Օսկարի «հայկական դեմքը»`Սարոյան, Թամիրով, Շեր եւ ուրիշներ - Mediamax.am

exclusive
12582 դիտում

Օսկարի «հայկական դեմքը»`Սարոյան, Թամիրով, Շեր եւ ուրիշներ


Էլիզաբեթ Թեյլորը՝ Շարաֆի պատրաստած զգեստով՝«Կլեոպատրա» ֆիլմում
Էլիզաբեթ Թեյլորը՝ Շարաֆի պատրաստած զգեստով՝«Կլեոպատրա» ֆիլմում
Ռուբեն Մամուլյանը (կենտրոնում) «Բեքի Շարփ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Ռուբեն Մամուլյանը (կենտրոնում) «Բեքի Շարփ» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Լուսանկարը` The Red List

Շերը 1984 թվականին
Շերը 1984 թվականին

Լուսանկարը` Today in Pop

Ջուլիանա Մուրը, Ատոմ Էգոյանը եւ Ամանդա Սեյֆրիդը Chloe ֆիլմի նկարահանումներին
Ջուլիանա Մուրը, Ատոմ Էգոյանը եւ Ամանդա Սեյֆրիդը Chloe ֆիլմի նկարահանումներին

Լուսանկարը` IMDB

Միշել Լեգրանը (աջից երկրորդը) իր Օսկարներից մեկի հետ
Միշել Լեգրանը (աջից երկրորդը) իր Օսկարներից մեկի հետ

Լուսանկարը` Alt Film Guide

Ռուբեն Մամուլյանը (կենտրոնում) «Դոկտոր Ջեքիլը եւ միստր Հայդը» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Ռուբեն Մամուլյանը (կենտրոնում) «Դոկտոր Ջեքիլը եւ միստր Հայդը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Լուսանկարը` The Red List

Վիլյամ Սարոյանը
Վիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Getty Images

Ռեյ Աղայանը 2008 թվականին
Ռեյ Աղայանը 2008 թվականին

Լուսանկարը` Chris Pizzello/Associated Press

Սթիվեն Զաիլյանը
Սթիվեն Զաիլյանը
Ակիմ Թամիրովը
Ակիմ Թամիրովը
Ակիմ Թամիրովը
Ակիմ Թամիրովը

Ասում են, իբր Հոլիվուդում հայերի առաջխաղացումն ինչ-որ մի չգրված օրենքով սահմանափակված է: Թե ինչ պատճառներով է այդպես, եւ ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, ոչ ոք հստակ չգիտի: Բայց փաստ է, որ, ի տարբերություն ամերիկյան իրականության շատ ոլորտների, հայերն այստեղ այդքան էլ ակնառու հաջողությունների չեն հասել։ Սակայն սա միայն առաջին հայացքից: Պարզվում է՝ մեր հայրենակիցներից շատերն են իրենց ձեռքում պահել բաղձալի ոսկեձույլ արձանիկը, շատերն էլ թեկնածու են եղել: Օսկար մրցանակաբաշխությանն ընդառաջ մենք փորձել ենք ի մի բերել ծագումով բոլոր այն հայերին, որոնք երբեւէ առնչվել են կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակին:

 

Ռուբեն Մամուլյան

 

Առաջին հայը, որը զգալի հաջողությունների հասավ Հոլիվուդում, թերեւս Ռուբեն Մամուլյանն էր: Հենց նրանով էլ սկսվում է Օսկարի հայկական պատմությունը: 1931 թվականին էկրան բարձրացավ «Դոկտոր Ջեքիլը եւ միստր Հայդը» սարսափ ֆիլմը, որն առաջադրվեց Օսկարի միանգամից երեք անվանակարգում՝ լավագույն դերասան, բեմադրություն եւ սցենար:

Ռուբեն Մամուլյանը (կենտրոնում) «Դոկտոր Ջեքիլը եւ միստր Հայդը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ռուբեն Մամուլյանը (կենտրոնում) «Դոկտոր Ջեքիլը եւ միստր Հայդը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Լուսանկարը` The Red List

Ու թեեւ Օսկարի արժանացավ միայն գլխավոր դերակատարը, ֆիլմն այդ թվականների համար իսկական հեղափոխություն էր: Մեկ պլանով եւ սուբյեկտիվ տեսախցիկով նկարահանված ֆիլմը չլսված բան էր այդ տարիների կինոաշխարհում: Ֆիլմի էկրան բարձրանալուց երկար ժամանակ անց էլ դեռեւս գաղտնի եւ անհասկանալի էր մնում գլխավոր հերոսի՝ Ջեքիլի վերամարմնավորման տեսարանը: Միայն տարիներ անց Ռուբեն Մամուլյանը հարցազրույցներից մեկում խոստովանեց,  թե ինչ հնարքներով է ստացել այդ տեսարանը: Նա դա իրականացրել էր՝ օգտագործելով հատուկ գունային ոսպնյակներ, որոնք ճիշտ համադրված էին մանրակրկիտ կատարված գրիմի հետ: Ոսպնյակների բարդ համակարգը հերթականությամբ լուսավորում էր գրիմի առանձին հատվածները՝ ստեղծելով  դեմքի սահուն շարժման ու փոխակերպման պատրանք:

 

Առհասարակ, կարելի է ասել, որ Ռուբեն Մամուլյանը կինեմատոգրաֆում  նորարարությունների եւ հայտնագործությունների արքան է: Նա էր, որ ֆիլմում առաջինն օգտագործեց երկու խոսափողով ձայնագրումը: Մամուլյանն առաջինն կատարեց մեկ ձայներիզի վրա մոնտաժը: Հենց նա հրաժարվեց միայն տաղավարային նկարահանումներից եւ կինոյի պատմության մեջ առաջին անգամ շարժվող եւ միանգամից մի քանի տեսախցիկների միջոցով նկարահանումներ իրականացրեց փողոցում, բնության մեջ, սրճարաններում: Նա հրաժարվեց ծանր, երկաթյա, անշարժունակ ռելսերից եւ տեսախցիկը տեղադրեց թեթեւ, ռետինե ռելսերի վրա: Կադրից դուրս ձայնը նույնպես առաջին անգամ հնչեց նրա «Քաղաքի փողոցները» ֆիլմում, իսկ «Բեքի Շարփ» ֆիլմը դարձավ կինոյի պատմության մեջ առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարը:

Ռուբեն Մամուլյանը (կենտրոնում) «Բեքի Շարփ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ռուբեն Մամուլյանը (կենտրոնում) «Բեքի Շարփ» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Լուսանկարը` The Red List

Նա ցույց տվեց, որ գույնը միայն գեղեցիկ կադր ստանալու համար չէ, այլ դրանով կարելի է ընդգծել եւ ստեղծել տրամադրություն, բովանդակություն եւ զգացմունք: Եվ, վերջապես, հենց նա ամերիկացիների եւ Հոլիվուդի համար բացահայտեց եվրոպական աստղեր Գրետա Գարբոյին եւ Մառլեն Դիտրիխին:

 

Թբիլիսիում ծնված հայ տղային հաջողվեց հեղափոխել կինոաշխարհն ու զարգացնել կինեմատոգրաֆը, բայց սա բոլորովին այլ պատմություն է: Մեկ այլ պատմություն է նաեւ, թե կինոյում այդքան ավանդ ունեցող ռեժիսորն ինչու այսօր չի գնահատվում ըստ արժանվույն, թեկուզ՝ հետմահու:

 

Ակիմ Թամիրով

 

Մեկ այլ թիֆլիսահայ տղայի նույնպես հաջողվեց հանրաճանաչ դառնալ Հոլիվուդում: 1932 թվականին Ռուբեն Մամուլյանի «Թագուհի Քրիստինա» ֆիլմում Ակիմ Թամիրովը, կամ Հովակիմ Թամիրյանցը կերտեց էպիզոդիկ, սակայն հիշվող կերպար: Այդ փոքրիկ դերը ճակատագրական դարձավ Մոսկվայից ԱՄՆ մեկնած գաղթական  տղայի համար: Նա մեկը մյուսի հետեւից սկսեց բազմաթիվ առաջարկներ ստանալ եւ մեկ տարում 13 ֆիլմում նկարահանվեց:

Ակիմ Թամիրովը Ակիմ Թամիրովը

 

Հետագայում այդ թիվը պետք է հասներ մինչեւ 150-ի: Նա համարվում էր երկրորդական դերերի անփոխարինելի վարպետ, թեեւ խաղացանկում կային նաեւ առաջին պլանի կերպարներ: Այնուամենայնիվ, Թամիրովն Օսկարի երկու անգամ էլ առաջադրվեց երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում: Առաջինը՝ 1936 թվականին «Գեներալի մահը լուսաբացին» գեներալ Յանգի դերակատարման համար, երկրորդ անգամ՝ 1944 թվականին Էռնեստ Հեմինգուեյի «Ու՞մ համար է գուժում զանգը» համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմում պարտիզանական ջոկատի հրամանատար Պաբլոյի դերի մարմնավորման համար: Երկու դեպքում էլ նա Օսկար չստացավ, փոխարենը Պաբլոյի դերակատարման համար արժանացավ «Ոսկե գլոբուսի»՝ այդպիսով դառնալով երկրորդ պլանի դերասան անվանակարգում մրցանակ ստացած առաջին դերասանը:

Ակիմ Թամիրովը Ակիմ Թամիրովը

 

Հայտնի գրող Ջերոմ Սելինջերն իր ամենազգացմունքային պատմվածքներից մեկում ՝ «Կորած-մոլորած»-ում հիշատակում է Թամիրովին: Պատմվածքի հերոսուհին հիացմունքով պատմում է ընկերուհուն, որ հանրախանութի դահլիճում օրեր առաջ տեսել է իր կուռքին՝ Ակիմ Թամիրովին եւ խոստովանում, թե ինչքան է նրան սիրում: Մեկ այլ ճանաչված ամերիկացի գրող Ուոքեր Փերսին իր բեսթսելեր դարձած «Կինոդիտողը» վեպում եւս անդրադառնում է Թամիրովին: Վեպի հերոսը նշում է, որ քոլեջում ուսանելու վերջին տարում իր համար բացահայտեց, որ ինքը կրկնօրինակում, իրենով է անում Թամիրովի շարժուձեւերն ու պահվածքը: Հերոսը՝ Բոլինգը հետո հավելում է, որ իրականում դա միակ օգտակար բանն է, որ ինքը սովորել է ուսանողական 4 տարիների ընթացքում: Այո՛, այդ թվականների համար Թամիրովն իսկական աստղ էր:

 

Վիլյամ Սարոյան

 

Ճիշտ է, Ակիմ Թամիրովին 1944 թվականին բախտը չժպտաց, սակայն հայերն այդ տարի, այնուամենայնիվ, առանց Օսկարի չմնացին: 36 տարեկանում «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար գրող, դրամատուրգ Վիլյամ Սարոյանն արժանացավ ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին:

 

Շատերը սխալմամբ կարծում են, որ ֆիլմը նկարահանվել է «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա, մինչդեռ եղել է ճիշտ հակառակը: Սկզբում գրվել է ֆիլմի սցենարը: 1941 թվականին «Մետրո-Գոլդուին-Մայեր» ընկերության ռեժիսոր Լուիս Մայերն առաջարկում է Սարոյանին գրել սցենար պատերազմական թեմայով, որը կներկայացնի պատերազմի ավերիչ հետեւանքներն ամերիկացիների կյանքում եւ կբարձրացնի նրանց ոգին:

 

Պատերազմով անցած եւ այն ողջ հոգով ատող Սարոյանի համար դա հոգեհարազատ թեմա էր: Կարճ ժամանակահատվածում նա ներկայացնում է պահանջված սցենարը` ավելի քան գոհացնելով կինոընկերության ակնկալիքները: Նրան վճարում են այդ ժամանակվա համար չլսված գումար՝ 60 000 ԱՄՆ դոլար: Սարոյանին սակայն գումարն այնքան էլ չէր հետաքրքրում, որքան այն, որ հենց ինքը դառնա իր գրած սցենարի հիման վրա ստեղծվող ֆիլմի ռեժիսորը: Սարոյանի խանդավառությունը բոլորովին չէր կիսում տարակուսած Լուիս Մայերը, քանի որ գիտեր՝ գրողը նախկինում երբեք ֆիլմ չի նկարահանել: ՍակայնՍարոյանը չի նահանջում, շարունակում է պնդել՝ ասելով, եթե իրեն ընդամենը երեք օր տրվի, նա ֆիլմ կնկարահանի՝ ցույց տալու համար իր ռեժիսորական ունակությունները: Մայերը համաձայնվում է: Երեք օր անց Սարոյանը ներկայացնում է երկու մասից բաղկացած 20 րոպեանոց «Լավ աշխատանք» անվանումով ֆիլմը, որը հիմնված էր գրողի 1939 թվականին գրված «Մի քանի աղքատ» պատմվածքի վրա: Մայերն ու «ԷՄ ՋԻ Էմ»-ի ողջ ստեղծագործական խումբն իսկապես շատ բարձր են գնահատում Սարոյանի կատարած աշխատանքն ու ֆիլմն առհասարակ, «ԷՄ ՋԻ Էմ»-ն անգամ այն անմիջապես հանում է կինովարձույթի, սակայն «Մարդկային կատակերգություն» ֆիլմի նկարահանումները վստահել Սարոյանին ընկերությունում չեն շտապում:

Վիլյամ Սարոյանը Վիլյամ Սարոյանը

Լուսանկարը` Getty Images

Թեման շատ նուրբ էր եւ կարեւոր այդ թվականների համար, պատերազմը դեռ շարունակվում էր, եւ ֆիլմը պետական՝ անգամ ռազմավարական նշանակություն ուներ։ Այդ պատճառով կինոընկերության ղեկավարությունը ռիսկի չդիմեց եւ չվստահեց այն սկսնակ, թեկուզ իրեն ամբողջությամբ արդարացրած ռեժիսորին: Նրանց պրոֆեսիոնալ մեկն էր հարկավոր, որն այս պարագայում Քլարենս Բրաունն էր: Զայրացած եւ վիրավորված Սարոյանը ցանկանում էր ետ գնել իր սցենարը, Մայերը մերժում էր: Սարոյանն էլ իրեն չկորցրեց, եւ մինչ ֆիլմը կհայտնվեր էկրաններին, կարճ ժամանակամիջոցում իր գրած սցենարի հիմա վրա ընթերցողների դատին հանձնեց «Մարդկային կատակերգություն» վեպը, որն, ինչպես այդ ժամանակի մամուլն էր նշում, ընդամենը մեկ շաբաթում դարձավ բեսթսելեր: 

 

Սա այն եզակի դեպքերից է, երբ գիրքն է գրվել կինոսցենարի հիման վրա: Իսկ մինչ այդ «ԷՄ ՋԻ Էմ»-ում տագնապած էին՝ արդյո՞ք վեպի այդպիսի շլացուցիչ հաջողությունից հետո ֆիլմն առհասարակ կդիտվի:  Ի երջանկություն Մայերի, ֆիլմը նույնպես սիրվում է եւ ներկայացվում Օսկարի 5 անվանակարգերում: Ի երջանկություն, այս անգամ Սարոյանի, Օսկարը բաժին է հասնում միայն իրեն:

 

Այրին Շարաֆ

 

Վստահաբար կարելի է ասել, որ Այրին Շարաֆը Հոլիվուդի պատմության ամենահայտնի դիզայներներից է: Նա 16 անգամ առաջադրվել է Օսկարի՝ որպես զգեստների լավագույն նկարիչ եւ 5 անգամ ստացել ոսկյա արձանիկը: Շարաֆը նաեւ 6 անգամ առաջադրվել է ԱՄՆ թատերական ամենահեղինակավոր «Թոնի» մրցանակին, որից մեկ անգամը ստացել է այն «Թագավորը եւ ես» մյուզիքլում կատարած աշխատանքի համար: Եվ այո՛, նա հայուհի էր, ավելին՝ դերասան Լեւոն Շարաֆյանի մեծ հորաքույրը: 1900-ականների սկզբին Շարաֆյանների ընտանիքը Համիդյան ջարդերից մազապուրծ փախավ Բոստոն: Հենց այնտեղ էլ 1910 թվականին ծնվեց Այրին Շարաֆը: Նյու Յորքի գեղարվեստի եւ կիրառական արվեստի դպրոցում, Նյու Յորքի գեղարվեստի ուսանողների լիգայում, Փարիզի Գրանդ Շոմիեր ակադեմիայում ուսանելուց հետո նա կարճ ժամանակահատվածում հայտնի անուն դարձավ ամերիկյան թատերաշխարհում: Շուտով նրան նկատեցին նաեւ Հոլիվուդում: Իր առաջին «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմով նա կինոաշխարհում կոստյումների մոդելավորման նոր չափանիշ սահմանեց: Իսկ վերեւում հիշատակված «Թագավորը եւ ես» մյուզիքլում առաջին անգամ Շարաֆի կողմից օգտագործած թայլանդական մետաքսը նոր ուղղություն ձեւավորեց նորաձեւության աշխարհում:

 

Նա աշխատել է իր ժամանակի ամենահայտնի, ամենադիտված ֆիլմերում, ամենահանրահայտ դերասանների հետ: Բավական է միայն թվարկել այն ֆիլմերի անունները, որոնց համար նա արժանացել է Օսկարի՝ «Արեւմտյան կողմի պատմություն» (1961), «Կլեոպատրա» (1963), «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1966), «Թագավորը եւ ես» (1956), «Ամերիկացին Փարիզում» (1951):

Էլիզաբեթ Թեյլորը՝ Շարաֆի պատրաստած զգեստով՝«Կլեոպատրա» ֆիլմում Էլիզաբեթ Թեյլորը՝ Շարաֆի պատրաստած զգեստով՝«Կլեոպատրա» ֆիլմում

 

Հենց նա է մոդելավորել նաեւ Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստներից մեկը: Շարաֆը կոստյումներ, զգեստներ է ստեղծել նաեւ բալետի, օպերայի, թատրոնի տարբեր բեմադրությունների համար, նկարազարդումներ արել նորաձեւության ամենահայտնի ամսագրերի համար:

 

«Թատրոնի զարգացման հիմնադրամը» 1993 թվականին սահմանեց Այրին Շարաֆի անվան մրցանակ, որն ամեն տարի տրվում է այն դիզայներին, որն իր գործունեության ընթացքում մեծ ներդրում եւ ավանդ է ունեցել արվեստի ոլորտում: Իր անվան մրցանակի առաջին ստացող դարձավ հենց Շարաֆը․ ինչպես կազմակերպիչները նշեցին մրցանակը հանձնելիս, կոստյումների մոդելավորման ոլորտում անհնար է պատկերացնել ավելի արժանի մեկին: Ցավոք, հենց նույն թվականին էլ Այրին Շարաֆը մահացավ իր սիրելի Նյու-Յորքում: Նա երբեւէ Օսկարի ամենից շատ առաջադրված եւ ամենից շատ այդ մրցանակը ստացած հայն է եւ առհասարակ եզակի դեպք Օսկարի պատմության մեջ:

 

Ռեյ Աղայան

 

Զգեստների մեկ այլ հայազգի նկարիչ եւս մեծ անուն հանեց 70-ականների Հոլիվուդում: Խոսքը Թեհրանում ծնված Ռեյ Աղայանի մասին է, որն արդեն 13 տարեկանում ստեղծեց իր առաջին ծավալուն զգեստն Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կնոջ համար, որին հաջորդեց հատուկ կարված կոստյումն Եգիպտոսի արքայազնի համար: Ու թեեւ Իրանում եւ առհասարակ Արեւելքում Աղայանը հասել էր զգալի հաջողությունների, երիտասարդ դիզայները 40-ականներին տեղափոխվեց ԱՄՆ՝ փառքի հետեւից, եւ այն չուշացավ: Սկզբում հագուստներ էր մոդելավորում թատերական ներկայացումների համար, հետո հրավեր ստացավ  Հոլիվուդից եւ սկսեց աշխատել միայն առաջին կարգի աստղերի հետ՝ Ջուդի Գարլենդ, Բարբարա Սթրեյզանդ, Ռաքել Ուելչ, Շեր, Դայանա Ռոսս եւ ուրիշներ:

Ռեյ Աղայանը 2008 թվականին Ռեյ Աղայանը 2008 թվականին

Լուսանկարը` Chris Pizzello/Associated Press

Աստղերը նախընտրում էին նրա հետ աշխատել թեթեւ եւ բարյացակամ բնավորության եւ, իհարկե, բացառիկ տաղանդի համար: Նա Օսկարի առաջադրվել է երեք անգամ ՝ «Ուրախ, ուրախ» (1970), «Լեդին բլյուզ է երգում» (1973), «Ծիծաղելի աղջիկը» (1976) ֆիլմերի համար: Նրան Օսկար վիճակված չէր ստանալ, սակայն 1967-ին արժանացավ հեռուստատեսային «Էմմի» բարձրագույն մրցանակին: Ի դեպ, 1984 թվականին Լոս Անջելեսում տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողությունների հանդերձների ձեւավորումը նույնպես  վստահված էր Ռեյ Աղայանին: Դիզայները կյանքից հեռացավ 2011 թ-ին:

 

Միշել Լեգրան

 

Այրին Շարաֆից հետո ամենից շատ Օսկարի առաջադրված հայազգի գործիչը Միշել Լեգրանն է: Նա 13 անգամ նոմինացվել է Օսկարի, որից երեքի դեպքում ստացել է այն: Եվրոպացիների սրտերը վաղուց գերած կոմպոզիտորն առաջին Օսկարը ստացավ 1968 թվականին «Թոմաս Քրաունի խաբեությունները» ֆիլմի սաունդթրեքի, երկրորդը՝ «42-ի ամառը» ֆիլմի, երրորդը՝ Բարբարա Սթրեյզանդի մասնակցությամբ «Յենթլ» ֆիլմի համար:

Միշել Լեգրանը (աջից երկրորդը) իր Օսկարներից մեկի հետ Միշել Լեգրանը (աջից երկրորդը) իր Օսկարներից մեկի հետ

Լուսանկարը` Alt Film Guide

Տասնմեկ տարեկանում Փարիզի կոնսերվատորիան ընդունված, 22 տարեկանում ամենավաճառվող ալբոմի հեղինակ դարձած Լեգրանն Օսկարից բացի առաջադրվել եւ արժանացել է այլ բոլոր հնարավոր երաժշտական մրցանակների: 14 անգամ նոմինացվել է Գոլդեն Գլոբի, մեկ անգամ՝ ստացել, 17 անգամ նոմինացվել է Գրեմմիի՝ 5 անգամ ստացել:

 

Շեր

 

Օսկարի, Ոսկե Գլոբուսի, Էմմիի, Գրեմմիի մրցանակակիր Շերիլին Սարգսյանը՝ Շերը մինչեւ Քիմ Քարդաշյանի ի հայտ գալը, թերևս, ամենահայտնի հայուհին էր: Նրան կոչում են «Փոփի աստվածուհի», «Փոփի թագուհի», նրա սկավառակները մինչ օրս ամենավաճառվողներից են աշխարհում, եւ նա հպարտորեն նշում է իր կիսով չափ հայ լինելու մասին, վերջին շրջանում՝ ավելի հաճախ:

 

Հենց Շերն է ամերիկյան երգարվեստի պատմության մեջ սահմանել նոր, անգերազանցելի ռեկորդ: Նա առաջին երգչուհին է, ում երգերը 6 տասնամյակից ավելի գլխավորել են ամերիկյան հիթ շքերթները: Կինոարվեստում նրա գլխավոր նվաճումը եղավ 1988 թվականի «Լուսնով հմայվածները» ֆիլմում լավագույն դերասանուհի անվանակարգում ստացած Օսկարը: Մինչ այդ նա մեկ անգամ էլ էր առաջադրվել Օսկարի. 1984 թվականին՝ «Սիլկվուդի գաղտնիքը» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում:

Շերը 1984 թվականին Շերը 1984 թվականին

Լուսանկարը` Today in Pop

Հիշվող էր ոչ միայն Օսկար ստանալիս նրա կրած զգեստը, այլեւ ելույթը, որտեղ նա հատ առ հատ շնորհակալություն էր հայտնում ֆիլմի ամբողջ կազմին, հատկապես այն մարդկանց, որոնց գրեթե երբեք չեն հիշատակում: Ու թեեւ Շերը հետագայում նույնպես ունեցավ կինոփայլատակումներ, 80-ականներն ամենաբեղմնավորն էին դերասանուհու կյանքում:

 

Արա Չեքմայան, Գլեն Ֆարր եւ ուրիշներ

 

1980-ականներն առհասարակ օսկարաշատ էին հայերի համար: Լավագույն լիամետրաժ դոկումենտալ ֆիլմ անվանակարգում 1984 թվականին Օսկարի առաջադրվեց Արա Չեքմայանը «Խավարի զավակները» կինոնկարի համար: Նույն թվականին լավագույն մոնտաժ անվանակարգում Օսկար ստացավ մեր հայրենակից Գլեն Ֆարրը՝ «Ընտիր կազմ» ֆիլմի համար: Գլենն ԱՄՆ-ում գործող «Հայկական ֆիլմ» հիմնադրամի խորհրդի անդամ է: Հայտնի հնչյունավորող եւ ձայնային ռեժիսոր Լեո Չալուկյանի մրցանակներին 1986-ին գումարվեց եւս մեկը՝ Օսկար «Պլատոն» ֆիլմի համար: Ռոբերտ Ռեդֆորդի մասնակցությամբ «Մեծն Գեթսբին» ֆիլմի պրոդյուսեր Հենք Մունջյանն Օսկարի արժանացավ 1988-ին մեկ այլ հանրահայտ ու աստղաշատ «Վտանգավոր կապեր» (Ջոն Մալկովիչ, Միշել Փֆայֆեր, Քիանու Ռիվզ, Ումա Թուրման) ֆիլմի համար:

 

Ատոմ Էգոյան

 

Կինոաշխարհի ամենահայտնի հայերից մեկն այսօր կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն է: Կաննի եւ Տորոնտոյի կինոփառատոնների բազմակի մրցանակակիր Էգոյանն Օսկարի նոմինացվեց 1998-ին «Լուսավոր գալիք» ֆիլմի համար միանգամից երկու անվանակարգում՝ «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն սցենար»: 

Ջուլիանա Մուրը, Ատոմ Էգոյանը եւ Ամանդա Սեյֆրիդը Chloe ֆիլմի նկարահանումներին Ջուլիանա Մուրը, Ատոմ Էգոյանը եւ Ամանդա Սեյֆրիդը Chloe ֆիլմի նկարահանումներին

Լուսանկարը` IMDB

Ո´չ այդ թվականին եւ ո´չ էլ մինչ օրս նա դեռեւս Օսկար չի ստացել, սակայն այդ փաստը նրան բացարձակապես չի հուզում․ինչպես ինքն է հարցազրույցներից մեկում ասել՝ իր ֆիլմերը կինոմրցանակների համար չեն ստեղծվում:

 

Սթիվեն Զաիլյան

 

«Շինդլերի ցուցակը», «Նյու-Յորքի ավազակախմբերը»,  «Արթնացում»,  «Վիշապի դաջվածքով աղջիկը», «Հաննիբալ», «Անհնարին առաքելություն» եւ այսպես դեռ երկար կարելի է թվել այն հայտնի ֆիլմերը, որոնց սցենարի հեղինակը Սթիվեն Զաիլյանն է:

Սթիվեն Զաիլյանը Սթիվեն Զաիլյանը

 

1994 թվականին «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար նա արժանացավ Օսկարի, մինչ այդ 1991 թվականին «Արթնացում» ֆիլմի համար եւս առաջադրվել էր կինոակադեմիայի մրցանակին: Օսկարի առաջադրվեց նաեւ 2003-ին եւ 2012-ին «Նյու-Յորքի ավազակախմբերը» եւ «Մանիբոլ» ֆիլմերի համար: 

 

Մեր օրեր

 

2000-ականները կարծես հաջող են սկսվել հայերի համար: Հենց 2000 թվականին կինոարտադրության մեջ իր ներդրած ավանդի համար Օսկար ստացավ Թոմաս Օհանյանը, որը նաեւ արժանացել է երկու Էմմի մրցանակի տեխնիկական նորարարությունների համար: Օհանյանը նաեւ հայտնի AVID մոնտաժային ծրագրի ստեղծողներից մեկն է:

 

2001-ին տեխնիկական նվաճումների համար Օսկար ստացավ Աշոտ Նալբանդյանը. 2007-ին նույն անվանակարգում Օսկար ստացավ մեկ այլ հայ՝  Բաբկեն Շահբազյանը: 2004-ին մրցանակ ստացավ նաեւ Բոբի Գարաբեդյանը չեխ-ամերիկյան կարճամետրաժ ֆիլմի համար:

 

Ահա այսպիսին էր  Օսկար-հայեր գրեթե մեկդարյա պատմությունը: Շատ հնարավոր է, որ սա ամբողջական ցանկը չէ այն հայերի, որոնք երբեւէ կապ են ունեցել Օսկարի հետ եւ, առհասարակ, իրենց զգալի ավանդն են թողել համաշխարհային կինեմատոգրաֆի զարգացման գործում: Մենք փորձեցինք հավաքագրել եղած բոլոր անունները, հույսով, որ այդ ցանկն ապագայում միայն կավելանա, քանի որ, որքան էլ քննադատեն, որքան էլ՝ հատկապես վերջին տարիներին համարեն այն լուրջ կինոն չգնահատող մրցույթ, միեւնույն է՝  Ամերիկյան կինոակադեմիայի ազգային ամենամյա Օսկար մրցանակաբաշխությունը շարունակում է մնալ ամենահեղինակավորը, ամենադիտվողն ու մասշտաբային աշխարհում: Եվ յուրաքանչյուր կինոգործիչ՝ անկախ ազգությունից, երազում է գոնե մեկ անգամ իր ձեռքերում պահել այդքան բաղձալի ոսկեձույլ արձանիկը:

 

Սոսսի Խանիկյան

 

Հեղինակը խորհրդատվության համար հատուկ շնորհակալություն է հայտնում կինոգետ Արծվի Բախչինյանին եւ դիզայներ Միքայել Շարաֆյանին:

Նյութը պատրաստելիս օգտագործվել են հետեւյալ աղբյուրները՝

Robert Osborne, “85 Years of the Oscar: The Official History of the Academy Awards”, Abbeville Press Publishers, 2013.

Emanuel Levy, “All about Oscar: The History and Politics of the Academy Awards”, New York : Continuum, 2003.

Damien Bona, Mason Wiley, “Inside Oscar: The Unofficial History of the Academy Awards”, Ballantine Books, 1996.

Bronwyn Cosgrave,  “Made For Each Other: Fashion and the Academy Awards”, New York : Bloomsbury, 2007.

William Joseph Becvar, “The stage and film career of Rouben Mamoulian”, University of Kansas, 1975.

Zheng Cirino, “Irene Sharaff”, CIV, 2011.

Արծվի Բախչինյան, «Հայերը համաշխարհային կինոյում», Գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչություն, 2004:

Արծվի Բախչինյան, «Հայազգի գործիչներ. հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը», Երեւան, Տաթեւ Գիտակրթական Համալիր, 2002:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին