«Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրեն կդառնա Հարութ Շիթիլյանը - Mediamax.am

6325 դիտում

«Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրեն կդառնա Հարութ Շիթիլյանը


Հարութ Շիթիլյանը
Հարութ Շիթիլյանը

Լուսանկարը` «Ավրորա»


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտնում են, որ «Ավրորա» նախաձեռնության հաջորդ գործադիր տնօրենն է լինելու կանադահայ Հարութ Շիթիլյանը։

Պաշտոնավարման շրջանը նա կսկսի հուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլավյանին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը նախաձեռնության սկզբնավորման օրից։

 

««Ավրորան» ծնունդ է առել Հայաստանում, բայց այժմ վերածվել է համաշխարհային նախագծի։ Մեկնարկից ի վեր մարդասիրական այս նախաձեռնության դռները բաց են եղել բոլոր նրանց առջեւ, որոնք ունեն գլոբալ մտածողություն։ Հավատարիմ այդ ոգուն՝ մենք ողջունում ենք նաեւ Հարութ Շիթիլյանին իր նոր պաշտոնում։ Նա գալիս է միանալու գործին այնպիսի մի ժամանակահատվածում, երբ «Ավրորան» կրկին աճում է՝ իրականացնելով մի շարք կրթական եւ զարգացման ծրագրեր՝ մեկտեղելով այն իր հիմնական՝ մարդասիրական ուղղության հետ»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որն իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ միասին Հայաստանում եւ աշխարհում իրականացնում է բարեգործական, կրթական եւ զարգացման բազմաթիվ ծրագրեր:

 

«Ողջունելով «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենին՝ արժե հիշել եւ հիշեցնել, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պարզապես հերթական մի ներկայություն չէ հայկական աշխարհում կամ մարդասիրական ոլորտում, այլ ինքնին նոր բնույթի ձեռնարկում, հասարակական կազմակերպություն՝ ստեղծված նոր ոգով եւ նոր տեսլականով։ «Ավրորան» հիմնադրվել է երեք տարի առաջ՝ դառնալով մեր ամենահավակնոտ նպատակների արտահայտությունը, քանի որ մենք ցանկանում էինք ոչ միայն երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեկ դար առաջ փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին, այլեւ անել դա՝ աջակցելով նրանց, ովքեր այսօր իրենց կյանքը նվիրում են վտանգի մեջ հայտնված մարդկանց փրկությանը»,- մեկնաբանել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն էլ ասել է, որ նախաձեռնությունը մեզնից պահանջում է կարողանալ գործել առավելագույն ազդեցությամբ, որպեսզի հնարավոր լինի արձագանքել մերօրյա հրատապ հիմնախնդիրների մի մասին։

 

«Արմատավորված լինելով ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատմական փորձառության մեջ՝ «Ավրորան» մարմնավորում է բազմաթիվ տասնամյակներ առաջ մեզ օգնության ձեռք մեկնածներին հիշելու եւ երախտագիտություն հայտնելու գաղափարը»,- ասել է նա:

 

Հարութ Շիթիլյանը 37 տարեկան է, եղել է Մոնրեալի քաղաքապետարանի գործադիր կոմիտեի փոխնախագահը եւ Քաղաքային խորհրդի նախագահը, մասնագիտությամբ ճարտարագետ է:

 

««Ավրորան» ինձ համար անչափ գրավիչ է՝ իր համակարգված պլանավորմամբ եւ ստեղծագործ բնույթով։ Կառավարման ոլորտում աշխատելիս գրեթե բոլոր քայլերում ես կիրառել եմ այդ նույն մոտեցումը։ Ես տպավորված եմ նաեւ այսքան կարճ ժամանակահատվածում «Ավրորայի» ունեցած նվաճումներով: Անչափ ոգեւորված եմ եւ այս առիթը համարում եմ ե՛ւ ինձ, ե՛ւ համահիմնադիրների համար հրաշալի հնարավորություն՝ միասնաբար լծվելու գործի եւ «Ավրորայի» առաքելությունը հասցնելու հաջորդ մակարդակին՝ դարձնելով այն կայուն ու հաջողակ եւ որպես առաջնահերթություն պահելով երախտագիտության արտահայտման եւ օգնության կարիք ունեցող մարդկանց աղետալի դրությանն արձագանքելը»,- ասել է Հարութ Շիթիլյանը:

 

Նա տիրապետում է հինգ լեզվի՝ հայերենի, ֆրանսերենի, անգլերենի, արաբերենի եւ իսպաներենի։ Կանադայում ձեռք բերած աշխատանքային փորձից բացի, նա աշխատել է Լատինական Ամերիկայում, Չինաստանում, Սկանդինավիայում, Արեւմտյան Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

 

«Ես մեծ ոգեւորությամբ եմ սպասում Հարութի հետ աշխատելուն, որպեսզի մենք երաշխավորենք, որ «Ավրորայի» առաքելությունը աշխարհով մեկ շարունակի համախմբել բոլոր այն մարդկանց, որոնք նվիրված են համընդհանուր մարդկայնության ոգուն եւ աշխարհին ինչ-որ բան վերադարձնելու գաղափարին։ Սա «Երախտագիտությունն՝ ի գործ» մեր նշանաբանն է, որը միշտ շարունակական է լինելու։ Ես ներգրավված եմ մնալու RVVZ եւ IDeA հիմնադրամներում՝ նպաստելով դրանց գործունեությանը: Բոլորին, ովքեր նվիրված են այս նույն գաղափարներին, հրավիրում ենք միանալու «Ավրորայի» գործունեությանը»,- ասել է Արման Ջիլավյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին