4378 դիտում

IDeA-ն ՓՄՁ-ների համար ձեռնարկներ է ներկայացրել Դիլիջանում


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Դիլիջանի համայնքապետարանում այսօր կազմակերպվել է «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում մշակված եւ տպագրված երեք ձեռնարկների շնորհանդեսը։

Ծրագիրը IDeA հիմնադրամն իրականացնում է 2017-ից՝ Եվրոպական միության եւ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ 

 

 

Ծրագրի գլխավոր նպատակն է բարձրացնել Դիլիջանի եւ հարակից համայնքների՝ Հովքի, Աղավնավանքի, Խաչարձանի, Գոշի, Հաղարծնի, Թեղուտի զբոսաշրջային գրավչությունը, ավելացնել տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ այդպիսով խթանելով տեղական տնտեսությունները ու տարածաշրջանում ստեղծելով նոր աշխատատեղեր:

 

Նախաձեռնության շրջանակում այս տարվանից ծրագիրն իրականացնող գործընկերները՝ IDeA hիմնադրամը եւ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC), Դիլիջանի եւ հարակից համայնքների բնակիչների համար  կազմակերպում  են զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի ու արհեստի ոլորտներում կարողությունների ամրապնդման դասընթացներ:

 

«Ծրագրի ամենակարեւոր եւ գլխավոր նպատակն է աջակցել համայնքային զարգացմանը նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: Հենց այս նպատակին են ծառայում ներկայում Դիլիջանում ընթացող «կարողությունների զարգացման» դասընթացները, որոնք կազմակերպում է մեր գործընկեր՝ BSC ընկերությունը: Դասընթացների շրջանակում պլանավորվում է վերապատրաստել շուրջ 330 մասնակից, իսկ նրանցից լավագույններին աջակցություն կտրամադրվի աշխատանքի տեղավորման հարցում»,- ասել է «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի ղեկավար Տաթեւիկ Սարգսյանը։ 

 

 

Զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտում կարողությունների զարգացման դասընթացներին արդեն մասնակցել է ավելի քան 100 մարդ Դիլիջանից եւ հարակից համայնքներից։ Նրանք հրավիրվել էին Դիլիջանի համայնքապետարանում կայացած միջոցառմանը, որտեղ նրանց անվճար տրամադրվել են նոր տպագրված ձեռնարկ-ուղեցույցները՝ «Հյուրատնային բիզնեսի հիմնադրում եւ կառավարում», «Հաճախորդների սպասարկումը հյուրընկալության ոլորտում» եւ «Հյուրատան ծառայությունների բարելավման ձեւաթղթեր եւ ստուգաթերթեր»։ 

 

Երեք ձեռնարկներն էլ տրամադրվում են անվճար Դիլիջանի Համայնքային Կենտրոնում։ 

 

«Դասընթացների այն մասնակիցները, որոնք մտադրված են հիմնել սեփական բիզնեսը, ինչպես նաեւ արդեն գործող փոքր եւ միջին ձեռնարկություններ ունեն, կարող են մասնակցել նաեւ բիզնեսի կառավարման դասընթացներին եւ, ստանալով մասնագիտացված խորհրդատվական աջակցություն, մշակել կամ զարգացնել նոր  բիզնես ծրագրեր: Վստահ ենք, որ այս ձեռնարկ-ուղեցույցները կօգնեն բարձրացնել հյուրընկալության եւ զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների եւ անհատների կողմից այցելուներին տրամադրվող սպասարկման որակը, այդպիսով զարգացնելով  արդեն իրենց բիզնես նախաձեռնությունները»,- նշել է BSC ընկերությունը տնօրեն Սամվել Գեւորգյանը։ 

 

Միջոցառման ժամանակ դասընթացների մասնակիցներին եւ հյուրերին ներկայացվել են նաեւ «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում ավելի վաղ հայտարարված ենթադրամաշնորհների տրամադրման մրցույթի կարգն ու պայմանները:

 

 

Ենթադրամաշնորհների ծրագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել Դիլիջանում եւ հարակից համայնքներում՝ Հովքում, Աղավնավանքում, Խաչարձանում, Գոշում, Հաղարծինում, Թեղուտում, ձեռնարկատիրական գործունեության խթանման եւ նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: 

 

Ծրագրի իրականացումը կնպաստի Տավուշի մարզի եւ հատկապես Դիլիջան համայնքի տնտեսական զարգացմանը եւ որպես արդյունք՝ արտագաղթի նվազեցմանը: Ծրագիրը նախատեսում է տրամադրել կայուն աշխատատեղերի ստեղծմանը նպաստող 20 ենթադրամաշնորհ: 

 

Միջոցառման ժամանակ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն նշել է, որ զբոսաշրջության ոլորտում Դիլիջանն ունի հսկայական ներուժ, եւ IDeA հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը չափազանց կարեւոր է այդ ներուժը բացահայտելու եւ իրացնելու համար։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am