Աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քուինսի Ջոնսը ծավալուն հարցազրույց է տվել Vulture հանդեսին: Զրույցի ընթացքում 84-ամյա երաժշտական լեգենդը անկաշկանդ արտահայտվել է տարբեր թեմաների շուրջ՝ սկսած Մայքլ Ջեքսոնի երաժշտագողությունից, ժամանակակից փոփ երաժշտության խնդիրներից մինչեւ Իվանկա Թրամփի հետ հարաբերություններ՝ չմոռանալով հիշատակել նաեւ վերջինիս հայրիկին: Ներկայացնում ենք այդ հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները:
Նկատենք, որ բնագրում Քուինսի Ջոնսը շատ հաճախ օգտագործել է motherfucker բառը, որը մենք մի շարք դեպքերում պարզապես բաց ենք թողել, իսկ երբ դա անհնար էր, օգտագործել ենք «շան տղա/շան աղջիկ» եզրույթը:
Մայքլ Ջեքսոնի հետ աշխատանքի մասին
Չէի ցանկանա այս մասին հրապարակայնորեն խոսել, բայց Մայքլը շատ բաներ է գողացել: Նա շատ երգեր է գողացել: Խոսքը “State of Independence” եւ “Billie Jean” երգերի մասին: Նոթեր կան, չեմ խաբում: Նա անխիղճի մեկն էր:
Լուսանկարը` Billboard
Մայքլ Ջեքսոնի խնդիրների մասին
Ինչպիսի՞ տեսք ուներ նա: Նա խնդիրներ ուներ իր արտաքինի հետ: Հայրն ասել էր, որ նա տգեղ է եւ վատ էր վարվել հետը: Էլ ի՞նչ էիք սպասում այդքանից հետո:
Առաջին անգամ ռոք լսելու մասին
Ռոքը ոչ այլ ինչ է, քան R&B-ն սպիատակամորթների կատարմամբ: Փոլ Մաքարթնիին հանդիպել եմ, երբ նա 21 տարեկան էր:
Բիթլզ խմբից առաջին տպավորության մասին
Նրանք աշխարհի ամենավատ երաժիշտներն էին: Շան որդիքը նվագել չգիտեին: Փոլը իմ լսած ամենավատ բաս-կիթառարարն էր, իսկ Ռինգո՞ն, էլ չասեմ:
Հիշում եմ, մի անգամ Ջորջ Մարթինի (Բիթլզի երաժշտական պրոդյոսերը-խմբ.) հետ ստուդիայում էինք, եւ Ռինգոն մոտ 3 ժամ փորձում էր ինչ-որ բան շտկել երգի վրա չորս տակտի հետ կապված եւ ոչ մի կերպ չէր ստացվում: Մենք նրան ասացինք ՝ եղբայր, գարեջուր եւ լայմ վերցրու, մի կտոր խմորեղեն կեր ու մի քիչ հանգստացիր: Նա այդպես էլ արեց: Կանչեցինք Ռոնի Ուարելին, նա հարվածային գործիքների ջազային վարպետ էր: Ռոնին եկավ եւ 15 րոպեում հարցը լուծեց: Ռինգոն վերադարձավ եւ ասում է՝ Ջորջ, մի անգամ էլ կնվագե՞ս: Երբ Ջորջը նվագեց , Ռինգոն ասում է՝ ոնց-որ վատ չէ, հա՞: Ես էլ ասում եմ՝ վատ չէ, շան տղա, որովհետեւ այդ դու չես: Չնայած, հոյակապ տղա էր Ռինգոն:
Իվանկա Թրամփին ժամադրելու մասին
Այո, սըր, 12 տարի առաջ էր դա: Թոմի Հիլֆիգերը, ով աշխատում էր աղջկաս՝ Քիդադայի հետ, մի օր ասում է՝ Իվանկան ուզում է քեզ հետ ընթրել: Ես էլ ասում եմ՝ խնդիր չկա, շան աղջիկը լավիկն է: Հա, ինչ խոսք, նա հիասքանչ ոտքեր ունի, բայց սխալ հայր:
Ժամանակակից փոփ երաժշտության մեջ նորարարությունների մասին
Հիմա երգը պարզապես բիթ է ու ռիթմ: Ի՞նչ ունեմ դրանից սովորելու: Երգ չկա: Երգը ուժ է, իսկ երգիչը մեսիջ փոխանցողը: Աշխարհի ամենահանճարեղ երգիչն անգամ չի կարող փրկել վատ երգը: Ես դեռ 50 տարի առաջ եմ իմացել այդ, եւ դա այն միակ հանճարեղ դասն է, որ սովորել եմ որպես պրոդյուսեր: Եթե լավ երգ չունես, կապ չունի, թե ինչով այն կպարուրես:
Այն մասին, թե ով է հիմա լավ գործեր թողարկում
Բրունո Մարսը, Չենս դը Րեփեր, Քենդրիք Լամարը: Ինձ դուր է գալիս Քենդրիքի միտքը: Նա պարզ է, վեր-վեր չի թռչում:
Լուսանկարը` Billboard
Չենսը նույնպես: Էդ Շիրանի ձայնագրություններն են հիանալի: Կամ Սեմ Սմիթը, նա բացահայտ ասում է, որ գեյ է: Դա ինձ դուր է գալիս: Իսկ Մարկ Ռոնսոնը լավ գիտի, թե ինչ է նշանակում լավ պրոդյուսինգ անել:
Պատրաստել է Մարիամ Մանոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: