեռագրերը ախտահարվել են, վնասվածերը նորոգվելու են։

Ի նշան երախտագիտության՝ ձեռագրատան տնօրենը Համազգայի հայ կրթական եւ մշակութային միությունը պարգեւատրել է Մատենադարանի շնորհակալագրով եւ նվիրել Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի նմանահանությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին