Երեւանում քննարկել են «Արմենիկում»-ի հետագա ճակատագիրը - Mediamax.am

6613 դիտում

Երեւանում քննարկել են «Արմենիկում»-ի հետագա ճակատագիրը


Լուսանկարը` ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հնարավոր փակման հարցը եւ համանուն դեղամիջոցի հեռանկարները:

«Արմենիկում»-ի գլխավոր տնօրեն Լեւոն Գեւորգյանն ընդգծել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որեւէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018-ին ֆինանսավորումը դադարեցվելու է:

 

«Արմենիկում»-ի կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, հիվանդության հետեւանքները մեղմելու, այլեւ իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում:

 

Նրա խոսքով՝ դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ C-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի եւ պառկելախոցերի բուժման ժամանակ:

 

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նույնպես հավաստել է քսուքի արդյունավետությունը, իսկ այրվածքաբան Կարինե Բաբայանը ներկայացրել է կատարված փորձարկումների դրական արդյունքները:

Լեւոն Գեւորգյանը տեղեկացրել է, որ «Արմենիկում» դեղամիջոցը պաշտոնապես գրանցված է Ռուսաստանում: Նրա խոսքով՝ դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաեւ Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:

 

Քննարկման մասնակիցները տարակուսանք են հայտնել հիվանդանոցի հնարավոր փակման վերաբերյալ եւ անհրաժեշտ համարել պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել:

 

ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենն էլ տեղեկացրել է, որ նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեության հարցը:

 

Հանրային խորհուրդը քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկանք կներկայացնի ՀՀ նախագահին ու վարչապետին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին