Նիլ Գեյման. Կարդացեք՝ մի կողմ դնելով բոլոր գայթակղությունները - Mediamax.am

20091 դիտում

Նիլ Գեյման. Կարդացեք՝ մի կողմ դնելով բոլոր գայթակղությունները


Նիլ Գեյմանը Լուսանկարը՝
Նիլ Գեյմանը Լուսանկարը՝

Լուսանկարը` Geoff Pugh

Նիլ Գեյմանը, դերասանուհիներ Նիկոլ Քիդմանը եւ Էլ Ֆանինը, դիզայներ Սենդի Փաուէլը Կանի 2017թ. փառատոնին
Նիլ Գեյմանը, դերասանուհիներ Նիկոլ Քիդմանը եւ Էլ Ֆանինը, դիզայներ Սենդի Փաուէլը Կանի 2017թ. փառատոնին

Լուսանկարը` REUTERS


Մի քանի տարի առաջ բրիտանացի գրող Նիլ Գեյմանը The Guardian պարբերականի համար էսսե էր գրել ընթերցանության կարեւորության մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ դրանից:

 

Իսկական դրայվ

 

Գեղարվեստական գրականությունը երկու առաքելություն ունի:

 

Այն, նախեւառաջ, բացահայտում է ձեզ համար կախվածությունը ընթերցանությունից: Անհագ ցանկությունն իմանալ այն, ինչ կլինի հետո, էջը շրջելու բաղձանքը, շարունակելու անհրաժեշտությունը, նույնիսկ եթե դժվար լինի, որովհետեւ ինչ-որ մեկը փորձանքի մեջ է, եւ դու պետք է իմանաս, ինչպես այս ամենը կավարտվի… Սա է իսկական դրայվը: Այն ստիպում է իմանալ նոր բառեր, այլ կերպ մտածել, շարունակել առաջ գնալ: Բացահայտել, որ ընթերցանությունը ինքնին հաճույք է: Մեկ անգամ գիտակցելով սա՝ դուք կբռնեք անընդմեջ կարդալու ուղին:

 

Երեխաների գրագիտությունը երաշխավորելու պարզագույն միջոց է սովորեցնել նրանց կարդալ եւ ապացուցել, որ ընթերցանությունը հաճելի զբաղմունք է: Ամենապարզը՝ գտե՛ք գրքեր, որոնք նրանց դուր են գալիս, հասանելի՛ դարձրեք դրանք եւ թո՛ւյլ տվեք կարդալ:

 

Երեխաների համար գոյություն չունեն վատ հեղինակներ: Եթե երեխաները ցանկություն ունեն կարդալ նրանց ստեղծագործությունները եւ փնտրում են այդ գրքերը, որովհետեւ բոլոր երեխաները տարբեր են: Նրանք գտնում են իրենց անհրաժեշտ պատմվածքները եւ խորասուզվում դրանց մեջ: Ծեծված եւ հին գաղափարը նրանց համար ո՛չ ծեծված է, ո՛չ էլ հին: Չէ՞ որ երեխան առաջին անգամ է բացահայտում այն իր համար: Հեռու մի՛ պահեք երեխաներին ընթերցանությունից միայն այն պատճառով, որ ձեզ թվում է, թե նրանք սխալ բաներ են կարդում: Ձեզ դուր չեկած գրականությունը ուղի է դեպի այն գրքերը, որոնք ձեզ հոգեհարազատ կդառնան: Ոչ բոլորն են կիսում ձեր ճաշակը:

 

Կարեկցանքը գործիք է

 

Գեղարվեստական գրականության երկրորդ առաքելությունը կարեկցանք արթնացնելն է: Երբ դուք հաղորդում կամ ֆիլմ եք դիտում, տեսնում եք երեւույթներ, որոնք տեղի են ունենում այլ մարդկանց հետ: Գեղարվեստական արձակը դա այն է, ինչ դուք ստանում եք այբուբենի 39 տառերի եւ մի բուռ կետադրական նշանների օգնությամբ, եւ դուք միայնակ, օգտագործելով ձեր երեւակայությունը, ստեղծում եք մի աշխարհ, բնակեցնում այն եւ ձեր շուրջը նայում օտարի հայացքով: Դուք սկսում եք զգալ իրերը, այցելել վայրեր եւ աշխարհներ, որոնց մասին չէիք իմանա: Դուք հասկանում եք, որ արտաքին աշխարհը նույնպես դուք եք: Դուք ուրիշ մարդ եք դառնում, եւ երբ վերադառնաք ձեր աշխարհ, ձեր մեջ ինչ-որ փոքր բան կփոխվի:

Նիլ Գեյմանը, դերասանուհիներ Նիկոլ Քիդմանը եւ Էլ Ֆանինը, դիզայներ Սենդի Փաուէլը Կանի 2017թ. փառատոնին Նիլ Գեյմանը, դերասանուհիներ Նիկոլ Քիդմանը եւ Էլ Ֆանինը, դիզայներ Սենդի Փաուէլը Կանի 2017թ. փառատոնին

Լուսանկարը` REUTERS

Կարեկցանքը գործիք է, որը համախմբում է մարդկանց եւ թույլ է տալիս չներկայանալ որպես ինքնասիրահարված միայնակ էակներ: Գրքերում դուք նաեւ գտնում եք այս աշխարհում գոյատեւելու համար կենսական նշանակություն ունեցող որեւէ բան: Այն է՝ աշխարհը չպետք է պարտադիր լինի հենց այնպիսին, ինչպիսին որ կա: Ամեն բան կարող է փոխվել:

 

Ուրիշ աշխարհ

 

Գրականությունը կարող է ձեզ ուրիշ աշխարհ ցույց տալ: Այն կարող է տեղափոխել ձեզ մի վայր, որտեղ երբեք չեք եղել: Մեկ անգամ այցելելով ուրիշ աշխարհներ, ինչպես նրանք, ովքեր կախարդական մրգեր են համտեսել, դուք երբեք չեք կարող լիարժեք գոհ լինել այն աշխարհից, որում մեծացել եք: Դժգոհությունը լավ բան է: Դժգոհ մարդիկ կարող են կատարելագործել իրենց աշխարհները, դարձնել դրանք ավելի լավը, փոխել դրանք:

 

Գրքերը նաեւ մահացածների հետ շփման միջոց են: Դրանք միջոց են՝ դասեր քաղելու այն մարդկանցից, որոնք այլեւս մեզ հետ չեն: Մարդկությունը ստեղծել է ինքն իրեն, զարգացել, ծնել գիտելիքների նոր ձեւ, որը կարելի է զարգացնել, այլ ոչ թե անընդհատ մտապահել: Կան հեքիաթներ, որոնք շատ երկրներից մեծ են, որոնք ավելի հին են, քան մշակույթներն ու պատերը, որոնց ներսում առաջին անգամ պատմել են դրանք:

 

Երբ ոչ մեկ չի նայում հեռախոսի էկրանին

 

Մենք պետք է բարձրաձայն կարդանք մեր երեխաների համար: Կարդանք այն, ինչ նրանց ուրախացնում է: Կարդանք պատմություններ, որոնցից մենք արդեն հոգնել ենք: Խոսենք տարբեր ձայներով, հետաքրքրություն սերմանենք նրանց մոտ եւ չդադարենք կարդալ միայն այն պատճառով, որ նրանք արդեն սովորել են ընթերցել: Մենք պետք է բարձրաձայն ընթերցանությունը միասնության պահ դարձնենք, մի ժամանակահատված, երբ որեւէ մեկը չի նայում հեռախոսներին, երբ աշխարհի գայթակղությունները մի կողմ են դրված:

 

Անհատները նորից ու նորից փոխում են աշխարհը

 

Բոլորս՝ մեծ թե փոքր, գրող թե ընթերցող, պետք է երազենք: Մենք պետք է հորինենք: Հեշտ է ձեւանալ, որ ոչ ոք չի կարող ոչինչ փոխել, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հասարակությունը ահռելի է, իսկ անհատն ավելի փոքր է, քան ոչինչը, ատոմ է պատի մեջ, մի հատիկ՝ բրնձի արտում. սակայն ճշմարտությունն այն է, որ անհատները փոխում են աշխարհը նորից ու նորից, անհատները կերտում են ապագան եւ անում են դա՝ պատկերացնելով, որ իրերը կարող են այլ լինել:

 

Մի օր Ալբերտ Էյնշտեյնին հարցրել են, ինչ կարող ենք անել մեր երեխաներին ավելի  խելացի դարձնելու համար: Նրա պատասխանը պարզ էր եւ իմաստուն: Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր երեխաները խելացի լինեն, նրանց համար հեքիաթնե՛ր կարդացեք: Եթե ցանկանում եք, որպեսզի նրանք էլ ավելի խելացի լինեն, ավելի՛ շատ հեքիաթներ կարդացեք նրանց համար: Նա գիտակցում էր ընթերցանության եւ երեւակայության արժեքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին