Մայր Աթոռն արձագանքել է սեւանցիների մեղադրանքներին - Mediamax.am

1669 դիտում

Մայր Աթոռն արձագանքել է սեւանցիների մեղադրանքներին


Լուսանկարը` Hovo Hanragitakan


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռն այսօր պարզաբանում է տարածել մայիսի 16-ին Սեւանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Հայ եկեղեցու եւ Մայր Աթոռի հասցեին հնչած մեղադրանքների կապակցությամբ:

«Ժամանակին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցից մինչեւ լողափ ընկած աջակողմյան հատվածը ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվել է դպրանոցին եւ հետագայում ՀՀ կառավարության պահանջի հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այն տրամադրվել է նախագահական հանգստավայրին՝ իբրեւ անվտանգության գոտի եւ անցակետ»,- ասված է պարզաբանման մեջ:

 

Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածում գտնվող ավտոկանգառին, Մայր Աթոռը նշում է, որ այն իրենց կողմից ձեռք է բերվել ռեստորանի շենքի հետ մեկտեղ, որը ծառայում էր իբրեւ ճեմարանականների ճաշարան:

 

«Ավտոկանգառը եկեղեցու կողմից ծառայեցվում է Ս. Առաքելոց վանք եւ դպրանոց այցելուների համար, սակայն այնտեղ ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որեւէ առնչություն չունեն եկեղեցու հետ, եւ այդ խառնաշփոթը կարգավորելու բոլոր ջանքերն առ այսօր որեւէ արդյունք չեն տվել»,- ամփոփել են Մայր Աթոռում:

 

Մայիսի 16-ին սեւանցիները փակել էին Սեւանա թերակղզու մոտակայքում գտնվող ճանապարհը եւ բողոքում էին, որ 6 տարի առաջ իրեն վարձակալած տարածքները տրվել են այլ կազմակերպության: Նրանց պնդում էին, որ պետությունն այդ տարածքներն անվարձահատույց տվել է Մայր Աթոռին եւ պահանջում էին վերադարձնել Սեւան համայնքին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին