Հենրիեթ Վամբերգը նկատել է Երեւանի մեծ ներուժը - Mediamax.am

4136 դիտում

Հենրիեթ Վամբերգը նկատել է Երեւանի մեծ ներուժը


Հենրիեթ Վամբերգը
Հենրիեթ Վամբերգը

Երեւան: Մեդիամաքս: Քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում մեծ փորձառություն եւ համաշխարհային ճանաչում ունեցող «Գեհլ Արքիթեքտս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները Երեւանում են:

Նրանք օգնելու են քաղաքային իշխանություններին Երեւանը դարձնել մարդակենտրոն եւ հարմարավետ բոլորի համար:

 

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ու ծրագրերի տնօրեն Օլա Գուստաֆսոնը ժամանել են փետրվարի 6-ին՝ Երեւանի քաղաքապետարանի հրավերով: Մայրաքաղաքում երկար շրջելու հնարավորություն չեն ունեցել, դիտարկումների ու առաջարկությունների համար բավարար նյութ դեռ չեն հավաքել: Հասցրել են նկատել, որ Երեւանը հյուրընկալ քաղաք է՝ համայնքային ու հասարակական կյանքի ամուր ավանդույթներով:

 

Օլա Գուստաֆսոնը Երեւանն ուսումնասիրել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց դիտանկյունից:

 

«Թենիս խաղալիս ոտքս վնասել էի եւ Երեւան եկա կանգնակի օգնությամբ: Սա քաղաքի ենթակառուցվածքին ծանոթանալու բավականին հետաքրքիր փորձ է, որը թույլ է տալիս տեսնել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար առկա խոչընդոտները, խնդիրները: Ես ինձ պատկերացնում եմ նրանց փոխարեն եւ փորձում հասկանալ, թե ինչպես է քաղաքն աշխատում նրանց համար, ինչպես կարելի է ապահովել տարածքների հասանելիությունը բոլորի համար: Հասկացա, որ երթեւեկությունը, փողոց անցնելը երբեմն կարող են խնդիրներ առաջացնել»:

 

Երեւանում քաղաքային պլանավորման հնարավորությունները դիտարկելիս՝ Հենրիեթ Վամբերգն աշխատանքների մեկնարկի համար մեծ ներուժ է նկատել. կլիման լավն է, քաղաքը բավականին կանաչ է:

 

«Մենք հիմնականում կենտրոնանում ենք բաց տարածքների վրա, բայց երբեմն հաշվի ենք առնում, թե շենքերն ու շինություններն ինչպես են նպաստում այդ տարածքների ընկալմանը, արտաքին տեսքին: Միգուցե ներկայացնենք համաշխարհային փորձը, այլ երկրների լավագույն օրինակները: Կոպենհագենում, օրինակ, դպրոցների շենքերը դասերից հետո ավելի շատ օգտագործվում են որպես համայնքային, մշակութային կենտրոններ»:

 

Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ասել է, որ ընկերություն հետ համագործակցությունը կլինի խորհրդատվության ու նախագծերի տեսքով: Առաջարկությունները կընդունվեն միայն Երեւանի ավագանու հաստատումից եւ երեւանցիների հավանությանն արժանանալուց հետո:

 

«Gehl Architects» ընկերությունն աշխատել է ավելի քան 250 քաղաքներում, իրականացրել Կոպենհագենի, Նյու Յորքի, Մոսկվայի, Սան Ֆրանցիսկոյի եւ այլ խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները:

 

Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ ոչ միայն աշխատել, այլեւ յուրաքանչյուր քաղաքից մեծ փորձ են կուտակել: «Ակնհայտ է, որ աշխարհին մի բան էլ կմնա Երեւանից»,- ասել է Օլա Գուստաֆսոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին