Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կմեկնարկեն մարտի 12-ից - Mediamax.am

6118 դիտում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կմեկնարկեն մարտի 12-ից


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այս տարի ֆրանկոֆոնիայի միջոցառումներ կանցկացնի մարտի 12-ից ապրիլի 12-ը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն այսօր ասել է, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերեն լեզվի ամրապնդման գործում։

 

«Ցանկանում ենք, որ այս մեկ ամիսը դառնա տոն ֆրանսերեն լեզուն սիրողների համար»,- նշել է դեսպանը։

 

Մեկ ամսվա ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, երաժշտության, թատրոնի, տարբեր մրցույթների միջոցով:

 

Ծրագիրը կբացվի 2018թ. մարտի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում Շվեյցարիայի եւ Կանադայի դեսպանությունների հետ համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնով:

 

Մարտի 19-ից 22-ը սպասվում է ֆրանսահայ շեֆ խոհարար եւ «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի եւ նկարազարդող ու դիզայներ Գիյոմ Լոնի առաջին այցը Հայաստան:

 

Ֆրանկոֆոնիայի միամսյակի մյուս միջոցառումը «Et en plus je parle français…en Arménie!» (Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն … Հայաստանում) տեսահոլովակի եւ բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի 2018թ. մարտի 20-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային նոր՝ www.culturefrance.am կայքում: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա Ֆրանսիա մեկնելու հնարավորություն:

 

Մարտի 24-ին հայկական «Ալիանս ֆրանսեզը» կկազմակերպի ֆրանսերենի գրավոր մրցույթ, որին կարող են մասնակցել 13-ից 25 տարեկան պատանիներ եւ երիտասարդներ։

 

Մարտի 30-ին եւ 31-ին Գյումրին կհյուրընկալի Հայաստանում Պատանի ֆրանկոֆոնների թատերական ազգային 2-րդ՝ «10-ից 10» փառատոնը:

 

Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայով, որի ֆրանսերեն տարբերակը ապրիլի 11-ին եւ 12-ին կներկայացվի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին