Կրթության մասին նոր օրինագիծը չի լուծում հաշմանդամների խնդիրները - Mediamax.am

4139 դիտում

Կրթության մասին նոր օրինագիծը չի լուծում հաշմանդամների խնդիրները


Լուսանկարը` Մեդիամաքս

Էլեն Մկրտչյան
Էլեն Մկրտչյան

Լուսանկարը` Cityzen

Սիփան Ասատրյանը
Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարուհի Բաթոյանը եւ Սիփան Ասատրյանը
Զարուհի Բաթոյանը եւ Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` ԿԳՆ


«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով՝ առանց քննարկվելու հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ։

 

Նախագծի մշակման փուլում «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ն ներկայացրել էր օրենսդրական առաջարկություններ, որոնց  մեծ մասը չի ընդունվել։ ՀԿ-ի նախագահ Զարուհի Բաթոյանն այսօր ասել է, որ ընդունվել են միայն այն կետերը, որոնք խմբագրական նշանակություն ունեն`ճիշտ տերմիններ են օգտագործվել։

 

Նա անընդունելի է համարում, որ օրենքի մշակումն իրականացվել է առանց որեւէ հաշմանդամություն ունեցող անձի մասնակցության, այն դեմ է նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց ՄԱԿ-ի կոնվենցիային։

 

Նախագիծն ԱԺ ուղարկելուց հետո «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ը քննարկման հրավեր էր ստացել կրթության եւ գիտության նախարարության կողմից։ Փետրվարի 13-ին կայացել է հանդիպում կրթության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի հետ, որին մասնակցել են մարդիկ, որոնք ունեն հաշմանդամություն ու բարձրագույն կրթության փորձ։

Սիփան Ասատրյանը Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանկավարժական համալսարանի հաշմանդամություն ունեցող ուսանողներից Սիփան Ասատրյանը բավական դժվար ու դաժան է անվանել իր փորձառությունը հայաստանյան բուհերում։ Նա եւս այն կարծիքին է, որ օրենքը պետք է քննարկվեր հաշմանդամություն ունեցող անձանց հետ.

 

«Մեզ համար օրենքներ են ընդունում մարդիկ, որոնք լավ տեսնում են, լավ լսում, լավ քայլում, չունեն որեւէ հաշմանդամություն, բայց սիրուն նստած օրենքներ են գրում»։

ԿԳՆ-ի այսօր տարածած հայտարարության մեջ նշված է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները քննարկվել էին, որոշ կետեր ընդունվել են, բազմաթիվ հարցեր էլ կարող են կարգավորում ստանալ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով:

 

Կրթության նախարարի տեղակալի խոսքով՝ բարձրացրած մի շարք խնդիրները, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի շրջանակում չեն կարող լուծում ստանալ, քանի որ բուհերի շենքերը հիմնականում կառուցված են խորհրդային տարիներին եւ ի սկզբանե չեն ապահովել համապատասխան միջավայր:

 

«Հաշվի առնելով մեր բուհերի ֆինանսական միջոցների սղությունը` դրանք միանգամից չեն կարող լուծվել, ամբողջական հարմարեցումը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում»,- ասել է Վահրամ Մկրտչյանը։

 

Ըստ Զարուհի Բաթոյանի՝ առաջարկների մերժումը ԿԳՆ-ն մեկնաբանում է նաեւ՝ հղում կատարելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծին։

 

Նրա խոսքով՝ դա դեռ միայն նախագիծ է, եւ հարց է՝ ի՞նչ տեսքով կընդունվի։

Զարուհի Բաթոյանը եւ Սիփան Ասատրյանը Զարուհի Բաթոյանը եւ Սիփան Ասատրյանը

Լուսանկարը` ԿԳՆ

Զարուհի Բաթոյանը հավելում է, որ խնդիրը միայն շինությունների ընդհանուր մատչելիության եւ թեքահարթակների տեղադրումը չէ:

 

Չընդունված առաջարկներից էր, օրինակ, խելամիտ հարմարեցումների տրամադրման ամրագրումը։ Խելամիտ հարմարեցումները կոնկրետ անձին ուղղված պայմաններն են՝ օրինակ զուգարանում լրացուցիչ բռնակի տեղադրումը՝ ուսանողի դիմումի հիման վրա։

 

Հանդիպման մասնակիցներից մեկն էր «Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանը: Նա ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանը դեռեւս 8 տարի առաջ եւ ասում է, որ մինչ օրս իր նման լսողության խնդիրներ ունեցող անձանց համար դժվարությունները նույնն են՝ բուհերում բացակայում է ժեստերի լեզվի թարգմանությունը, օժանդակ տեխնոլոգիաները։ Այս խնդիրը նույնպես տեղ էր գտել ներկայացրած ու մերժված 15 առաջարկների մեջ։

 

Եթե Սիփանը եւ Արտաշեսը կարողացել են ընդունվել բուհ եւ հաճախել դասերին, ապա Էլեն Մկրտչյանն այն երիտասարդներից է, որ երբեւէ չի էլ դիմել որեւէ բուհ՝ հարմար միջավայրի բացակայության պատճառով։ Էլենը հենաշարժական խնդիրներ ունի, տեղաշարժվում է սայլակի օգնությամբ։ Տարիներ առաջ էլ ուզում էր Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի քոլեջում, սակայն իր ուզած բաժինը՝ հագուստի մոդելավորումը, առաջին հարկում չէր տեղակայված։

Էլեն Մկրտչյան Էլեն Մկրտչյան

Լուսանկարը` Cityzen

Էլենը դադարել է բուհում սովորելու մասին մտածել, վերջապես աշխատանքի է ընդունվել։ Cityzen մասնագիտությունների մանկական կենտրոնում որպես ավագ է աշխատում։ «Մուտքը հարմար է, ներսում վերելակ կա եւ հատուկ զուգարան։ Եթե բուհերի շինություններն այսպես հարմարեցված լինեին, ես բարձրագույն կրթություն կունենայի»,-ասում է Էլենը։ Չնայած նա ասում է, որ անգամ եթե շինությունների հարցը լուծվի, միեւնույն է տրանսպորտի խնդիրն է մնալու: Կենտրոնը, որտեղ նա աշխատում է, ամեն օր մեքենա է տրամադրում Էլենին աշխատանքի բերելու եւ տանելու համար։

 

Հաշմանդամություն ունեցող ուսանողները շարունակում են Հայաստանի բուհերի ուսանողության ընդամենը 1 %-ը կազմել։ 2016-2017 ուստարում պետական բուհերում սովորել է հաշմանդամություն ունեցող 429 ուսանող։

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին