Նուբար Աֆեյանը խոսել է «Ավրորա»-ի երազանքի մասին - Mediamax.am

7969 դիտում

Նուբար Աֆեյանը խոսել է «Ավրորա»-ի երազանքի մասին


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` «Ավրորա»


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 1-ին Նյու Յորքում՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին նվիրված 9/11 հուշահամալիր-թանգարանում տեղի կունենան հերթական «Ավրորայի երկխոսությունները» (Aurora Dialogues):

Այն կլինի Հայաստանի սահմաններից դուրս անցկացվող երկրորդ հանդիպումը:

 

Առաջինը՝ «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով, կայացել էր Բեռլինում՝ 2017-ի դեկտեմբերին:

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ հարցազրույց»-ի ընթացքում «Ավրորա» մարդասիրական համաշխարհային նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ասել է, որ այս քննարկումները  «Ավրորա»-ի գաղափարախոսության տարածման գործում կարեւոր դերակատարություն ունեն:

 

«Մեր երազանքը, մեր նպատակն է, որ «Ավրորա»-ն դառնա համաշխարհային շարժում: Այն հիմա ունի մի քանի խորհրդանիշ մարդիկ, որոնց կարող ենք հետեւել: Բայց մյուս կողմից այդ շարժումը պետք է ունենա այլ ձեւեր, որպեսզի մարդիկ կարողանան մասնակցել եւ ի գործ արտահայտել իրենց երախտագիտությունը,- ասել է Նուբար Աֆեյանը: - «Ավրորա»-ի քննարկումները կօգնեն հավաքել մարդկանց եւ խոսել այդ գաղափարախոսության մասին. եթե դու երախտագիտություն ես զգում, կարող ես քո ուժերը, քո դրամը տրամադրել, օրինակ, փախստականներին կամ տարբեր ծրագրերի»:

 

 

Հարցին, թե ինչու են համաշխարհային դեմքերը (օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր Բերնար Քուշները) ձգտում միանալ  «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին, Նուբար Աֆեյանն ասել է, որ սկզբում իրենք էլ կասկածում էին, թե արդյոք այդպիսի նշանավոր մարդիկ կարձագանքեն իրենց նախաձեռնությանը: Բայց շատ արագ հասկացան, որ մարդասիրության խնդիրները նրանց համար եւս կարեւոր են:

 

«Շատերը մեզ փնտրում են եւ ուզում են միանալ ծրագրին: Այսօր մեզ պետք են մարդասիրության օրինակներ՝ լավ, նվիրված մարդիկ, որոնք պատրաստ են իրենց զոհել՝ ուրիշների կյանքը փրկելու համար: Ես չեմ կարծում, որ բոլորը, նաեւ՝ ես, պատրաստ ենք զոհվել՝ ուրիշի կյանքը փրկելու համար: Բայց երբ տեսնում եմ այդպիսի մարդկանց, արդյոք դա չի՞ նպաստի, որպեսզի ես ավելի լավ մարդ դառնամ»:

 

Նուբար Աֆեյանն ասել է, որ բարեբախտություն ունի ծանոթանալու այդպիսի հարյուրավոր մարդկանց ու պատմությունների: Թեեւ սկզբում «Ավրորա»-ի հիմնադիրները մտավախություն ունեին, թե կստանան 10-15 պատմություն ու դրանք անընդհատ կկրկնվեն, 2018 թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար ստացվել է 750 առաջադրում, դրանցից 509-ը չկրկնվող թեկնածություններ են:

 

«Մենք միշտ ասել ենք՝ երանի գա այն օրը, երբ «Ավրորա»-ն այլեւս անելիք չի ունենա եւ չի կարողանա այսպիսի հերոսներ գտնել: Դա կնշանակի, որ այլեւս չեն լինի ոճիրներ, եւ մարդիկ ստիպված չեն լինի օգնել եւ ազատել ուրիշ մարդկանց: Բայց դժբախտաբար ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ այդ հերոսների կարիքը կա: Ես կարծում եմ, որ մարդ էակն առավելություններից առավել թերություններ ունի: Մեր մարտահրավերն այդ թերություններին հակադարձելն է: Առանձին դա չենք կարողանա անել, բայց միասին՝ ազգային կամ երկրների մակարդակով, կարող ենք»,- ասել է Նուբար Աֆեյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին