Ոռոգման ջրանցքներն աղտոտողներն ավելի խիստ կպատժվեն - Mediamax.am

1819 դիտում

Ոռոգման ջրանցքներն աղտոտողներն ավելի խիստ կպատժվեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ «լրացուցիչ գումար ենք ծախսում այնտեղ, որտեղ խնդիրը մենք ենք առաջացնում»։

«Գարնան ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացվում են ջրանցքների մաքրման եւ ընթացիկ նորոգման աշխատանքներ, որոնց զգալի մասն ուղղվում է ջրանցքներ թափված կենցաղային եւ այլ բնույթի աղբի մաքրմանը, որը ձեւավորվում է հարակից բնակավայրերից։ Ստեղծվածը խոչընդոտում է ջրամատակարարման աշխատանքների կատարմանը եւ առաջացնում լրացուցիչ ծախսեր»,- ասել է վարչապետը։

 

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, ոստիկանության պետին, մարզպետերին եւ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է համալիր միջոցառումներ ձեռնարկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ներգրավվելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները։

 

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հաձնարարվել է նաեւ մեկամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների կատարման օրենսդրական փաթեթում սահմանված կարգով ներկայացնել ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու պատասխանատվության միջոցները խստացնելու վերաբերյալ լրամշակումներ։

 

«Բոլորը պետք է պատասխանատվություն կրեն, եւ այդ հարցին պետք է հետեւել»,-ասել է վարչապետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին