Ռուբեն Վարդանյան. Սա բեկումնային պահ է Հայաստանի համար - Mediamax.am

29220 դիտում

Ռուբեն Վարդանյան. Սա բեկումնային պահ է Հայաստանի համար


Լուսանկարը` Aurora


Երեւան: Մեդիամաքս: IDeA հիմնադրամի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պետք է օգտագործի ամբողջ աշխարհի հայերի հմտություններն ու ոգեւորությունը եւ խրախուսի նրանց՝ մասնակցելու Հայաստանի աճի խթանմանը»:

«Հայաստանը կարող է փարոս դառնալ այլ ազգերի համար, եթե կարողանա բարեհաջող կերպով ձեւավորել իր կառավարությունը՝ հավատարիմ մնալով նոր Սահմանադրությանը: Սա բեկումնային պահ է Հայաստանի համար: Մենք եզակի եւ անսպասելի հնարավորություն ունենք՝ մեր երկիրը վերածելու կենսունակ, ժամանակակից, ապահով եւ զարգացած հայրենիքի ամբողջ ազգի համար»,- գրել է Ռուբեն Վարդանյանը Financial Times-ի իր հոդվածում:

 

«Կարեւոր է նկատել, որ սա մեկ մարդու հաղթանակ չէր, այլ մի ամբողջ ազգի, եւ հատկապես՝ երիտասարդության: Դժգոհ երիտասարդության ձայնը պետք է լսելի լինի, որպեսզի նրանք կարողանան մնալ Հայաստանում եւ նպաստել ազգի հաջողությունների ձեւավորմանը: Եթե էյֆորիան կրկին հիասթափության վերածվի, մենք կարող ենք ականատես լինել ամբողջ հաջորդ սերնդի արտագաղթին: Մեր փոքր եւ փխրուն տնտեսությունը չի կարողանա դիմակայել ուղեղների նոր արտահոսքին: Փողոցներում տոնող մարդկանց ուրախությունը պետք է իրատեսական լինի: Հայաստանի խնդիրները չեն լուծվի մեկ գիշերում: Որեւէ մեկը չպետք է հավատա նրանց, ովքեր խոստանում են միլիարդավոր դոլարների ներդրումներ ներգրավել: Փոխարենը, մենք պետք է բարձրացնենք մեր երկրի մրցունակությունը»,- նշել է IDeA-ի համահիմնադիրը:

 

«Ակնհայտ է, թե ինչ պետք է անի Հայաստանի նոր վարչապետը:

 

Առաջին՝ պարոն Փաշինյանը պետք է օգտագործի ամբողջ աշխարհի հայերի հմտություններն ու ոգեւորությունը եւ խրախուսի նրանց՝ մասնակցելու Հայաստանի աճի խթանմանը: Այժմ իդեալական ժամանակն է մեր հայրենիքի համար՝ դիմելու իր էմիգրանտներին եւ խնդրելու նրանց օգնությունը երկրի երկարաժամկետ զարգացմանը նպաստելու հարցում:

 

Երկրորդ՝ նա պետք է բարեխղճորեն կյանքի կոչի իրեն տրված մանդատը: Հայաստանի քաղաքացիները ցանկանում են կենսունակ, հարուստ երկիր ունենալ, որը հավատարիմ կլինի արդարության, ազատության եւ հավասար հնարավորությունների սկզբունքներին: Մարդիկ չեն ցանկանում մի օլիգարխիան փոխարինել մյուսով: Նոր կառավարությունը պետք է որակապես տարբերվի նախորդներից»,- գրել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին